Հոբ 42:1-17
42 Հոբը պատասխանեց Եհովային՝ ասելով.
2 «Հիմա իմացա, որ դու ամեն ինչ կարող ես անել+,
Եվ չկա մի մտադրություն, որ անիրագործելի լինի քեզ համար+։
3 Դու հարցրիր. «Այդ ո՞վ է, որ մթնեցնում է խորհուրդը առանց գիտելիքի»+։
Ես խոսում էի, բայց չէի հասկանում
Ինձ համար չափազանց հիասքանչ բաները, որոնք ես չգիտեմ+։
4 Դու ասացիր. «Լսիր, խնդրեմ, և ես կխոսեմ.
Քեզ հարցեր կտամ, և դու տեղեկացրու ինձ»+։
5 Ականջովս լսել եմ քո մասին,
Բայց հիմա աչքս է տեսնում քեզ։
6 Դրա համար էլ խոսքերս հետ եմ վերցնում,
Փոշու և մոխրի մեջ զղջում եմ ես»+։
7 Այն բանից հետո, երբ Եհովան Հոբին ասաց այս խոսքերը, Եհովան Եղիփազ թեմանացուն ասաց.
«Բարկությունս բորբոքվել է քեզ վրա ու քո երկու ընկերների+ վրա, քանի որ իմ ծառա Հոբի պես ճշմարտությունը+ չխոսեցիք իմ մասին։
8 Հիմա վերցրեք յոթ ցուլ և յոթ խոյ+ ու գնացեք իմ ծառա Հոբի մոտ+, այնուհետև ձեզ համար ողջակեզներ մատուցեք, և իմ ծառա Հոբը կաղոթի ձեզ համար+։ Միայն նրան ես կլսեմ, որ չլինի թե ձեր խայտառակ հիմարությանը համապատասխան վարվեմ ձեզ հետ, քանի որ իմ ծառա Հոբի պես ճշմարիտը չխոսեցիք իմ մասին»+։
9 Ուստի Եղիփազ թեմանացին, Բաղդատ սովեցին և Սոֆար նաամացին գնացին ու արեցին այնպես, ինչպես Եհովան ասել էր իրենց, և Եհովան լսեց Հոբին։
10 Երբ Հոբը աղոթեց իր ընկերների համար+, Եհովան վերջ դրեց նրա նեղություններին+։ Եհովան կրկնակի ավելացրեց այն բոլոր բաները, որ Հոբն ուներ+։
11 Նրա բոլոր եղբայրները, բոլոր քույրերը և բոլոր նրանք, որ նախկինում ճանաչում էին Հոբին, գալիս էին նրա մոտ+։ Նրանք հաց էին ուտում նրա տանը+, կարեկցում էին նրան ու մխիթարում այն բոլոր փորձանքների համար, որ Եհովան թույլ էր տվել գալ նրա վրա, և յուրաքանչյուրը արծաթե մի կտոր ու ոսկե մատանի տվեց նրան։
12 Իսկ Եհովան Հոբի վերջը ավելի շատ օրհնեց+, քան նրա սկիզբը+, այնպես որ նա ունեցավ տասնչորս հազար ոչխար, վեց հազար ուղտ, հազար զույգ եզ ու հազար էգ էշ։
13 Նա նաև յոթ որդի ու երեք աղջիկ ունեցավ+։
14 Առաջին աղջկա անունը նա Եմիմա դրեց, երկրորդի անունը՝ Կասիա և երրորդի անունը՝ Կերեն-Հափուք։
15 Ամբողջ երկրում Հոբի աղջիկների պես գեղեցիկ աղջիկներ չկային, և նրանց հայրը նրանց ժառանգություն տվեց իրենց եղբայրների մեջ+։
16 Այս ամենից հետո Հոբը ապրեց հարյուր քառասուն տարի+, և նա տեսավ իր որդիներին ու իր թոռներին+՝ չորս սերունդ։
17 Եվ Հոբը մահացավ՝ ծերացած ու իր օրերից կշտացած+։