Ծննդոց 39:1-23
39 Իսկ Հովսեփին տարան Եգիպտոս+, և եգիպտացի Պետափրեսը+՝ փարավոնի պալատականն ու թիկնապահների պետը, գնեց նրան իսմայելացիների+ ձեռքից, որոնք նրան բերել էին այնտեղ։
2 Բայց Եհովան Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ+ դարձավ ու իր տիրոջ՝ եգիպտացու տանը սկսեց տարբեր պարտականություններ կատարել։
3 Նրա տերը տեսավ, որ Եհովան նրա հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր։
4 Հովսեփը հաճություն գտավ նրա աչքին և ծառայում էր նրան այնպես, որ իր տերը նրան իր տան վրա նշանակեց+ և ինչ որ ուներ, նրա ձեռքը տվեց։
5 Այն ժամանակվանից, երբ նա Հովսեփին նշանակեց իր տան և ամբողջ ունեցվածքի վրա, Եհովան հանուն Հովսեփի սկսեց օրհնել եգիպտացու տունը։ Եհովայի օրհնությունը նրա ունեցած բոլոր բաների վրա էր, ինչպես տանը, այնպես էլ դաշտում+։
6 Այսպիսով՝ Պետափրեսը իր ունեցած ամեն ինչը Հովսեփի ձեռքը տվեց+ և ոչնչով չէր մտահոգվում, բացի իր կերած հացից։ Հովսեփը մեծացավ և վայելչակազմ ու արտաքնապես գեղեցիկ տղամարդ դարձավ։
7 Այդ ամենից հետո Հովսեփի տիրոջ կինը սկսեց աչք դնել+ նրա վրա ու ասել. «Պառկի՛ր ինձ հետ»+։
8 Բայց նա մերժում էր+ և ասում նրա կնոջը. «Իմ տերը իր տանը ոչնչով չի մտահոգվում և իմ ձեռքն է հանձնել իր ողջ ունեցվածքը+։
9 Այս տան մեջ ինձնից մեծը չկա, և իմ տերը ոչինչ չի արգելել ինձ, բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես+։ Ուստի ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»+։
10 Թեև կինը ամեն օր ասում էր Հովսեփին այդ մասին, նա երբեք չէր համաձայնվում պառկել ու լինել նրա հետ+։
11 Մի օր, երբ նա սովորականի պես տուն մտավ, որ իր գործերն անի, և ծառաներից ոչ մեկը տանը չէր+,
12 կինը բռնեց նրա հանդերձից+ ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»+։ Բայց նա թողեց իր հանդերձը նրա ձեռքում և վազքով տնից դուրս նետվեց+։
13 Հենց որ կինը տեսավ, որ Հովսեփը հանդերձն իր ձեռքում թողեց և դուրս փախավ,
14 կանչեց իր ծառաներին ու ասաց. «Նայե՛ք, այս մարդուն՝ այս եբրայեցուն, նա բերել է մեզ մոտ, որ մեզ ծաղրի առարկա դարձնի։ Նա եկավ, որ պառկի ինձ հետ, բայց ես ամբողջ ձայնով գոռացի+։
15 Հենց որ նա լսեց, որ ես ձայնս բարձրացրի ու սկսեցի գոռալ, իր հանդերձը թողեց ինձ մոտ և վազքով տնից դուրս նետվեց»։
16 Հետո նա Հովսեփի հանդերձը իր մոտ պահեց, մինչև որ նրա տերը տուն եկավ+։
17 Ապա նույն բաները պատմեց նրան՝ ասելով. «Այն եբրայեցի ծառան, որին դու բերեցիր մեզ մոտ, եկել էր մոտս, որ ինձ ծաղրի առարկա դարձնի։
18 Բայց հենց որ ես բարձրացրի ձայնս և սկսեցի գոռալ, նա իր հանդերձը ինձ մոտ թողեց և դուրս փախավ»+։
19 Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, թե՝ «քո ծառան այսպես և այսպես արեց ինձ», նրա բարկությունը բորբոքվեց+։
20 Ուստի Հովսեփի տերը վերցրեց նրան և բանտ նետեց՝ այնտեղ, որտեղ կալանքի տակ էին պահվում թագավորի բանտարկյալները։ Եվ նա մնաց բանտում+։
21 Սակայն Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ և այնպես արեց, որ նա հաճություն գտնի բանտապետի աչքին+։
22 Ուստի բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում գտնվող բոլոր բանտարկյալներին, և ամեն ինչ, որ այնտեղ անում էին, նրա ասածով էին անում+։
23 Բանտապետը բացարձակապես չէր մտահոգվում այն ամենով, ինչ նրա ձեռքում էր, քանի որ Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր+։