Թվեր 31:1-54
31 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Մադիանացիներից+ վրեժ առ+ Իսրայելի որդիների համար։ Դրանից հետո կմիանաս քո ժողովրդին»+։
3 Ուստի Մովսեսն ասաց ժողովրդին. «Ձեր միջից մարդիկ սպառազինեք պատերազմի համար, որպեսզի նրանք դուրս գան Մադիանի դեմ ու Եհովայի վրեժն առնեն Մադիանից+։
4 Իսրայելի յուրաքանչյուր ցեղից հազար հոգի զորք ուղարկեք»։
5 Եվ Իսրայելի հազարավորների+ ամեն մի ցեղից նշանակվեց հազար մարդ՝ տասներկու հազար մարդ՝ պատերազմի համար սպառազինված+։
6 Մովսեսը նրանց, այսինքն՝ յուրաքանչյուր ցեղից հազար մարդ պատերազմ ուղարկեց, ինչպես նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին+, որի ձեռքում էին սուրբ իրերն ու ազդանշաններ հնչեցնելու փողերը+։
7 Նրանք պատերազմեցին Մադիանի դեմ, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր, և բոլոր տղամարդկանց սպանեցին+։
8 Նրանց կողմից սպանվածների մեջ էին նաև Մադիանի+ թագավորները՝ Եվին, Ռեկեմը, Սուրը, Հուրը և Ռոբեն՝ Մադիանի հինգ թագավորները։ Նրանք սրով սպանեցին նաև Բեորի որդի Բաղաամին+։
9 Բայց Մադիանի կանանց ու նրանց երեխաներին Իսրայելի որդիները գերի տարան+, իսկ նրանց բոլոր ընտանի կենդանիները, բոլոր անասուններն ու ամբողջ ունեցվածքը ավար վերցրին։
10 Բոլոր քաղաքները, որոնցում նրանք ապրում էին, և նրանց բոլոր պարսպապատ ճամբարները կրակով այրեցին+։
11 Նրանք վերցրին ամբողջ ավարն+ ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդկանց, թե՛ ընտանի կենդանիներին։
12 Գերիներին, կողոպուտն ու ավարը նրանք բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի որդիների մոտ՝ ճամբար, որը Մովաբի անապատային հարթավայրերում էր+՝ Հորդանանի մոտ՝ Երիքովի մոտակայքում։
13 Այդ ժամանակ Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր տոհմապետները գնացին ճամբարից դուրս՝ նրանց դիմավորելու։
14 Մովսեսը բարկացավ զորքի վրա նշանակված մարդկանց վրա+, այսինքն՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին արշավանքից։
15 Մովսեսն ասաց նրանց. «Բոլո՞ր կանանց եք ողջ թողել+։
16 Այդ նրանք էին, որ Բաղաամի խոսքով դրդեցին Իսրայելի որդիներին անհավատարմությամբ վարվելու+ Եհովայի հանդեպ Փեգորում+ պատահածի ժամանակ, այնպես որ կոտորած եկավ Եհովայի ժողովրդի վրա+։
17 Այժմ սպանե՛ք բոլոր արու երեխաներին և բոլոր կանանց, ովքեր պառկել են տղամարդկանց հետ ու հարաբերություն են ունեցել+։
18 Իսկ այն աղջիկներին, ովքեր տղամարդկանց հետ չեն պառկել, ո՛ղջ թողեք+։
19 Ինչ վերաբերում է ձեզ, ճամբարից դուրս յոթ օր բանակ դրեք։ Բոլոր նրանք, ովքեր հոգի են սպանել+, և բոլոր նրանք, ովքեր սպանվածի են դիպել+, պետք է երրորդ ու յոթերորդ օրը մաքրվեն+, ինչպես դուք, այնպես էլ ձեր գերիները։
20 Մեղքից մաքրե՛ք բոլոր հանդերձները, կաշվե բոլոր իրերը, այծի մազից պատրաստված բոլոր բաները և բոլոր փայտե իրերը»+։
21 Այդ ժամանակ Եղիազար քահանան պատերազմի գնացած ռազմիկներին ասաց. «Սա է օրենքի այն կանոնը, որ Եհովան պատվիրեց Մովսեսին.
22 «Միայն ոսկին ու արծաթը, պղինձը, երկաթը, անագն ու կապարը՝
23 այն ամենը, ինչը կրակով է մշակվում+, անցկացրեք կրակի միջով, և այն մաքուր կլինի։ Դրանք պետք է մաքրվեն նաև մաքրման ջրով+։ Իսկ այն ամենը, ինչը կրակով չի մշակվում, պետք է ջրի միջով անցկացնեք+։
24 Յոթերորդ օրը պետք է լվանաք ձեր հանդերձները և հետո մաքուր կլինեք. այնուհետև կարող եք ճամբար մտնել»»+։
25 Եհովան Մովսեսին ասաց.
