Հեսու 6:1-27

6  Երիքովը Իսրայելի որդիների պատճառով ամուր փակված էր. ոչ ոք դուրս չէր գալիս, ու ոչ ոք ներս չէր մտնում+։  Եհովան ասաց Հեսուին. «Տե՛ս, Երիքովը, նրա թագավորին ու զորավոր քաջերին ես ձեր ձեռքն եմ տվել+։  Եվ դուք՝ բոլոր ռազմիկներդ, պետք է քաղաքի շուրջը քայլեք՝ մեկ անգամ պտտվելով քաղաքի շուրջը։ Այսպես պետք է անեք վեց օր։  Յոթ քահանաներ թող խոյի յոթ եղջյուրներ տանեն տապանակի առջևից, իսկ յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտտվեք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը+։  Երբ նրանք հնչեցնեն եղջերափողերը և երբ դուք լսեք փողի ձայնը, ամբողջ ժողովուրդը թող բարձրաձայն մարտական կոչ+ արձակի, և քաղաքի պարիսպները հիմնահատակ կփլուզվեն+. այդ ժամանակ թող ժողովուրդը մտնի քաղաք, և ամեն մեկը ուղիղ իր առաջը գնա»։  Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին+ ու ասաց նրանց. «Վերցրեք ուխտի տապանակը+, և յոթ քահանաներ թող յոթ եղջերափողեր առնեն ու տանեն Եհովայի տապանակի առաջից»+։  Իսկ ժողովրդին ասաց. «Գնացե՛ք ու պտտվե՛ք քաղաքի շուրջը, և թող զինված մարտիկները+ Եհովայի տապանակի առաջն անցնեն»։  Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ Հեսուն ասաց ժողովրդին. յոթ քահանաներ յոթ եղջերափողեր առան ու Եհովայի առաջն անցնելով՝ փողերը հնչեցրին, իսկ նրանց հետևից Եհովայի ուխտի տապանակն էր գալիս։  Զինված մարտիկները գնում էին փողերը հնչեցնող քահանաների առջևից, իսկ վերջապահ զինվորները+՝ տապանակի հետևից։ Այդ ամբողջ ընթացքում շարունակ հնչեցնում էին փողերը։ 10  Այնուհետև Հեսուն ժողովրդին պատվիրեց+. «Մի՛ աղաղակեք, և թող ձեր ձայները չլսվեն, ու ոչ մի խոսք դուրս չգա ձեր բերանից մինչև այն օրը, երբ ձեզ կասեմ՝ «աղաղակե՛ք»։ Հենց այդ ժամանակ էլ կաղաղակեք»+։ 11  Եհովայի տապանակը մեկ անգամ պտտվեց քաղաքի շուրջը. դրանից հետո նրանք գնացին բանակատեղի ու գիշերը մնացին այնտեղ։ 12  Առավոտյան վաղ Հեսուն վեր կացավ+, և քահանաները Եհովայի տապանակը վերցրին+։ 13  Յոթ եղջերափողերով այն յոթ քահանաները գնում էին Եհովայի տապանակի առջևից՝ անընդհատ հնչեցնելով փողերը։ Նրանց առջևից գնում էին զինված մարտիկները, իսկ Եհովայի տապանակի հետևից՝ վերջապահ զինվորները։ Այդ ընթացքում շարունակ հնչեցնում էին փողերը+։ 14  Նրանք երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մեկ անգամ պտտվեցին և վերադարձան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր+։ 15  Յոթերորդ օրը, երբ սկսեց լուսանալ, նրանք կանուխ վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը յոթ անգամ պտտվեցին։ Միայն այդ օրը քաղաքի շուրջը նրանք պտտվեցին յոթ անգամ+։ 16  Եվ յոթերորդ անգամ, երբ քահանաները փողերը հնչեցրին, Հեսուն ասաց ժողովրդին. «Աղաղակե՛ք+, որովհետև Եհովան այս քաղաքը+ ձեզ է տվել։ 17  Այն պետք է կործանման մատնվի+. քաղաքը և նրանում եղած բոլոր բաները Եհովային են պատկանում։ Միայն պոռնիկ Ռախաբը+ պետք է կենդանի մնա, ինքը և բոլոր նրանք, ովքեր նրա հետ իր տանն են, որովհետև թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին+։ 18  Բայց դուք հեռո՛ւ մնացեք այն ամենից, ինչը կործանման է մատնվելու+, որպեսզի ձեր մեջ ցանկություն+ չառաջանա վերցնելու կործանման մատնված այդ բաներից+, և Իսրայելի բանակը չդարձնեք կործանման ենթակա մի բան ու փորձանք* չբերեք նրա վրա+։ 19  Սակայն ամբողջ արծաթը, ոսկին, պղնձե և երկաթե առարկաները սուրբ են Եհովայի համար+։ Դրանք պետք է Եհովայի գանձարանը մտնեն»+։ 20  Երբ փողերը հնչեցրին, ժողովուրդն աղաղակեց+։ Հենց որ ժողովուրդը լսեց փողի ձայնն ու բարձր ձայնով մարտական կոչ արձակեց, պարիսպը հիմնահատակ փուլ եկավ+։ Այդ ժամանակ ժողովուրդը քաղաք մտավ՝ ամեն մեկն ուղիղ իր առաջը գնալով. և քաղաքը գրավեցին։ 21  Նրանք կործանման մատնեցին բոլոր նրանց, ովքեր այդ քաղաքի մեջ էին՝ տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու ծերերին, ցլերին, ոչխարներին ու էշերին. բոլորին սրի քաշեցին+։ 22  Իսկ այն երկու մարդկանց, որոնք հետախուզել էին այդ երկիրը, Հեսուն ասաց. «Մտե՛ք այն պոռնիկ կնոջ տունը և հանե՛ք այնտեղից այդ կնոջն ու բոլոր նրանց, ովքեր նրա մոտ կլինեն, ինչպես որ նրան երդում եք տվել»+։ 23  Ուստի այդ երիտասարդները, որոնք հետախուզել էին երկիրը, մտան ու դուրս բերեցին Ռախաբին, նրա հորն ու մորը, եղբայրներին ու բոլոր նրանց, ովքեր նրա մոտ էին. բոլոր ազգականներին հանեցին+ ու իսրայելացիների բանակատեղից դուրս տարան։ 24  Քաղաքը և նրանում եղած ամեն բան կրակով այրեցին+։ Միայն արծաթը, ոսկին, պղնձե ու երկաթե առարկաները Եհովայի տան գանձարանը հանձնեցին+։ 25  Հեսուն պահպանեց Ռախաբ պոռնիկի, նրա հոր տան անդամների և բոլոր նրանց կյանքը, ովքեր նրա մոտ էին+։ Մինչև այսօր նա ապրում է Իսրայելում+, որովհետև թաքցրեց այն մարդկանց, որոնց Հեսուն ուղարկել էր Երիքովը հետախուզելու+։ 26  Այդ ժամանակ Հեսուն երդում տվեց՝ ասելով. «Թող Եհովայի առաջ անիծյալ լինի այն մարդը, ով վեր կկենա ու կկառուցի այս քաղաքը՝ Երիքովը։ Նրա հիմքը իր անդրանիկի կյանքի գնով կդնի և դռները իր կրտսերի կյանքի գնով կկանգնեցնի»+։ 27  Եհովան Հեսուի հետ էր+, և նրա համբավը տարածվեց ամբողջ երկրով+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։