Ծննդոց 17:1-27

17  Երբ Աբրամը իննսունինը տարեկան էր, Եհովան հայտնվեց նրան+ ու ասաց. «Ես եմ Ամենակարող+ Աստվածը։ Քայլիր իմ առաջ և անարատ+ եղիր։  Իմ ուխտը կհաստատեմ իմ ու քո միջև+, և դրա շնորհիվ խիստ կշատացնեմ քո սերունդը»+։  Դա լսելով՝ Աբրամը երեսնիվայր+ ընկավ, և Աստված շարունակեց խոսել նրա հետ՝ ասելով.  «Իմ ուխտը քեզ+ հետ է, և դու անպատճառ բազում ազգերի հայր+ պիտի դառնաս։  Քո անունը այլևս Աբրամ* չպիտի լինի, այլ քո անունը Աբրահամ* պիտի լինի, որովհետև քեզ բազում ազգերի հայր եմ դարձնելու։  Ես խիստ կբազմացնեմ քո սերունդը, քեզնից ազգեր կստեղծեմ, ու քեզնից թագավորներ կսերվեն+։  Ես կկատարեմ իմ ուխտը, որը հավիտենական*+ ուխտ է և հաստատված է իմ ու քո+, ինչպես նաև քեզնից հետո եկող քո սերնդի միջև՝ իր գալիք սերունդներով, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար+։  Քեզ և քեզնից հետո եկող քո սերնդին պիտի տամ քո պանդխտության+ երկիրը, այո՛, Քանանի ողջ երկիրը՝ այն դարեդար տիրելու համար, և ես նրանց համար Աստված կլինեմ»+։  Այնուհետև Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պետք է պահես իմ ուխտը, դու և քեզնից հետո եկող քո սերունդը՝ իր գալիք սերունդներով+։ 10  Սա է իմ ու ձեր և ձեզնից հետո եկող ձեր սերնդի միջև հաստատված ուխտը+, որ պիտի պահեք. ձեր մեջ ամեն տղամարդ* պետք է թլփատվի+։ 11  Դուք պետք է կտրեք ձեր մարմնի թլիփը, և դա որպես նշան կծառայի այն ուխտի, որը իմ ու ձեր միջև է+։ 12  Ձեր մեջ գտնվող ութ օրական յուրաքանչյուր տղա՝ թե՛ տանը ծնված և թե՛ օտարականից փողով գնված յուրաքանչյուր մարդ, որ քո սերնդից չէ, պետք է թլփատվի+։ Դա պետք է արվի սերնդեսերունդ։ 13  Քո տանը ծնված, նաև փողով գնված յուրաքանչյուր տղամարդ անպատճառ պետք է թլփատվի+։ Իմ ուխտը, որը որպես նշան է ծառայում ձեր մարմնի վրա, հավիտենական ուխտ կլինի+։ 14  Իսկ այն անթլփատ տղամարդը, որը չի կտրի իր մարմնի թլիփը, այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից+. նա դրժել է իմ ուխտը»։ 15  Ապա Աստված ասաց Աբրահամին. «Ինչ վերաբերում է քո կին Սարային, դու նրան չպետք է Սարա* կոչես, որովհետև նրա անունը Սառա*+ է։ 16  Ես կօրհնեմ նրան և քեզ որդի կտամ նրանից+, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր+ ու ժողովուրդների թագավորներ կսերվեն»+։ 17  Դա լսելով՝ Աբրահամը երեսնիվայր ընկավ։ Հետո նա ծիծաղեց ու իր սրտում ասաց+. «Մի՞թե հարյուր տարեկան մարդը երեխա կունենա, և մի՞թե Սառան՝ իննսուն տարեկան կինը, կծնի»+։ 18  Դրանից հետո Աբրահամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող Իսմայելը ապրի քո առաջ»+։ 19  Իսկ Աստված ասաց. «Քո կին Սառան անպատճառ որդի կծնի քեզ համար, և դու նրա անունը Իսահակ+ պիտի դնես։ Իմ ուխտը կհաստատեմ նրա հետ որպես հավիտենական ուխտ՝ նրանից հետո եկող իր սերնդի համար+։ 20  Իսկ ինչ վերաբերում է Իսմայելին, ես լսեցի քեզ։ Ես կօրհնեմ նրան և խիստ կբազմացնեմ ու կշատացնեմ նրա սերունդը+։ Նրանից տասներկու տոհմապետներ առաջ կգան, և ես նրանից մեծ ազգ+ կստեղծեմ։ 21  Սակայն իմ ուխտը Իսահակի+ հետ կհաստատեմ, որին Սառան կծնի քեզ համար նշանակված ժամանակին՝ հաջորդ տարի+ այս ժամանակ»։ 22  Այդ խոսքերով Աստված վերջացրեց Աբրահամի հետ խոսելը ու հեռացավ նրանից+։ 23  Հետո Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր տան մեջ ծնված բոլոր տղամարդկանց, բոլոր նրանց, ովքեր փողով գնվել էին, ինչպես նաև Աբրահամի տնեցիներից ամեն տղամարդու և հենց նույն օրը կտրեց նրանց մարմնի թլիփը, ինչպես որ Աստված ասել էր իրեն+։ 24  Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ նրա մարմնի թլիփը կտրվեց+։ 25  Իսկ նրա որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ նրա մարմնի թլիփը կտրվեց+։ 26  Հենց նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու նրա որդի Իսմայելը+։ 27  Նրա հետ թլփատվեցին իր տան բոլոր տղամարդիկ, իր տան մեջ բոլոր ծնվածները և օտարականներից փողով գնվածները+։

Ծանոթագրություններ

Նշ. է «ցնծության հայր»։
Նշ. է «բազմության հայր»։
Տե՛ս 3։22-ի ծնթ.։
Բռց.՝ «ամեն արու», այդ թվում տղա երեխաները։
Հվնբր նշ. է «կռվարար»։
Նշ. է «իշխանուհի»։