26 «Եղիազար քահանայի ու ժողովրդի տոհմերի գլուխների հետ հաշվիր ավարը՝ թե՛ գերի տարված մարդկանց, թե՛ ընտանի կենդանիներին։
27 Արշավանքի գնացած ռազմիկների և ժողովի մյուս մարդկանց միջև ավարը երկու մասի բաժանիր+։
28 Արշավանքի գնացած ռազմիկներից որպես Եհովային տրվող հարկ+ վերցրու մեկ հոգի հինգ հարյուրի միջից, ինչպես մարդկանցից, այնպես էլ խոշոր անասուններից, էշերից և մանր անասուններից։
29 Նրանց ունեցած մասից վերցրու դրանք և տուր Եղիազար քահանային որպես Եհովային տրված նվիրաբերություն+։
30 Իսկ Իսրայելի որդիների ունեցած մասից վերցրու հիսունից մեկը՝ մարդկանցից, խոշոր անասուններից, էշերից, մանր անասուններից՝ ամեն տեսակ ընտանի կենդանիներից, և տուր ղևտացիներին+, ովքեր Եհովայի խորանում պարտականություններ ունեն»+։
31 Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր։
32 Ավարը, որ մնացել էր այն ամենից, ինչը արշավանքի գնացածները կողոպտել էին, կազմում էր վեց հարյուր յոթանասունհինգ հազար մանր անասուն,
33 յոթանասուներկու հազար խոշոր անասուն
34 և վաթսունմեկ հազար էշ։
35 Իսկ մարդկանցից*+՝ այն կանանցից, ովքեր չէին պառկել տղամարդկանց հետ+, բոլոր հոգիների թիվը երեսուներկու հազար էր։
36 Արշավանքի գնացածներին բաժին ընկած մասը կազմում էր երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր մանր անասուն։
37 Եվ մանր անասուններից Եհովային տրված հարկը+ վեց հարյուր յոթանասունհինգ էր։
38 Խոշոր անասունները երեսունվեց հազար էին, իսկ դրանց համար Եհովային տրված հարկը՝ յոթանասուներկու։
39 Էշերը երեսուն հազար հինգ հարյուր էին, իսկ դրանց համար Եհովային տրված հարկը՝ վաթսունմեկ։
40 Մարդիկ* տասնվեց հազար էին, իսկ նրանց համար Եհովային տրված հարկը՝ երեսուներկու հոգի։
41 Հետո Մովսեսն այդ հարկը տվեց Եղիազար քահանային որպես Եհովային տրված նվիրաբերություն+, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր+։
42 Եվ Իսրայելի որդիներին պատկանող մասը, որը Մովսեսն առանձնացրեց պատերազմողների բաժնից, սա էր.
43 ժողովի ունեցած մասը երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր մանր անասուն էր,
44 երեսունվեց հազար խոշոր անասուն,
45 երեսուն հազար հինգ հարյուր էշ
46 և տասնվեց հազար մարդ*։
47 Իսրայելի որդիներին պատկանող մասից Մովսեսը վերցրեց հիսունից մեկը, ինչպես մարդկանցից, այնպես էլ ընտանի կենդանիներից, ու տվեց ղևտացիներին+, ովքեր Եհովայի խորանում պարտականություններ ունեին+. նա արեց այնպես, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։
48 Նշանակված մարդիկ+, ովքեր զորքի ստորաբաժանումներից էին, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները+, մոտեցան Մովսեսին
49 ու ասացին նրան. «Քո ծառաները հաշվել են մեր տրամադրության տակ եղող ռազմիկներին և պարզել, որ ոչ ոք չի կորել+։
50 Ուստի մեզնից ամեն մեկը, ինչ որ գտել է, թող բերի ու Եհովային ընծա մատուցի+՝ ոսկե իրեր, ոտքի օղակներ, ապարանջաններ, կնքամատանիներ+, ականջօղեր, կանացի զարդեր+, որպեսզի Եհովայի առաջ քավություն արվի մեր հոգիների համար»։
51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից ընդունեցին ոսկին+՝ բոլոր թանկարժեք իրերը։
52 Հազարապետների և հարյուրապետների նվիրաբերած ամբողջ ոսկին, որը նվիրաբերեցին Եհովային, կազմեց տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ։
53 Ռազմիկներից ամեն մեկը կողոպուտից բաժին վերցրեց իր համար+։
54 Այդպես՝ Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից ու հարյուրապետներից ընդունեցին ոսկին ու տարան հանդիպման վրան, որպեսզի դա հօգուտ Իսրայելի որդիների Եհովայի առաջ հիշատակ ծառայի+։