Ծննդոց 29:1-35

29  Դրանից հետո Հակոբը ճանապարհ ընկավ ու գնաց Արևելքի+ բնակիչների երկիրը։  Նա դաշտում մի ջրհոր տեսավ, որի մոտ ոչխարների երեք հոտեր էին պառկած, քանի որ հովիվներն այդ ջրհորից հոտերին+ ջուր էին տալիս։ Ջրհորի+ բերանին մի մեծ քար կար։  Երբ բոլոր հոտերը հավաքվում էին այնտեղ, ջրհորի բերանից հովիվները քարը մի կողմ էին գլորում ու ջուր էին տալիս հոտերին, որից հետո քարը դնում էին իր տեղը՝ ջրհորի բերանին։  Հակոբն ասաց նրանց. «Եղբայրնե՛րս, որտեղի՞ց եք»։ Նրանք պատասխանեցին՝ Խառանից+։  Ապա նա ասաց. «Նաքորի+ թոռ Լաբանին+ ճանաչո՞ւմ եք»։ Նրանք էլ ասացին՝ ճանաչում ենք։  Նա հարցրեց. «Նա լա՞վ է»+։ Նրանք պատասխանեցին. «Լավ է։ Ահա նրա աղջիկ Ռաքելը+ գալիս է ոչխարներով»+։  Հակոբն ասաց. «Օրը դեռ առջևում է։ Հոտերը հավաքելու ժամանակը չէ։ Ջուր տվեք ոչխարներին և գնացեք ու արածեցրեք նրանց»+։  Նրանք էլ ասացին. «Չենք կարող դա անել, մինչև բոլոր հոտերը չհավաքվեն, և մարդիկ քարը ջրհորի բերանից մի կողմ չգլորեն։ Դրանից հետո ջուր կտանք ոչխարներին»։  Մինչ նա խոսում էր նրանց հետ, Ռաքելը+ եկավ իր հոր ոչխարներով, որովհետև նա հովվում էր նրանց+։ 10  Երբ Հակոբը տեսավ իր մորեղբայր Լաբանի աղջիկ Ռաքելին և իր մորեղբայր Լաբանի ոչխարները, անմիջապես մոտեցավ ու ջրհորի բերանից քարը մի կողմ գլորեց և իր մորեղբայր Լաբանի ոչխարներին ջուր տվեց+։ 11  Ապա Հակոբը համբուրեց+ Ռաքելին ու բարձրաձայն լաց եղավ+։ 12  Հակոբը Ռաքելին պատմեց, որ ինքը նրա հոր եղբայրն*+ է, և որ Ռեբեկայի որդին է։ Նա էլ վազելով գնաց ու պատմեց իր հորը+։ 13  Հենց որ Լաբանը լսեց իր քրոջ որդի Հակոբի մասին, վազեց նրան ընդառաջ+։ Նա գրկեց, համբուրեց նրան ու բերեց իր տուն+։ Իսկ Հակոբը Լաբանին պատմեց իր հետ պատահած բոլոր բաները։ 14  Լաբանն ասաց նրան. «Դու իսկապես իմ ոսկորն ես ու իմ մարմինը»+։ Եվ Հակոբը մի ամբողջ ամիս բնակվեց նրա մոտ։ 15  Դրանից հետո Լաբանն ասաց Հակոբին. «Եթե իմ եղբայրն ես+, ուրեմն առանց վճարի՞ պետք է ծառայես ինձ+։ Ասա ինձ, ի՞նչ է քո վարձը»+։ 16  Լաբանը երկու աղջիկ ուներ։ Ավագի անունը Լիա+ էր, իսկ կրտսերի անունը՝ Ռաքել։ 17  Լիայի աչքերում փայլ չկար, մինչդեռ Ռաքելը+ կազմվածքով ու դեմքով գեղեցիկ էր+։ 18  Հակոբը սիրեց Ռաքելին, ուստի ասաց. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր աղջկա՝ Ռաքելի համար»+։ 19  Լաբանն էլ պատասխանեց. «Ինձ համար ավելի լավ է, որ նրան քեզ տամ, քան ուրիշ մարդու+։ Բնակվիր ինձ մոտ»։ 20  Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար+, բայց իր աչքին դրանք մի քանի օրվա պես անցան, որովհետև սիրում էր նրան+։ 21  Հետո Հակոբն ասաց Լաբանին. «Աշխատանքիս օրերը լրացել են, տուր ինձ իմ կնոջը, որ պառկեմ նրա հետ»+։ 22  Այդ ժամանակ Լաբանը հավաքեց այդտեղ բնակվող բոլոր մարդկանց և խնջույք+ արեց։ 23  Բայց երեկոյան նա վերցրեց իր աղջիկ Լիային ու բերեց Հակոբի մոտ, որ նա պառկի նրա հետ։ 24  Լաբանն իր աղախին Զելփային+ իբրև աղախին տվեց իր աղջիկ Լիային։ 25  Եվ երբ առավոտյան պարզվեց, որ դա Լիան էր, Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր ինձ։ Մի՞թե Ռաքելի համար չէի ծառայում քեզ մոտ։ Ինչո՞ւ խաբեցիր ինձ»+։ 26  Լաբանն էլ պատասխանեց. «Մեր կողմերում ընդունված չէ առաջնեկից առաջ կրտսերին տալ։ 27  Լիովին տոնիր+ այս կնոջ շաբաթը, որից հետո այս մյուսն էլ կտրվի քեզ այն ծառայության դիմաց, որն ինձ մոտ կանես ևս յոթ տարի»+։ 28  Հակոբը այդպես էլ արեց ու լիովին տոնեց այդ կնոջ շաբաթը, որից հետո Լաբանն իր դուստր Ռաքելին կնության տվեց նրան։ 29  Բացի դրանից, Լաբանն իր աղախին Բալլային+ իբրև աղախին տվեց իր աղջիկ Ռաքելին։ 30  Հակոբը պառկեց նաև Ռաքելի հետ։ Նա Ռաքելին Լիայից ավելի շատ էր սիրում+ և Լաբանի համար ծառայեց ևս յոթ տարի+։ 31  Երբ Եհովան տեսավ, որ Լիան սիրված չէ*, բացեց նրա արգանդը+, սակայն Ռաքելն ամուլ էր+։ 32  Լիան հղիացավ և մի որդի ծնեց ու նրա անունը Ռուբեն*+ դրեց, քանի որ ասաց. «Եհովան տեսավ իմ թշվառությունը+, և հիմա ամուսինս կսիրի ինձ»։ 33  Նա կրկին հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Եհովան լսեց+, որ ես սիրված չեմ*, և այս մեկին էլ տվեց ինձ»։ Դրա համար նրա անունը Շմավոն*+ դրեց։ 34  Նա դարձյալ հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Այս անգամ ամուսինս կմիանա ինձ, քանի որ ես երեք որդի եմ ծնել նրա համար»։ Ուստի նրա անունը Ղևի*+ դրվեց։ 35  Նա նորից հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Այս անգամ ես կգովաբանեմ Եհովային»։ Ուստի նրա անունը Հուդա*+ դրեց։ Այնուհետև դադարեց ծնելուց։

Ծանոթագրություններ

Իրականում՝ զարմիկը։
Բռց.՝ «ատված է»։
Նշ. է «տե՛ս, որդի»։
Բռց.՝ «ատված եմ»։
Նշ. է «լսել», այսինքն՝ հավանությամբ լսել։
Նշ. է «կապվածություն, միացած»։
Նշ. է «գովաբանված, գովաբանության առարկա»։