Ծննդոց 50:1-26
50 Հովսեփը կռացավ իր հոր երեսին+, լաց եղավ նրա վրա ու համբուրեց նրան+։
2 Հետո հրամայեց իր ծառաներին՝ բժիշկներին, որ զմռսեն+ իր հորը։ Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին։
3 Դրա համար նրանցից պահանջվեց քառասուն լրիվ օր, որովհետև զմռսելը սովորաբար նրանցից այդքան օր է պահանջում։ Եվ եգիպտացիները յոթանասուն օր լաց եղան նրա համար+։
4 Երբ նրա վրա սգալու օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի տնեցիների հետ ու ասաց. «Եթե հաճություն եմ գտել ձեր աչքին+, խնդրում եմ, խոսեք փարավոնի առաջ ու ասացեք.
5 «Հայրս ինձ երդվել+ տվեց՝ ասելով. «Ես մահանում եմ+։ Ինձ թաղիր այն գերեզմանում, որ Քանանի+ երկրում փորել եմ ինձ+ համար»։ Ուստի խնդրում եմ, թույլ տուր, որ գնամ ու թաղեմ իմ հորը, որից հետո կվերադառնամ»»։
6 Փարավոնն ասաց. «Գնա և թաղիր քո հորը, ինչպես որ նա քեզ երդվել տվեց»+։
7 Ուստի Հովսեփը գնաց՝ իր հորը թաղելու։ Նրա հետ գնացին նաև փարավոնի բոլոր ծառաները, նրա տան բոլոր երեցները+ և Եգիպտոսի բոլոր երեցները,
8 Հովսեփի բոլոր տնեցիները, նրա եղբայրները և նրա հոր տնեցիները+։ Միայն փոքր երեխաներին, հոտերն ու նախիրները թողեցին Գեսեմ երկրում։
9 Նրա հետ գնացին նաև կառքեր+ ու ձիավորներ։ Արդյունքում մի մեծ շքախումբ կազմվեց։
10 Նրանք հասան Ատադի կալը+, որը գտնվում է Հորդանանի+ շրջանում, և այնտեղ անչափ մեծ ու սաստիկ ողբ արեցին, և Հովսեփը յոթ օր շարունակ սգո արարողություններ արեց իր հոր համար+։
11 Այդ երկրի բնակիչները՝ քանանացիները, տեսնելով Ատադի կալում կատարվող սգո արարողությունները, բացականչեցին. «Եգիպտացիների մոտ սաստիկ սուգ է»։ Դա է պատճառը, որ Հորդանանի շրջանում+ գտնվող այդ վայրը Աբել-Միսրայիմ* կոչվեց։
12 Հակոբի որդիները արեցին ճիշտ այնպես, ինչպես նա պատվիրել էր+։
13 Նրան տարան Քանանի երկիր և թաղեցին Մաքփելա արտի քարայրում, այն արտում, որը Մամբրեի+ դիմացն է, և որը Աբրահամը որպես գերեզման գնել էր քետացի Եփրոնից։
14 Իր հորը թաղելուց հետո Հովսեփը վերադարձավ Եգիպտոս, նրա հետ նաև իր եղբայրները և բոլոր նրանք, ովքեր իր հետ գնացել էին իր հորը թաղելու։
15 Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, սկսեցին ասել. «Հնարավոր է՝ Հովսեփը ոխ է պահում մեր հանդեպ+, և նա հաստատ կհատուցի մեզ այն ողջ չարիքի դիմաց, որ արել ենք նրան»+։
16 Ուստի Հովսեփին իրենց հոր պատվերը հաղորդեցին՝ ասելով. «Հայրդ մեռնելուց առաջ պատվիրեց.
17 «Այսպես ասացեք Հովսեփին. «Աղաչում եմ քեզ, ներիր+, խնդրեմ, քո եղբայրների հանցանքն ու նրանց մեղքը, որ չարիք արեցին քեզ»»+։ Ուստի այժմ խնդրում ենք, ներիր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»+։ Երբ Հովսեփին այս խոսքերն ասացին, նա լաց եղավ։
18 Դրանից հետո նրա եղբայրներն էլ եկան, ընկան նրա առաջ ու ասացին. «Մենք քո ծառաներն ենք»+։
19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստված եմ+։
20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց այն բարիք դարձնել, որպեսզի անի այն, ինչ այսօր տեսնում եք՝ շատ մարդկանց կյանքեր փրկի+։
21 Ուստի հիմա մի՛ վախեցեք։ Ես ձեզ ու ձեր երեխաներին ուտելիքով կապահովեմ»+։ Այդպես նա մխիթարեց նրանց և իր խոսքերով վստահություն ներշնչեց։
22 Հովսեփը շարունակեց ապրել Եգիպտոսում, ինչպես նա, այնպես էլ իր հոր տունը։ Նա հարյուր տասը տարի ապրեց։
23 Հովսեփը տեսավ Եփրեմի որդիներին մինչև երրորդ սերունդը+, ինչպես նաև Մանասեի որդի Մաքիրի+ որդիներին։ Նրանք Հովսեփի ծնկներին+ ծնվեցին։
24 Անցավ որոշ ժամանակ և Հովսեփն իր եղբայրներին ասաց. «Ես մահանում եմ, բայց Աստված անպատճառ ուշադրություն կդարձնի ձեզ+ և կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որի մասին երդվեց Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»+։
25 Հովսեփը երդվել տվեց Իսրայելի որդիներին՝ ասելով. «Աստված անպատճառ ուշադրություն կդարձնի ձեզ։ Այդ ժամանակ տարեք իմ ոսկորները այստեղից»+։
26 Դրանից հետո հարյուր տասը տարեկանում Հովսեփը մահացավ։ Նրան զմռսեցին+ և դագաղի մեջ դրեցին Եգիպտոսում։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «եգիպտացիների սուգ»։ «Միսրայիմը» եգիպտացիների եբր. անվանումն է։ Տե՛ս 10։13։