Ծննդոց 18:1-33
18 Ավելի ուշ, երբ Աբրահամը օրվա շոգ+ ժամանակ նստած էր վրանի մուտքի մոտ, Եհովան հայտնվեց+ նրան Մամբրեի+ մեծ ծառերի մոտ։
2 Բարձրացնելով աչքերը+՝ նա տեսավ երեք տղամարդկանց, որոնք կանգնած էին իրենից որոշ հեռավորության վրա։ Նրանց տեսնելուն պես վրանի մուտքի մոտից վազեց, որ դիմավորի, և մինչև գետին+ խոնարհվեց։
3 Նա ասաց. «Եհո՛վա, եթե քո աչքում հաճություն գտա, խնդրում եմ, մի՛ անցիր ծառայիդ կողքով+։
4 Խնդրում եմ, թող մի քիչ ջուր բերեն ու ձեր ոտքերը լվանան+, ապա թիկնեք ծառի տակ+։
5 Իսկ ես մի կտոր հաց բերեմ, և դուք զորացրեք ձեր սրտերը+, որովհետև դրա համար եք այս ճանապարհն անցել, որ գաք ձեր ծառայի մոտ։ Իսկ դրանից հետո կարող եք շարունակել ձեր ճամփան»։ Նրանք էլ ասացին. «Շա՛տ լավ։ Արա այնպես, ինչպես ասացիր»։
6 Ուստի Աբրահամը շտապ գնաց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, վերցրո՛ւ երեք գրիվ* բարձրորակ ալյուր, խմո՛ր հունցիր և բլիթնե՛ր+ պատրաստիր»։
7 Այնուհետև Աբրահամը վազեց նախրի կողմը, ընտրեց մի մատղաշ, լավ ցուլ ու տվեց իր ծառային, և նա շտապեց պատրաստելու այն+։
8 Հետո վերցրեց կարագ, կաթ և պատրաստված ցուլը ու դրեց նրանց առաջ+։ Իսկ ինքը, մինչ նրանք ուտում էին, կանգնել էր նրանց կողքին՝ ծառի տակ+։
9 Ապա նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո կին+ Սառան»։ Նա էլ պատասխանեց. «Այստեղ՝ վրանում»+։
10 Նրանցից մեկը շարունակեց. «Ես անպատճառ կվերադառնամ քեզ մոտ մյուս տարի այս ժամանակ, և քո կին Սառան որդի+ կունենա»։ Իսկ Սառան լսում էր վրանի մուտքի մոտ՝ այդ մարդու հետևում։
11 Աբրահամն ու Սառան ծեր էին, տարիքն առած+, և Սառայի դաշտանը+ դադարել էր։
12 Ուստի Սառան իր մտքում+ ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես իսկապես ուրախություն պիտի ունենամ, երբ արդեն զառամյալ եմ, և տերս էլ ծեր է»+։
13 Այդ ժամանակ Եհովան ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց ու ասաց՝ «մի՞թե իսկապես կարող եմ ծնել, չէ՞ որ ես ծեր եմ»+։
14 Կա՞ արդյոք Եհովայի+ համար որևէ անհնարին բան։ Նշանակված ժամանակին՝ հաջորդ տարի այս ժամանակ, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի կունենա»։
15 Բայց Սառան վախեցավ, ուստի ժխտելով ասաց. «Ես չծիծաղեցի»։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»+։
16 Հետո այդ մարդիկ վեր կացան, որ գնան, և նայեցին Սոդոմի+ ուղղությամբ, իսկ Աբրահամը գնում էր նրանց հետ, որ ճանապարհ դնի+։
17 Եհովան ասաց. «Մի՞թե Աբրահամից ծածկելու եմ իմ անելիքը+։
18 Աբրահամն, անկասկած, մեծ ու հզոր ազգ է դառնալու, և երկրի բոլոր ազգերը նրանով+ պիտի օրհնվեն*։
19 Ես մտերմացա նրա հետ, որպեսզի նա իր որդիներին և իրենից հետո եկող իր տնեցիներին պատվիրի պահել Եհովայի ճանապարհը՝ արդարություն և դատաստան իրագործելու համար+, որպեսզի Եհովան Աբրահամի վրա իրականացնի այն ամենը, ինչ ասել է նրա+ մասին»։
20 Ապա Եհովան ասաց. «Մեծ է Սոդոմի ու Գոմորի համար արված բողոքի աղաղակը+, և նրանց մեղքը շատ ծանր է+։
21 Ես վճռել եմ իջնել ու տեսնել, թե արդյոք նրանց գործերը համապատասխանո՞ւմ են ինձ հասած աղաղակին, իսկ եթե ոչ՝ իմանամ»+։
22 Դրանից հետո այդ մարդիկ այնտեղից շրջվեցին ու գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Եհովան+ դեռ կանգնած էր Աբրահամի առաջ+։
23 Աբրահամը մոտեցավ ու ասաց. «Մի՞թե դու արդարին ամբարշտի հետ կկործանես+։
24 Գուցե քաղաքի մեջ հիսուն արդար մարդ կա։ Մի՞թե նրանց կկործանես և չես խնայի այդ վայրը հանուն այնտեղ գտնվող հիսուն արդարի+։
25 Անհնար է, որ դու այդպես վարվես, արդար մարդուն ամբարշտի հետ սպանես, որպեսզի արդար մարդուն պատահի այն, ինչ ամբարշտին+։ Դա անհնար է+։ Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»+։
26 Եհովան պատասխանեց. «Եթե Սոդոմում հիսուն արդար մարդ գտնեմ, հանուն նրանց կխնայեմ ամբողջ այդ վայրը»+։
27 Բայց Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ։ Ես համարձակվեցի խոսել Եհովայի հետ, մինչդեռ փոշի ու մոխիր եմ+։
28 Գուցե հիսուն արդարից հինգը պակասի։ Մի՞թե այդ հինգի պատճառով ամբողջ քաղաքը կկործանես»։ Նա էլ պատասխանեց. «Եթե այնտեղ քառասունհինգի էլ գտնեմ, չեմ կործանի»+։
29 Բայց Աբրահամը կրկին խոսեց նրա հետ ու ասաց. «Գուցե քառասունը գտնվեն այնտեղ»։ Նա էլ ասաց. «Հանուն քառասունի էլ չեմ անի այդ բանը»։
30 Բայց նա շարունակեց. «Խնդրում եմ, թող Եհովայի բարկությունը+ չբորբոքվի, այլ թույլ տուր ինձ շարունակել խոսքս+։ Գուցե երեսունը գտնվեն այնտեղ»։ Նա ասաց. «Եթե այնտեղ երեսունի էլ գտնեմ, չեմ անի այդ բանը»։
31 Բայց Աբրահամը շարունակեց. «Ես համարձակվեցի խոսել Եհովայի հետ+։ Գուցե քսանը գտնվեն այնտեղ»։ Նա էլ ասաց. «Հանուն քսանի էլ չեմ կործանի»+։
32 Ի վերջո, Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, թող Եհովայի բարկությունը+ չբորբոքվի, այլ թույլ տուր ինձ այս անգամ էլ խոսել+։ Գուցե տասը գտնվեն այնտեղ»։ Նա ասաց. «Հանուն տասի էլ չեմ կործանի»+։
33 Աբրահամի հետ խոսելուց հետո Եհովան+ գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր տուն։