Ծննդոց 26:1-35
26 Երկրում սով եղավ, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում+։ Ուստի Իսահակը գնաց Գերար+՝ փղշտացիների թագավոր Աբիմելեքի մոտ։
2 Այդ ժամանակ Եհովան հայտնվեց նրան ու ասաց+. «Մի՛ իջիր Եգիպտոս։ Վրաններում բնակվիր այն երկրում, որը ցույց կտամ քեզ+։
3 Որպես պանդուխտ բնակվիր այդ երկրում+, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև այս բոլոր երկրները+ քեզ ու քո սերնդին եմ տալու, և ես կկատարեմ իմ երդումը, որ տվեցի քո հայր+ Աբրահամին՝
4 ասելով՝ «ես կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ ու քո սերնդին կտամ այս բոլոր երկրները+, և քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն*»+
5 այն բանի շնորհիվ, որ Աբրահամը լսեց իմ ձայնին ու պահեց այն ամենը, ինչ պահանջել էի՝ իմ հրամանները, կանոններն ու օրենքները»+։
6 Եվ Իսահակը շարունակեց ապրել Գերարում+։
7 Երբ այնտեղի մարդիկ Իսահակին հարցնում էին իր կնոջ մասին, նա ասում էր՝ «նա իմ քույրն է»+։ Նա վախենում էր ասել՝ իմ կինն է՝ մտածելով, թե՝ «այստեղի մարդիկ կսպանեն ինձ Ռեբեկայի պատճառով», որովհետև նա հրապուրիչ էր+։
8 Իսահակը արդեն շատ օրեր էր ապրել այնտեղ, երբ մի անգամ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պատուհանից նայելիս տեսավ, թե ինչպես է Իսահակը փաղաքշում իր կնոջը+՝ Ռեբեկային։
9 Աբիմելեքն անմիջապես կանչեց Իսահակին ու ասաց. «Փաստորեն, նա քո կի՛նն է։ Այդ դեպքում ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է»։ Իսահակն ասաց նրան. «Այդպես ասացի, որ հանկարծ նրա պատճառով չմեռնեմ»+։
10 Բայց Աբիմելեքը շարունակեց. «Այս ի՞նչ արեցիր մեզ+։ Քիչ էր մնում ժողովրդի միջից ինչ-որ մեկը պառկեր կնոջդ հետ, և դու մեզ հանցավոր դարձնեիր»+։
11 Հետո Աբիմելեքը պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ դիպչի այս մարդուն ու նրա կնոջը, անպատճառ պիտի սպանվի»։
12 Դրանից հետո Իսահակը սկսեց սերմ ցանել այդ երկրում+ և այդ տարի իր ցանածից հարյուրապատիկ ավել ստացավ+, քանի որ Եհովան օրհնել էր նրան+։
13 Արդյունքում այդ մարդը հարստացավ և գնալով ավելի ու ավելի էր հարստանում, մինչև որ շատ հարուստ դարձավ+։
14 Նա ոչխարների հոտեր, խոշոր անասունների նախիրներ ու շատ ծառաներ+ ունեցավ, այնպես որ փղշտացիները սկսեցին նախանձել նրան+։
15 Իսկ ինչ վերաբերում է այն բոլոր ջրհորներին, որ Իսահակի հոր ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում+, փղշտացիները դրանց մեջ հող լցրին ու ծածկեցին+։
16 Ի վերջո, Աբիմելեքն ասաց նրան. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր ես դարձել»+։
17 Իսահակն էլ հեռացավ այնտեղից, ճամբար դրեց Գերարի+ գետահովտում* և այնտեղ բնակություն հաստատեց։
18 Իսահակը կրկին փորեց այն ջրհորները, որ ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում, իսկ փղշտացիները ծածկել էին Աբրահամի մահից հետո+։ Իսահակը դրանք կոչեց այն նույն անուններով, որոնցով իր հայրն էր կոչել+։
19 Իսահակի ծառաները շարունակեցին փորել այդ հովտում ու գտան մի ջրհոր, որում խմելու ջուր կար։
20 Գերարի հովիվները վիճեցին Իսահակի հովիվների հետ+՝ ասելով. «Ջուրը մերն է»։ Այդ պատճառով նա այդ ջրհորի անունը Էսեք* դրեց, քանի որ նրանք վիճել էին իր հետ։
21 Նրանք մեկ ուրիշ ջրհոր փորեցին ու դրա համար նույնպես վիճեցին։ Ուստի նա այն Սիթնա* կոչեց։
22 Ավելի ուշ նա հեռացավ այդտեղից ու մեկ ուրիշ ջրհոր փորեց+, բայց դրա համար այլևս չվիճեցին։ Ուստի այն Ռոհոբոթ* կոչեց՝ ասելով. «Այժմ Եհովան մեզ լայնարձակ տեղ+ է տվել ու մեզ երկրում պտղաբեր է դարձրել»+։
23 Այնտեղից նա գնաց Բերսաբեե+։
24 Այդ գիշեր Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես եմ քո հայր Աբրահամի Աստվածը+։ Մի՛ վախեցիր+, որովհետև ես քեզ հետ եմ, ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը հանուն իմ ծառա Աբրահամի»+։
25 Իսահակը զոհասեղան շինեց այնտեղ ու կանչեց* Եհովայի+ անունը։ Այնտեղ նա վրան+ կանգնեցրեց, իսկ նրա ծառաները ջրհոր փորեցին։
26 Ավելի ուշ Աբիմելեքը իր մտերիմ ընկեր Ոքոզաթի և իր բանակի զորագլուխ Փիքողի հետ Գերարից եկավ նրա մոտ+։
27 Իսահակը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ։ Չէ՞ որ դուք ատում էիք ինձ և ձեր մոտից ինձ դուրս արեցիք»+։
28 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է+։ Դրա համար որոշեցինք ասել. «Խնդրում ենք, թող որ պարտավորության երդում լինի մեր միջև+՝ մեր ու քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ+,
29 որպեսզի դու մեր հանդեպ ոչ մի վատ բան չանես, ինչպես որ մենք չդիպանք քեզ և լավ վերաբերվեցինք քեզ՝ խաղաղությամբ+ ուղարկելով։ Դու Եհովայի օրհնյալն ես»»+։
30 Դրանից հետո Իսահակը խնջույք արեց նրանց համար, և նրանք կերան ու խմեցին+։
31 Վաղ առավոտյան վեր կացան և միմյանց երդումներ տվեցին+։ Հետո Իսահակը ուղարկեց նրանց, ու նրանք խաղաղությամբ+ գնացին նրա մոտից։
32 Այդ օրը Իսահակի ծառաները եկան ու հայտնեցին նրան իրենց փորած+ ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր ենք գտել»։
33 Ուստի դրա անունը Սաբեե* դրեց։ Ահա թե ինչու մինչև օրս այդ քաղաքի անունը Բերսաբեե*+ է։
34 Եսավը դարձավ քառասուն տարեկան։ Նա իր համար կին առավ քետացի Բեերի աղջիկ Հուդիթին, նաև քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին+։
35 Նրանք շատ էին վշտացնում Իսահակին ու Ռեբեկային+։