Հեսու 22:1-34
22 Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին+
2 և ասաց նրանց. «Դուք կատարեցիք այն ամենը, ինչ որ Եհովայի ծառա Մովսեսը ձեզ պատվիրել էր+, և հնազանդվեցիք իմ ձայնին ամեն ինչում, որ ես պատվիրեցի ձեզ+։
3 Այսքան շատ օրեր՝ մինչև այս օրը, դուք չլքեցիք ձեր եղբայրներին+ և պահեցիք ձեր Աստված Եհովայի պատվիրանները+։
4 Եվ հիմա ձեր Աստված Եհովան ձեր եղբայրներին հանգստություն տվեց, ինչպես որ խոստացել էր նրանց+։ Ուստի հետ դարձեք ու գնացեք ձեր վրանները՝ դեպի ձեր ժառանգության երկիրը, որը Եհովայի ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում+։
5 Միայն թե շատ զգույշ եղեք, որ կատարեք պատվիրաններն+ ու այն օրենքը, որ պատվիրեց ձեզ Եհովայի ծառա Մովսեսը, որ սիրեք ձեր Աստված Եհովային+, քայլեք նրա բոլոր ճանապարհներով+, պահեք նրա պատվիրանները+, կառչած մնաք նրանից+ ու ծառայեք+ նրան ձեր ամբողջ սրտով+ ու ձեր ամբողջ հոգով»+։
6 Եվ Հեսուն օրհնեց+ նրանց ու արձակեց, որ իրենց վրանները գնան։
7 Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում+, իսկ մյուս կեսին Հեսուն ժառանգություն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանանի արևմտյան կողմում+։ Արձակելով նրանց, որ իրենց վրանները գնան՝ Հեսուն նաև օրհնեց նրանց
8 ու ասաց. «Վերադարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ ու մեծաքանակ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու շատ հագուստներով+։ Ձեր եղբայրների հետ միասին վերցրեք ավարի ձեր բաժինը+, որ զավթել եք թշնամիներից»։
9 Դրանից հետո Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը բաժանվեցին Իսրայելի մնացած որդիներից և դուրս եկան Սելովից, որ Քանանում է, որպեսզի գնան Գաղաադ+՝ իրենց ժառանգության երկիրը, որտեղ նրանք բնակություն էին հաստատել Մովսեսի միջոցով տրված Եհովայի հրամանով+։
10 Եվ երբ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանանի կողմերը, որ Քանանի երկրում է, նրանք մի զոհասեղան շինեցին Հորդանանի մոտ, հսկայական մի զոհասեղան+։
11 Որոշ ժամանակ անց Իսրայելի մյուս որդիները լսեցին+, որ ասում են. «Տեսե՛ք, Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել Քանանի երկրի սահմանին՝ Հորդանանի մերձակայքում, այն կողմում, որն Իսրայելի որդիներին է պատկանում»։
12 Երբ Իսրայելի որդիները+ սա լսեցին, բոլորը ժողովվեցին Սելովում+, որ ելնեն նրանց դեմ պատերազմելու+։
13 Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների ու Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ ուղարկեցին+ Եղիազար քահանայի որդի Փենեհեսին+
14 և նրա հետ նաև տասը տոհմապետների՝ Իսրայելի բոլոր ցեղերի յուրաքանչյուր ազգատոհմից մեկական տոհմապետի, որոնցից ամեն մեկը Իսրայելի հազարավորների մեջ ազգատոհմի գլուխ էր+։
15 Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ ու խոսեցին նրանց հետ+՝ ասելով.
16 «Եհովայի ամբողջ ժողովուրդը+ այսպես է ասում. «Ինչպե՞ս կարողացաք այդ անհավատարիմ+ արարքը գործել Իսրայելի Աստծու դեմ. դադարել եք+ Եհովային հետևելուց և այսօր Եհովայի դեմ ըմբոստանալով՝ ձեզ համար զոհասեղան+ եք շինել։
17 Մի՞թե մեզ համար քիչ էր Փեգորի+ մոտ գործած մեղքը, որից մինչև հիմա չենք մաքրվել, չնայած որ աղետ եկավ Եհովայի ժողովրդի վրա+։
18 Եվ այսօր դո՞ւք էլ եք ուզում դադարել Եհովային հետևելուց։ Եթե դուք այսօր ըմբոստանաք Եհովայի դեմ, ապա վաղը նա իր վրդովմունքը կթափի Իսրայելի ողջ ժողովի վրա+։
19 Սակայն եթե ձեր կալվածքի երկիրը անմաքուր+ եք համարում, անցեք այն երկիրը, որը Եհովայի սեփականությունն է+, և որտեղ Եհովայի խորանն է+, ու բնակվեք մեր մեջ։ Միայն թե Եհովայի դեմ մի՛ ըմբոստացեք և մեզ էլ մի՛ դարձրեք ըմբոստներ՝ մեր Աստված Եհովայի զոհասեղանից բացի, ձեզ համար ուրիշ զոհասեղան շինելով+։
20 Արդյոք Զարայի որդի Աքանը+ չէ՞ր, որ անհավատարիմ արարք գործեց այն բանի հանդեպ, որը պիտի կործանման մատնվեր, և արդյոք Իսրայելի ողջ ժողովի վրա չէ՞ր, որ վրդովմունքը թափվեց+։ Իր գործած մեղքի պատճառով միայն նա չէր, որ կյանքից զրկվեց»»+։
21 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին+ Իսրայելի հազարավորների գլուխներին+՝ ասելով.
