Ծննդոց 30:1-43

30  Երբ Ռաքելը տեսավ, որ երեխա չի ունենում Հակոբի համար, սկսեց խանդել իր քրոջը և Հակոբին ասաց+. «Ինձ երեխանե՛ր տուր, այլապես մեռած կնոջ պես կլինեմ»+։  Այդ ժամանակ Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, ու նա ասաց+. «Մի՞թե ես Աստված եմ, որը զրկել է քեզ արգանդի պտղից»+։  Նա էլ ասաց. «Ահա իմ աղախին Բալլան+։ Պառկիր նրա հետ, որ նա ծնի իմ ծնկների վրա, որպեսզի ես էլ երեխաներ ունենամ նրանից»+։  Ուստի իր աղախին Բալլային նրան կին տվեց ու Հակոբը պառկեց նրա հետ+։  Բալլան հղիացավ և Հակոբի համար որդի+ ծնեց։  Այդ ժամանակ Ռաքելն ասաց. «Աստված դարձավ իմ դատավորը+ ու լսեց իմ ձայնը և ինձ որդի տվեց»։ Դրա համար նրա անունը Դան*+ դրեց։  Ռաքելի աղախին Բալլան մեկ անգամ էլ հղիացավ և Հակոբի համար երկրորդ որդուն ծնեց։  Ռաքելն ասաց. «Ծանր պայքարով պայքարեցի քրոջս հետ ու հաղթեցի»։ Ուստի որդու անունը Նեփթաղիմ*+ դրեց։  Երբ Լիան տեսավ, որ այլևս չի ծնում, վերցրեց իր աղախին Զելփային ու Հակոբին կին տվեց+։ 10  Լիայի աղախին Զելփան որդի ծնեց Հակոբի համար։ 11  Այդ ժամանակ Լիան ասաց. «Ի՜նչ հաջողություն»։ Ուստի նրա անունը Գադ*+ դրեց։ 12  Դրանից հետո Լիայի աղախին Զելփան Հակոբի համար երկրորդ որդուն ծնեց։ 13  Այդ ժամանակ Լիան ասաց. «Ի՜նչ երջանկություն։ Կանայք ինձ երանի կտան»+։ Ուստի նրա անունը Ասեր*+ դրեց։ 14  Ցորենի հնձի+ օրերին Ռուբենը+ դաշտ գնաց և այնտեղ մանրագորներ* գտավ։ Նա դրանք բերեց իր մայր Լիային։ Այդ ժամանակ Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ, տուր ինձ որդուդ մանրագորներից»+։ 15  Նա էլ պատասխանեց. «Քեզ համար քիչ է, որ ամուսնուս ես վերցրել+, հիմա էլ որդուս մանրագորնե՞րն ես ուզում վերցնել»։ Ուստի Ռաքելն ասաց. «Որդուդ մանրագորների դիմաց այս գիշեր նա քեզ հետ կպառկի»։ 16  Երբ Հակոբը երեկոյան վերադառնում էր դաշտից+, Լիան դուրս եկավ դիմավորելու նրան ու ասաց. «Այսօր ինձ հետ պիտի պառկես, որովհետև որդուս մանրագորներով վճարել եմ, ես վճարել եմ քեզ համար»։ Ուստի այդ գիշեր նա պառկեց նրա հետ+։ 17  Աստված լսեց ու պատասխանեց Լիային, և նա հղիացավ ու Հակոբի համար հինգերորդ որդուն ծնեց+։ 18  Այդ ժամանակ Լիան ասաց. «Աստված վարձատրեց ինձ, քանի որ ես իմ աղախնին տվեցի ամուսնուս»։ Ուստի որդու անունը Իսաքար*+ դրեց։ 19  Լիան կրկին հղիացավ ու Հակոբի համար վեցերորդ որդուն ծնեց+։ 20  Լիան ասաց. «Աստված ինձ լավ պարգև տվեց։ Վերջապես ամուսինս կհանդուրժի* ինձ+, որովհետև նրա համար վեց որդի+ ծնեցի»։ Ուստի նրա անունը Զաբուղոն*+ դրեց։ 21  Դրանից հետո նա մի աղջիկ ունեցավ և նրա անունը Դինա*+ դրեց։ 22  Ի վերջո, Աստված հիշեց Ռաքելին, և Աստված լսեց ու պատասխանեց նրան՝ բացելով նրա արգանդը+։ 23  Նա հղիացավ ու մի որդի ծնեց, ապա ասաց. «Աստված վերցրեց իմ նախատինքը»+։ 24  Ուստի նրա անունը Հովսեփ*+ դրեց՝ ասելով. «Եհովան մեկ այլ որդի է ինձ համար ավելացնում»։ 25  Երբ Ռաքելը Հովսեփին ծնեց, Հակոբն անմիջապես ասաց Լաբանին. «Արձակի՛ր ինձ, որ գնամ իմ տունն ու իմ երկիրը+։ 26  Տո՛ւր ինձ իմ կանանց ու երեխաներին, որոնց համար ծառայել եմ քեզ, որ ես գնամ, որովհետև դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ»+։ 27  Լաբանն ասաց նրան. «Եթե հաճություն եմ գտել քո աչքին... Նախանշաններով տեսնում եմ, որ Եհովան քո շնորհիվ օրհնում է ինձ»+։ 28  Ապա ավելացրեց. «Սահմանի՛ր ինձ քո վարձը, ու ես կտամ քեզ»+։ 29  Նա էլ ասաց. «Դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ, ու թե ինչպիսին է դարձել քո հոտը ինձ մոտ+, 30  որ այն փոքր էր մինչև իմ գալը և բազմացավ, որովհետև իմ գալուց հետո Եհովան օրհնեց քեզ+։ Իսկ իմ տան համար ե՞րբ եմ մի բան անելու»+։ 31  Հետո նա հարցրեց. