Հովհաննես 20:1-31

20  Մարիամ Մագդաղենացին շաբաթվա առաջին օրը+՝ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, եկավ գերեզման ու տեսավ, որ գերեզմանի մուտքին դրված քարը վերցված է+։  Նա վազելով եկավ Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտի+ մոտ, որին Հիսուսը սիրում էր, ու ասաց նրանց. «Տիրոջը տարել են գերեզմանից+, և չգիտենք, թե որտեղ են դրել նրան»։  Այդ ժամանակ Պետրոսը+ և մյուս աշակերտը դուրս եկան ու գնացին գերեզման։  Եվ երկուսով սկսեցին վազել, սակայն մյուս աշակերտը, ավելի արագ վազելով, առաջ անցավ Պետրոսից ու առաջինը հասավ գերեզման։  Նա կռանալով՝ տեսավ, որ պատանքը ընկած է+, բայց ներս չմտավ։  Սիմոն Պետրոսն էլ նրա հետևից եկավ ու մտավ գերեզման և տեսավ, որ պատանքն ընկած է+,  իսկ այն կտորը, որը նրա գլխին էր եղել, ոչ թե պատանքի հետ ընկած է, այլ առանձին փաթաթված ու մի կողմ է դրված։  Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ առաջինն էր գերեզման հասել, նույնպես ներս մտավ, տեսավ ու հավատաց։  Նրանք դեռ չէին հասկանում Սուրբ Գրքի այն խոսքը, թե նա պետք է հարություն առներ+։ 10  Եվ աշակերտները վերադարձան իրենց տները։ 11  Բայց Մարիամը դրսում գերեզմանի մոտ կանգնած լաց էր լինում։ Լացելով նա կռացավ, որպեսզի գերեզմանի ներսը նայի, 12  ու տեսավ սպիտակ հանդերձներով երկու հրեշտակ+՝ նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել, մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի։ 13  Նրանք հարցրին նրան. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նա պատասխանեց նրանց. «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել»։ 14  Այս խոսքերն ասելուց հետո նա շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, բայց չիմացավ, որ նա Հիսուսն է+։ 15  Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում։ Ո՞ւմ ես փնտրում»+։ Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա ինձ, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան»։ 16  Հիսուսն էլ ասաց. «Մարիա՛մ»+։ Նա էլ շրջվեց և եբրայերեն լեզվով ասաց. «Ռաբբունի՛+» (որը նշանակում է «ուսուցիչ»)։ 17  Հիսուսն ասաց նրան. «Մի՛ կառչիր ինձնից, որովհետև ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ։ Այլ գնա իմ եղբայրների մոտ+ և ասա նրանց, որ ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ+ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ+ և ձեր Աստծու մոտ»+։ 18  Մարիամ Մագդաղենացին գնաց և լուրը հայտնեց աշակերտներին՝ ասելով. «Ես Տիրո՛ջը տեսա»։ Նաև պատմեց այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր իրեն+։ 19  Այդ նույն օրը՝ շաբաթվա առաջին օրը+, աշակերտները երեկոյան հավաքվել էին։ Թեև հրեաներից վախենալու+ պատճառով նրանք դռները կողպել էին, Հիսուսը եկավ+ ու կանգնեց նրանց մեջ։ Նա ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»+։ 20  Այդ ասելուց հետո ցույց տվեց իր երկու ձեռքերն ու կողը+։ Տեսնելով Տիրոջը՝ աշակերտներն ուրախացան+։ 21  Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՛ւն ձեզ։ Ինչպես Հայրը ինձ ուղարկեց+, այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»+։ 22  Սա ասելուց հետո նա փչեց նրանց վրա ու ասաց. «Առե՛ք սուրբ ոգին+։ 23  Ում մեղքերը ներեք+, կներվեն, իսկ ում մեղքերը չներեք, չեն ներվի»+։ 24  Սակայն Թովմասը+՝ տասներկու առաքյալներից մեկը, որին Երկվորյակ էին անվանում, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ։ 25  Մյուս աշակերտները նրան ասացին. «Մենք տեսա՛նք Տիրոջը»։ Բայց նա ասաց. «Մինչև նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը, մատս չմտցնեմ մեխերի տեղը ու ձեռքս չմտցնեմ նրա կողը+, չեմ հավատա»+։ 26  Ութ օր հետո նրա աշակերտները դարձյալ հավաքվել էին ներսում, և Թովմասն էլ էր նրանց հետ։ Ու թեև դռները կողպված էին, Հիսուսը եկավ և կանգնելով նրանց մեջ՝ ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»+։ 27  Ապա Թովմասին ասաց. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս։ Ձեռքդ+ իմ կողը մտցրու և այլևս մի՛ եղիր անհավատ, այլ հավատ ունեցիր»։ 28  Թովմասը պատասխանեց նրան. «Տե՛ր իմ և աստվա՛ծ* իմ»+։ 29  Հիսուսն ասաց նրան. «Ինձ տեսար, դրա համա՞ր հավատացիր։ Երջանիկ են նրանք, ովքեր չեն տեսնում, բայց հավատում են»+։ 30  Ինչ խոսք, Հիսուսը ուրիշ շատ հրաշքներ էլ արեց աշակերտների առաջ, որ գրված չեն այս գրքում+։ 31  Բայց սրանք գրվեցին+, որ դուք հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով+՝ կյանք ունենաք նրա անվան շնորհիվ։

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ Աստվա՛ծ», այսինքն՝ Եհովայի Խոսնակ և Ներկայացուցիչ։