22 «Ամենահզոր+ Աստված+ Եհովան, ամենահզոր Աստված Եհովան+ ինքը գիտի+, և Իսրայելն էլ կիմանա+։ Եհո՛վա, եթե մենք դա արել ենք ըմբոստանալու+ և քո հանդեպ անհավատարիմ գտնվելու համար+, մի՛ խնայիր մեզ այսօր։
23 Եհովան ինքը կքննի+, թե արդյո՞ք մենք զոհասեղան ենք շինել այն պատճառով, որ չենք ուզում Եհովային հետևել և պատրաստվում ենք նրա վրա ողջակեզներ ու հացի ընծաներ մատուցել+ կամ էլ խաղաղության զոհեր անել։
24 Մի՞թե մենք դա չարեցինք այն պատճառով, որ անհանգստանում էինք՝ ասելով. «Ապագայում ձեր որդիները կասեն մեր որդիներին. «Ի՞նչ գործ ունեք Եհովայի՝ Իսրայելի Աստծու հետ։
25 Ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ, Եհովան Հորդանանը սահման է դրել մեր ու ձեր միջև։ Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»+։ Ձեր որդիների պատճառով մեր որդիները կդադարեն Եհովայից վախենալուց»+։
26 Ուստի ասացինք. «Եկե՛ք մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի ու զոհի համար,
27 այլ որպեսզի այն վկայություն լինի մեր ու ձեր միջև+ և մեզնից հետո եկող սերունդների միջև, որ մենք պետք է ծառայենք Եհովային նրա առաջ՝ մեր ողջակեզներով, զոհերով ու խաղաղության զոհերով+, որպեսզի ապագայում ձեր որդիները չասեն մեր որդիներին. «Դուք Եհովայի մոտ բաժին չունեք»»։
28 Մենք ասացինք. «Եթե երբևէ մեզ ու մեր սերունդներին այսպես ասեն, մենք կպատասխանենք. «Տեսե՛ք Եհովայի զոհասեղանի օրինակով պատրաստված զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզների ու զոհերի համար, այլ որպեսզի այն վկայություն լինի մեր ու ձեր միջև»»։
29 Մեր մտքով անգամ չի անցել Եհովայի դեմ ըմբոստանալ և այսօր հետ կանգնել Եհովային հետևելուց+ ու շինել ուրիշ մի զոհասեղան՝ այն զոհասեղանի փոխարեն, որ մեր Աստված Եհովայինն է և կանգնած է նրա խորանի առաջ+՝ ողջակեզների, հացի ընծայի ու զոհերի համար»։
30 Երբ Փենեհես+ քահանան, նրա հետ եղող ժողովրդի տոհմապետներն+ ու Իսրայելի հազարավորների գլուխները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա նրանց դուր եկավ։
31 Ուստի Եղիազար քահանայի որդի Փենեհեսը Ռուբենի որդիներին, Գադի որդիներին ու Մանասեի որդիներին ասաց. «Այսօր մենք իմացանք, որ Եհովան մեր մեջ է+, որովհետև դուք Եհովայի դեմ չգործեցիք այս անհավատարիմ արարքը։ Հիմա դուք Իսրայելի որդիներին ազատեցիք Եհովայի ձեռքից»+։
32 Դրանից հետո Եղիազար քահանայի որդի Փենեհեսը և տոհմապետները վերադարձան+ Գաղաադից՝ Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից Քանանի երկիր՝ Իսրայելի մյուս որդիների մոտ, և լուր բերեցին նրանց+։
33 Լուրը հաճելի եղավ Իսրայելի որդիներին. Իսրայելի որդիներն օրհնեցին Աստծուն+ և այլևս չէին խոսում նրանց դեմ պատերազմի դուրս գալու մասին՝ կործանելու համար այն երկիրը, որտեղ Ռուբենի որդիներն ու Գադի որդիներն էին բնակվում։
34 Եվ Ռուբենի որդիներն ու Գադի որդիները զոհասեղանին անուն տվեցին*, որովհետև «այն վկայություն է մեր միջև, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»+։
Ծանոթագրություններ
^ Ըստ երևույթին տրվեց «Վկայություն» անունը։