Հոբ 3:1-26

3  Դրանից հետո Հոբը բաց արեց իր բերանը և սկսեց անիծել իր օրը+։  Հոբն ասաց.   «Կորչի՛ այն օրը, երբ ես ծնվեցի+, Նաև այն գիշերը, երբ ասացին. «Մարդ բեղմնավորվեց»։   Թող այդ օրը խավար դառնա, Թող Աստված վերևից չփնտրի նրան, Ոչ էլ թող ցերեկվա լույսը շողա նրա վրա։   Թող խավարն ու թանձր ստվերը հետ պահանջեն նրան։ Թող անձրևի ամպը ծածկի նրան։ Թող օրը մթնեցնող բաները սարսափեցնեն նրան+։   Այդ գիշերը... Թող որ նա մթության մեջ ընկնի+, Թող նա չուրախանա տարվա օրերի մեջ, Թող լուսնային ամիսների թվում չմտնի նա։   Այդ գիշերը... Թող նա անպտուղ դառնա, Թող ուրախության ձայն չմտնի նրա մեջ+։   Թող այդ օրն անիծողները նզովեն նրան, Նրանք, որ պատրաստ են արթնացնելու լևիաթանին*+։   Թող նրա մթնշաղի աստղերը խավարեն, Թող նա սպասի լույսին, բայց այն չբացվի, Եվ թող որ այն չտեսնի լուսաբացի ճառագայթները, 10  Որովհետև չփակեց իմ մոր որովայնի+ դռները, Որ իմ աչքերից ծածկեր տառապանքը։ 11  Ինչո՞ւ արգանդից մեռած դուրս չեկա+։ Ինչո՞ւ որովայնից դուրս գալուց հետո չմեռա։ 12  Ինչո՞ւ ծնկները դիմավորեցին ինձ, Եվ ստինքները+, որ պետք է ծծեի։ 13  Հիմա ես անվրդով պառկած կլինեի+, Քնած կլինեի, կհանգստանայի+ 14  Երկրի թագավորների և խորհրդականների հետ+, Ովքեր իրենց համար կառուցել են տեղեր, որոնք հիմա ամայացած են+, 15  Կամ ոսկի ունեցող իշխանների հետ, Որոնք իրենց տները արծաթով են լցնում։ 16  Կամ էլ թաքցված վիժվածքի+ նման ես չէի լինի, Այն երեխաների նման, որոնք լույս չեն տեսել+։ 17  Այնտեղ ամբարիշտների տագնապը դադարել է+, Եվ ուժասպառ եղածները հանգստանում են այնտեղ+։ 18  Բանտարկյալները հանգստանում են միասին, Նրանք չեն լսում նրա ձայնը, ով ստիպում է իրենց աշխատել+։ 19  Մեծ ու փոքր նույնն են այնտեղ+, Եվ ստրուկը ազատված է իր տիրոջից։ 20  Ինչո՞ւ է նա լույս տալիս տառապյալին, Եվ կյանք՝ դառնացած հոգիներին+։ 21  Ինչո՞ւ գոյություն ունեն նրանք, ովքեր սպասում են մահվան, և այն չկա+, Չնայած որ թաքցված գանձերից այն ավելի շատ են որոնում։ 22  Նրանք, ում ուրախությունը բերկրանքի է հասնում, Նրանք, որ ցնծում են, քանի որ գերեզման են գտնում։ 23  Ինչո՞ւ է նա լույս տալիս մարդուն, որը կորցրել է իր ճանապարհը*+, Եվ որի առաջ Աստված արգելապատնեշ է դրել+։ 24  Ուտելիքիցս առաջ հառաչանքս է գալիս+, Եվ հեծեծանքս թափվում է ջրերի պես+, 25  Քանի որ սարսափազդու բանից սարսափեցի, և այն գալիս է ինձ վրա. Ինչից վախենում էի, ինձ մոտ է գալիս+։ 26  Կյանքս ո՛չ անհոգս է եղել, ո՛չ էլ անվրդով, Հանգիստ էլ չի եղել, բայց տագնապները դեռ գալիս են»։

Ծանոթագրություններ

Հվնբր «կոկորդիլոս» կամ «ծովահրեշ»։
Բառացի՝ «ճանապարհը ծածկված է»։