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբն էլ պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր+։ Եթե անես իմ ասածը, ես դարձյալ կհովվեմ քո հոտը+ և կշարունակեմ պահպանել այն+։ 32  Ես այսօր կանցնեմ քո ամբողջ հոտի միջով։ Քո մատղաշ խոյերից առանձնացրու բոլոր խայտավոր և բծավոր, ինչպես նաև մուգ դարչնագույն ոչխարները, իսկ էգ այծերից՝ բոլոր բծավորներն ու խայտավորները։ Այսուհետև այդպիսիները կլինեն իմ վարձը+։ 33  Եվ եթե ապագայում մի օր գաս իմ վարձը տեսնելու+, այդ ժամանակ իմ ազնիվ գործելակերպը կխոսի իմ փոխարեն։ Եթե ինձ մոտ էգ այծերի միջից որևէ մեկը խայտավոր կամ բծավոր չլինի, իսկ մատղաշ խոյերի միջից մուգ դարչնագույն չլինի, ուրեմն այն գողացված է»+։ 34  Լաբանն էլ ասաց. «Շատ լավ։ Թող քո ասածով լինի»+։ 35  Ուստի այդ օրը նա առանձնացրեց գծավոր և բծավոր նոխազներն ու բոլոր խայտավոր ու բծավոր էգ այծերը, ինչպես նաև բոլոր մատղաշ խոյերը, որոնք գոնե փոքր-​ինչ սպիտակ էին, և բոլոր նրանց, որոնք մուգ դարչնագույն էին, ու տվեց իր որդիների ձեռքը։ 36  Այնուհետև նա իր ու Հակոբի միջև երեք օրվա ճանապարհի տարածություն սահմանեց։ Եվ Հակոբը արածեցնում էր Լաբանի մնացած հոտերը։ 37  Հետո Հակոբը վերցրեց ստյուրակի+, նշենու+ և սոսու+ նոր կտրած ճյուղեր ու տեղ-​տեղ հանեց դրանց կեղևը, և ճյուղերի սպիտակ մասը երևաց+։ 38  Ապա կեղևազատված ճյուղերը դրեց հոտերի առաջ՝ գուռերի մեջ+, որոնցից հոտերը ջուր պիտի խմեին, որպեսզի երբ գային խմելու, դրանց առաջ զուգավորվեին։ 39  Այդպես հոտերը զուգավորվում էին ճյուղերի առաջ և գծավոր, խայտավոր ու բծավոր ձագեր էին ունենում+։ 40  Հակոբը առանձնացրեց մատղաշ խոյերը և հոտերը դրեց Լաբանի հոտի գծավոր և մուգ դարչնագույն անասունների դիմաց։ Դրանից հետո նա իր հոտերը առանձին էր պահում և չէր պահում Լաբանի հոտերի հետ։ 41  Ամեն անգամ, երբ զուգավորվում էին ուժեղ+ անասունները, Հակոբը ճյուղերը դնում էր գուռերի մեջ+՝ հոտերի աչքի առաջ, որպեսզի նրանք զուգավորվեին ճյուղերի մոտ։ 42  Բայց երբ հոտերը թույլ էին, ճյուղերն այնտեղ չէր դնում։ Ուստի թույլերը միշտ Լաբանինն էին լինում, իսկ ուժեղները՝ Հակոբինը+։ 43  Այդ մարդը ավելի ու ավելի էր հարստանում. նա շատ հոտեր, ծառաներ, աղախիններ, ուղտեր և էշեր ունեցավ+։

Ծանոթագրություններ

Նշ. է «դատավոր»։
Նշ. է «իմ պայքարը»։
Նշ. է «հաջողություն»։
Նշ. է «երջանիկ, երջանկություն»։
Մորմազգիների ընտանիքին պատկանող պտղատու բույս։
Նշ. է «նա վարձ է», այսինքն՝ որպես վարձ տրված մարդ։
Նշ. է «բնակություն»։ Հվնբր նաև «հանդուրժողականություն, իշխանություն»։
Կամ՝ «կբնակվի ինձ հետ»։ Տե՛ս «Զաբուղոն» անվան նշ-յան վերաբ. ծնթ.։
Նշ. է «դատված [այսինքն՝ անմեղ ճանաչված, արդարացված]»։
Նշ. է «շատացնող, ավելացնող»։