Հոբ 36:1-33
36 Եղիուսը շարունակեց ասել.
2 «Մի փոքր էլ համբերիր ինձ, և ես կհայտնեմ քեզ,
Որ հօգուտ Աստծու դեռ խոսքեր կան ասելու։
3 Գիտելիքներս ես հեռվից կբերեմ
Եվ ինձ Շինողին արդարություն կվերագրեմ+։
4 Իմ խոսքերն, անշուշտ, ստություն չեն,
Կատարյալ գիտելիքներ Ունեցողը+ քո առջև է։
5 Ահա Աստված հզոր է+ և մարդուն չի մերժի,
Նա հզոր է խելամիտ սրտով։
6 Ոչ մի ամբարշտի նա կենդանի չի թողնի+,
Բայց հարստահարվածներին արդարադատություն կտա+։
7 Իր աչքերը նա չի հեռացնի արդարից+։
Թագավորներին գահի վրա+
Կնստեցնի հավիտյան, և նրանք կբարձրանան։
8 Եթե մարդիկ ոտնակապերով կապվում են+,
Ապա դժբախտության պարաններով են բռնվում։
9 Այդ ժամանակ նա կպատմի նրանց իրենց գործելակերպի
Եվ հանցանքների մասին, քանի որ նրանք մեծամտացել են։
10 Նա կբացի նրանց ականջը դեպի հորդորը+
Եվ կասի, որ նրանք պետք է հեռանան չարիքից+։
11 Եթե հնազանդվեն ու ծառայեն,
Իրենց օրերը բարիքի մեջ կավարտեն
Եվ իրենց տարիները՝ հաճույքի մեջ+։
12 Իսկ եթե չհնազանդվեն, ապա նետից+ կկործանվեն+
Եվ առանց գիտելիքի կմեռնեն։
13 Սրտով հավատուրացները բարկություն են կուտակում+։
Նրանք օգնության չեն կանչի, քանի որ նա կապել է նրանց։
14 Նրանց հոգին երիտասարդ ժամանակ կմեռնի+,
Եվ նրանց կյանքը՝ տաճարային պոռնիկների*+ մեջ։
15 Հարստահարվածին նա կփրկի դժբախտությունից
Եվ կբացի նրանց ականջը կեղեքման ժամանակ։
16 Նա քեզ կհանի նեղության երախից+։
Դրա տեղը ոչ թե նեղվածք, այլ ընդարձակ տարածություն+ կլինի,
Ու սեղանիդ շուրջ մխիթարությունը առատ և պարարտ կլինի+։
17 Ամբարշտի+ դեմ կայացված շատ դատավճիռներ կտեսնես.
Դատավճիռն ու արդարությունը կմիաբանվեն։
18 Զգույշ եղիր, որ զայրույթը+ չհրապուրի քեզ, և դու չարակամորեն ծափ չտաս,
Թույլ մի՛ տուր, որ մեծ փրկագինը+ շեղի քեզ ճանապարհից։
19 Մի՞թե օգնության համար քո աղաղակը օգուտ կունենա+։ Ո՛չ, նեղության ժամանակ
Նույնիսկ հսկայական ջանքերդ անօգուտ կլինեն+։
20 Գիշերվան մի՛ տենչա,
Երբ ժողովուրդները նահանջում են իրենց տեղից։
21 Զգուշացիր, որ դեպի չար գործերը չդառնաս+,
Քանի որ դու դրանք նախընտրեցիր և ոչ թե վիշտը+։
22 Ահա Աստված մեծափառությամբ է գործի դնում իր զորությունը,
Ո՞վ է նրա պես ուսուցիչ։
23 Ո՞վ է նրանից հաշիվ պահանջել նրա ճանապարհի համար+,
Եվ ո՞վ է ասել. «Դու անարդարություն ես արել»+։
24 Հիշիր, որ դու պետք է մեծարես նրա գործերը+,
Որոնց մասին մարդիկ երգել են+։
25 Ողջ մարդկությունը աչքերը հառել է դրանց վրա,
Մահկանացու մարդը հեռվից է նայում+։
26 Նայի՛ր. Աստված մեր իմացածից ավելի մեծ է+,
Նրա տարիների թիվը անըմբռնելի է+։
27 Նա վեր է բարձրացնում ջրի կաթիլները+.
Դրանք անձրևի տեսքով ասես քամոցի միջով անցնում են, որ նրա մառախուղը դառնան,
28 Այնպես որ ամպերից ջուր է կաթկթում+,
Եվ ամպերը առատապես թափում են մարդկանց վրա։
29 Իրոք որ, ո՞վ կարող է հասկանալ ամպերի տարածվելը
Եվ այն որոտները, որ լսվում են նրա տաղավարից+։
30 Ահա նա տարածել է իր լույսը դրա վրա+
Եվ ծածկել է ծովի հատակը։
31 Դրանց միջոցով նա հօգուտ ժողովուրդների վարում է նրանց գործը+,
Նա առատ ուտելիք է տալիս+։
32 Իր ձեռքերում նա ծածկում է կայծակը
Եվ հրամայում է նրան հարվածել հակառակորդին+։
33 Նրա դղրդյունը+ պատմում է նրա մասին,
Եվ անասունները տեղեկացնում են նրա գալստյան մասին»։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ տղամարդիկ, որոնց տաճարում օգտագ. էին պոռնկության համար։