Թվեր 5:1-31
5 Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Պատվիրիր Իսրայելի որդիներին, որ ճամբարից հեռացնեն ամեն բորոտի+, ամեն արտահոսում+ ունեցողի և ամեն մարդու, որը անմաքուր է դարձել՝ մահացած հոգու դիպչելով+։
3 Լինի տղամարդ թե կին՝ դուք պետք է հեռացնեք նրան։ Ճամբարից դուրս հանեք նրան+, որպեսզի չպղծի+ ճամբարում եղող մարդկանց, որոնց մեջ ես բնակվում եմ»+։
4 Իսրայելի որդիները այդպես էլ արեցին. ճամբարից հեռացրին նրանց։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Եհովան ասել էր Մովսեսին։
5 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
6 «Իսրայելի որդիներին ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին գործի այն մեղքերից որևէ մեկը, որ մարդիկ գործում են, ու Եհովայի հանդեպ անհավատարմությամբ վարվի, ապա այդ հոգին հանցավոր կլինի+։
7 Նա պետք է խոստովանի+ իր գործած մեղքը և իր գործած հանցանքի դիմաց ամբողջությամբ հատուցի հասցված վնասը ու դրան ավելացնի վնասի հինգերորդ մասը+։ Դա պետք է տա նրան, ում հանդեպ անիրավություն է արել։
8 Սակայն եթե տուժածը մոտ ազգական չունի, որին հանցավորը կարող է փոխհատուցել իր հանցանքի համար, ապա Եհովային տրվող այդ հատուցումը քահանային է պատկանում, բացառությամբ քավության խոյի, որով քահանան քավություն է անելու նրա համար+։
9 Իսրայելի որդիների բոլոր սուրբ+ նվիրաբերությունները+, որոնք նրանք կբերեն քահանային, նրանը պետք է լինեն+։
10 Այն սուրբ բաները, որ յուրաքանչյուրը կբերի, նրան կպատկանի։ Ինչ էլ որ ամեն մեկը տա քահանային, նրանը կլինի»»։
11 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
12 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Եթե մի մարդու կին շեղվի ճանապարհից ու նրա հանդեպ անհավատարմությամբ վարվի+
13 և ուրիշ տղամարդ պառկի նրա հետ ու սերմ թափի+ և դա ծածկված լինի նրա ամուսնու աչքից+ ու չբացահայտվի, եթե կինը պղծվի, սակայն նրա դեմ վկա չլինի ու նրան չբռնեն,
14 ու եթե ամուսնու վրա խանդի+ ոգի գա, նա կասկածի իր կնոջը անհավատարմության մեջ և վերջինս իրականում իրեն պղծած լինի, կամ եթե ամուսնու վրա խանդի ոգի գա, նա կասկածի իր կնոջը անհավատարմության մեջ, բայց վերջինս իրականում իրեն պղծած չլինի,
15 ապա ամուսինը իր կնոջը պետք է բերի քահանայի մոտ+ և նրա հետ բերի նրա ընծան՝ գարու ալյուր՝ արդուի* մեկ տասներորդ չափով։ Նա չպետք է դրա վրա յուղ լցնի, ոչ էլ պետք է կնդրուկ+ դնի դրա վրա, քանի որ դա խանդին առնչվող հացի ընծա է՝ հիշեցման հացի ընծա, որը հիշեցնում է հանցանքի մասին։
16 Քահանան պետք է նրան բերի ու կանգնեցնի Եհովայի առաջ+։
17 Քահանան կավե անոթի մեջ սուրբ ջուր կլցնի և խորանի հատակից հող կվերցնի ու կլցնի ջրի մեջ։
18 Նա կնոջը կկանգնեցնի Եհովայի առաջ, կարձակի կնոջ գլխի մազերը և հիշեցման հացի ընծան, այսինքն՝ խանդին առնչվող հացի ընծան+, կդնի նրա ձեռքերի ափերին, իսկ քահանայի ձեռքում կլինի անեծք բերող դառը ջուրը+։
19 Քահանան պետք է երդվել տա կնոջը ու ասի. «Եթե ոչ մի մարդ չի պառկել քեզ հետ ու եթե դու, լինելով քո ամուսնու իշխանության տակ+, չես շեղվել ճանապարհից և անմաքրություն չես արել, ապա անեծք բերող այս դառը ջուրը քեզ վնաս չի տա։
20 Սակայն եթե դու, լինելով ամուսնուդ իշխանության տակ+, շեղվել ես ճանապարհից, պղծել ես քեզ և բացի քո ամուսնուց, ուրիշ տղամարդ հարաբերություն է ունեցել քեզ հետ...»+
21 Այդ ժամանակ քահանան պետք է երդվել տա կնոջը անեծք պարունակող երդումով+ և ասի. «Թող Եհովան քո ժողովրդի մեջ քեզ անեծքի ու երդման առարկա դարձնի, և թող Եհովան այնպես անի, որ քո ազդրը*+ չորանա և քո որովայնը ուռչի։
22 Եվ թող անեծք բերող այս ջուրը լցվի փորոտիքիդ մեջ, որպեսզի որովայնդ ուռչի և ազդրդ չորանա»։ Այդ ժամանակ կինը պետք է ասի. «Ամե՛ն, ամե՛ն*»։
23 Քահանան այս անեծքները պետք է գրի առնի գրքի մեջ+ ու դրանք ջնջի+ դառը ջրի մեջ։
24 Նա պետք է խմեցնի կնոջը անեծք բերող դառը ջուրը+, և այդ դառը ջուրը կլցվի նրա մեջ որպես դառնություն։
25 Քահանան խանդին առնչվող հացի ընծան+ կվերցնի կնոջ ձեռքից, կերերացնի այն Եհովայի առաջ ու կմոտեցնի զոհասեղանին։
26 Քահանան հացի ընծայի մի մասը կվերցնի որպես հիշեցում+ և այն կայրի* զոհասեղանի վրա։ Դրանից հետո կնոջը կխմեցնի ջուրը։
27 Երբ նա կնոջը խմեցնի ջուրը, ու եթե նա պղծել է իրեն, անհավատարմությամբ է վարվել իր ամուսնու հանդեպ+, ապա անեծք բերող ջուրը կլցվի նրա մեջ որպես դառնություն, ու նրա որովայնը կուռչի, նրա ազդրը կչորանա, և կինը անեծքի առարկա կդառնա իր ժողովրդի մեջ+։
28 Սակայն եթե կինը չի պղծել իրեն ու մաքուր է, ապա նա ազատ կլինի այդ պատժից+. նա կհղիանա։
29 Սա է խանդի մասին օրենքը+, երբ կինը, լինելով իր ամուսնու իշխանության տակ+, շեղվում է+ ճանապարհից և պղծում իրեն
30 կամ երբ տղամարդու վրա խանդի ոգի է գալիս, և նա իր կնոջը կասկածում է անհավատարմության մեջ։ Նա իր կնոջը պետք է կանգնեցնի Եհովայի առաջ, և քահանան նրա հետ պետք է վարվի այս օրենքի համաձայն։
31 Տղամարդը անմեղ կլինի հանցանքից, բայց կինը պատասխան կտա իր հանցանքի համար»»։