Թվեր 9:1-23
9 Եհովան շարունակեց Սինա անապատում խոսել Մովսեսի հետ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա առաջին ամսում+։ Նա ասաց.
2 «Նշանակված ժամանակին+ Իսրայելի որդիները պետք է պատրաստեն Պասեքի+ զոհը։
3 Այս ամսվա տասնչորսերորդ օրը՝ երկու երեկոների միջև*+, նշանակված ժամանակին դուք պետք է պատրաստեք այն։ Այն պատրաստեք դրան վերաբերող բոլոր կանոնների և կարգադրությունների համաձայն»+։
4 Մովսեսը Իսրայելի որդիներին ասաց, որ պատրաստեն Պասեքի զոհը։
5 Եվ Սինա անապատում առաջին ամսում՝ ամսվա տասնչորսերորդ օրը՝ երկու երեկոների միջև նրանք պատրաստեցին Պասեքի զոհը։ Իսրայելի որդիներն ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր+։
6 Այնպես եղավ, որ որոշ մարդիկ անմաքուր էին դարձել՝ մահացած հոգու դիպչելով+, և այդ օրը չկարողացան պատրաստել Պասեքի զոհը։ Ուստի այդ օրը նրանք եկան Մովսեսի և Ահարոնի մոտ+
7 ու նրան ասացին. «Մենք անմաքուր ենք, քանի որ մահացած հոգու ենք դիպել։ Սակայն ինչո՞ւ պետք է զրկվենք Իսրայելի որդիների հետ նշանակված ժամանակին Եհովային ընծա բերելուց»+։
8 Մովսեսն էլ ասաց նրանց. «Կանգնե՛ք այդտեղ, իսկ ես լսեմ, թե Եհովան ինչ կպատվիրի ձեր մասին»+։
9 Այդ ժամանակ Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
10 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Եթե ձեզնից կամ ձեր սերունդներից որևէ մեկը անմաքուր լինի որևէ մահացած հոգու+ դիպչելու պատճառով կամ հեռավոր ճամփորդության մեջ լինի, նա նույնպես պետք է պատրաստի Պասեքի զոհը Եհովայի համար։
11 Այն պետք է պատրաստեն երկրորդ ամսվա+ տասնչորսերորդ օրը՝ երկու երեկոների միջև։ Անթթխմոր հացով ու դառը խոտերով պետք է ուտեն այն+։
12 Դրանից ոչինչ չպետք է թողնեն մինչև առավոտ+ և դրա մի ոսկորն անգամ չպետք է կոտրեն+։ Այն պետք է պատրաստեն Պասեքի վերաբերյալ բոլոր կանոնների համաձայն+։
13 Սակայն եթե մի մարդ մաքուր լինի կամ ճամփորդության մեջ չլինի և Պասեքի զոհը չպատրաստի, ապա այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից+, որովհետև Եհովայի ընծան նշանակված ժամանակին չի բերել։ Այդ մարդը պատասխան կտա իր մեղքի համար+։
14 Եթե մեկը պանդխտանա ձեզ մոտ, ապա նա նույնպես պետք է պատրաստի Պասեքի զոհը Եհովայի համար+։ Այն պետք է պատրաստի Պասեքին վերաբերող կանոնների և կարգադրությունների համաձայն+։ Ձեզ համար մեկ կանոն պետք է լինի, ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի համար»»+։
15 Խորանը կանգնեցնելու օրը+ ամպը ծածկեց խորանը, այսինքն՝ վկայության վրանը+, բայց երեկոյան կրակի+ նմանությամբ մի բան մնաց խորանի վերևում մինչև առավոտ։
16 Միշտ այդպես էր լինում. ցերեկը ամպն էր ծածկում այն, իսկ գիշերը՝ կրակի նման մի բան+։
17 Ամեն անգամ, երբ ամպը բարձրանում էր վրանից, Իսրայելի որդիներն անմիջապես ճանապարհ էին ընկնում+, և այն վայրում, որտեղ ամպը կանգ էր առնում, Իսրայելի որդիները ճամբար էին դնում+։
18 Եհովայի կարգադրությամբ Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում ու Եհովայի կարգադրությամբ ճամբար էին դնում+։ Այն բոլոր օրերին, երբ ամպը կանգնած էր մնում խորանի վերևում, նրանք ճամբար դրած մնում էին։
19 Երբ ամպը բազում օրեր էր մնում խորանի վերևում, Իսրայելի որդիները հնազանդվում էին Եհովայի պատվերին և ճանապարհ չէին ընկնում+։
20 Երբեմն ամպը մի քանի օր էր մնում խորանի վերևում։ Եհովայի կարգադրությամբ+ նրանք ճամբար դրած մնում էին ու Եհովայի կարգադրությամբ ճանապարհ էին ընկնում։
21 Երբեմն էլ ամպը+ մնում էր երեկոյից առավոտ և առավոտյան բարձրանում էր, ու նրանք ճանապարհ էին ընկնում։ Երբ էլ որ ամպը բարձրանար՝ ցերեկը թե գիշերը, նրանք ճանապարհ էին ընկնում+։
22 Որքան ժամանակ որ ամպը կանգնած մնար խորանի վերևում՝ երկու օր, մեկ ամիս թե ավելի շատ օրեր, Իսրայելի որդիները ճամբար դրած մնում էին ու ճանապարհ չէին ընկնում, բայց երբ բարձրանում էր, ճանապարհ էին ընկնում+։
23 Եհովայի կարգադրությամբ նրանք ճամբար էին դնում ու Եհովայի կարգադրությամբ ճանապարհ էին ընկնում։ Նրանք հնազանդվում էին Եհովային+՝ կատարելով այն պատվերը, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով+։