Հովհաննես 21:1-25

21  Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիա ծովի մոտ։ Նա այսպես հայտնվեց.  Սիմոն Պետրոսը, Երկվորյակ կոչվող Թովմասը+, Նաթանայելը+, որ Գալիլեայի Կանայից էր, Զեբեդեոսի+ որդիները և նրա աշակերտներից ուրիշ երկուսը միասին էին։  Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Ես գնում եմ ձուկ բռնելու»։ Նրանք էլ ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»։ Նրանք գնացին ու նավակը մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին+։  Երբ արդեն լուսանում էր, Հիսուսը կանգնած էր ծովափին, բայց աշակերտները չճանաչեցին, որ նա Հիսուսն է+։  Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրանք պատասխանեցին. «Ո՛չ»։  Նա էլ ասաց նրանց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»+։ Նրանք էլ գցեցին, սակայն ձկների շատության պատճառով չէին կարողանում այն դուրս քաշել+։  Եվ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր+, ասաց Պետրոսին+. «Տե՛րն է»։ Լսելով, որ Տերն է՝ Սիմոն Պետրոսը վերնահագուստն իր վրա գցեց, քանի որ մերկ էր, և ծովը նետվեց։  Իսկ մյուս աշակերտները նավակով եկան՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը։ Նրանք ցամաքից հեռու չէին՝ մոտ իննսուն մետր։  Երբ նրանք ցամաք դուրս եկան, տեսան ձկներ՝ տաք ածուխների+ վրա, ու հաց։ 10  Հիսուսը նրանց ասաց. «Բերեք այն ձկներից, որ նոր բռնեցիք»։ 11  Սիմոն Պետրոսն էլ նավակը մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր մեծ-​մեծ ձկներով՝ հարյուր հիսուներեք ձուկ։ Ու թեև ձկներն այդքան շատ էին, ցանցը չպատռվեց։ 12  Հիսուսն ասաց նրանց. «Եկեք նախաճաշեք»+։ Աշակերտներից ոչ ոք չհամարձակվեց հարցնելու նրան, թե՝ «դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ 13  Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացն ու տվեց նրանց+, նույնպես և ձուկը։ 14  Սա երրորդ անգամ էր+, որ Հիսուսը երևաց աշակերտներին հարություն առնելուց հետո։ 15  Երբ արդեն նախաճաշել էին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ սրանցից առավել»+։ Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»+։ Նա էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»+։ 16  Նորից՝ երկրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ*+ ես ինձ»։ Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»։ Նա էլ ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»+։ 17  Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ «սիրո՞ւմ ես ինձ»։ Ուստի պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն բան գիտես+, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»։ Հիսուսն էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառնուկներին+։ 18  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կկապի գոտիդ+ ու կտանի քեզ այնտեղ, ուր չես կամենա»+։ 19  Սա ասաց՝ ցույց տալու համար, թե ինչպիսի մահով+ է նա փառավորելու Աստծուն+։ Այնուհետև նրան ասաց. «Շարունակիր հետևել ինձ»+։ 20  Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուսը սիրում էր+, իրենց հետևից էր գալիս, նա, որ ընթրիքի ժամանակ հենվել էր Հիսուսի կրծքին ու հարցրել. «Տե՛ր, ո՞վ է նա, որ մատնելու է քեզ»։ 21  Տեսնելով նրան՝ Պետրոսը Հիսուսին հարցրեց. «Տե՛ր, իսկ նա՞»։ 22  Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ+, քե՞զ ինչ։ Դու շարունակի՛ր հետևել ինձ»։ 23  Ուստի եղբայրների մեջ այս խոսքը տարածվեց, թե այդ աշակերտը չի մահանալու։ Մինչդեռ Հիսուսը չասաց, թե նա չի մահանալու, այլ ասաց. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա+, մինչև որ ես գամ, քե՞զ ինչ»։ 24  Սա այն աշակերտն է+, ով վկայում է այս բաների մասին և գրի առավ այս բաները, ու գիտենք, որ նրա տված վկայությունը ճշմարիտ է+։ 25  Ուրիշ շատ բաներ էլ կան, որոնք Հիսուսն արեց և որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին, կարծում եմ, որ աշխարհն իսկ չէր կարողանա այդ գրված գրքերը տեղավորել+։

Ծանոթագրություններ

Հուն. ագապաո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ագապաո բառից։
Հուն. ֆիլեո բառից։
Հուն. ֆիլեո բառից։