Հովհաննես 6:1-71

6  Այս ամենից հետո Հիսուսն անցավ Գալիլեայի, կամ՝ Տիբերիայի ծովի* մյուս կողմը+։  Մի մեծ բազմություն էր գնում նրա հետևից, որովհետև տեսնում էին, թե ինչպես էր նա հրաշքով բուժում հիվանդներին+։  Հիսուսը մի լեռ բարձրացավ+ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։  Մոտ էր Պասեքը+՝ հրեաների տոնը։  Երբ Հիսուսը բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ մի մեծ բազմություն է գալիս իր մոտ, Փիլիպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար, որ ուտեն»+։  Նա այդպես ասաց, որ ստուգի նրան, որովհետև գիտեր, թե ինչ պիտի անի։  Փիլիպոսն էլ պատասխանեց. «Երկու հարյուր դինարի* հացը բավական չէ նրանց, որ ամեն մեկին մի քիչ հասնի»+։  Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց.  «Մի փոքր տղա հինգ գարեհաց+ և երկու փոքր ձուկ ունի։ Բայց դրանք ի՞նչ են այսքան շատ մարդկանց համար»+։ 10  Հիսուսն ասաց. «Նստեցրե՛ք մարդկանց»+։ Այնտեղ շատ խոտ կար։ Մարդիկ նստեցին, և միայն տղամարդիկ թվով մոտ հինգ հազար էին+։ 11  Հիսուսը վերցրեց հացերը և շնորհակալություն հայտնելուց հետո բաժանեց նրանց։ Նույն ձևով էլ փոքր ձկները բաժանեց, այնքան, որքան ուզեցին+։ 12  Իսկ երբ կշտացան+, իր աշակերտներին ասաց. «Հավաքե՛ք մնացած կտորտանքները, որ ոչինչ չկորչի»։ 13  Նրանք էլ հավաքեցին դրանք և տասներկու զամբյուղ լցրեցին այն հինգ գարեհացի կտորտանքներով, որ մնացել էին ուտելուց հետո+։ 14  Նրա կատարած հրաշքները տեսնելով՝ մարդիկ ասացին. «Իրոք, սա այն մարգարեն է+, որ պետք է գար աշխարհ»։ 15  Եվ Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց+։ 16  Երբ երեկո եղավ, նրա աշակերտներն իջան ծովեզերք+ 17  և նավ նստելով՝ ուղղություն վերցրին դեպի ծովի մյուս կողմը՝ Կափառնայում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ չէր եկել նրանց մոտ։ 18  Ծովը սկսեց ալեկոծվել, քանի որ ուժեղ քամի էր փչում+։ 19  Սակայն երբ արդեն մոտ հինգ կամ վեց կիլոմետր թիավարել էին, տեսան Հիսուսին, որ ծովի վրա քայլելով՝ նավին էր մոտենում, և նրանք վախեցան+։ 20  Բայց նա ասաց նրանց. «Այդ ե՛ս եմ։ Մի՛ վախեցեք»+։ 21  Ուստի նրանք ուրախությամբ նրան նավ վերցրին. շուտով նավը հասավ այն տեղը, ուր որ ուզում էին գնալ+։ 22  Հաջորդ օրը ծովի մյուս ափին կանգնած ժողովուրդը տեսավ, որ բացի մի նավակից, ուրիշ նավ չկա, և իմացավ, որ Հիսուսն էլ նավը չէր մտել իր աշակերտների հետ, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ 23  Այդ ընթացքում Տիբերիայից նավակներ մոտեցան այն վայրին, որտեղ նրանք կերել էին հացը, երբ Տերը շնորհակալություն էր հայտնել։ 24  Տեսնելով, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ և ո՛չ էլ նրա աշակերտները՝ ժողովուրդը նստեց այդ նավակներն ու եկան Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու+։ 25  Երբ նրան գտան ծովի մյուս կողմում, հարցրին. «Ռաբբի՛+, ե՞րբ եկար այստեղ»։ 26  Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ կերաք այն հացերից ու կշտացաք+։ 27  Աշխատեք ոչ թե կորչող ուտելիքի համար+, այլ այն ուտելիքի, որը մնայուն է և հավիտենական կյանք է տալիս+, և որը մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայրը՝ Աստված, իր հավանության կնիքն է դրել նրա վրա»+։ 28  Նրանք հարցրին. «Ի՞նչ անենք, որ Աստծուն հաճելի գործեր անենք»։ 29  Հիսուսն էլ պատասխանեց. «Աստծուն հաճելի գործն այն է, որ դուք հավատաք+ նրան, ում նա ուղարկեց»+։ 30  Իսկ նրանք ասացին. «Այդ դեպքում ի՞նչ նշան ցույց կտաս+, որ մենք տեսնենք ու հավատանք քեզ։ Դու ի՞նչ կանես։ 31  Մեր նախահայրերը մանանան+ կերան անապատում, ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց ուտելու»»+։ 32  Հիսուսն էլ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ոչ թե Մովսեսը ձեզ հաց տվեց երկնքից, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից+։ 33  Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»։ 34  Նրանք էլ ասացին. «Տե՛ր, միշտ տուր մեզ այդ հացը»+։ 35  Հիսուսն ասաց նրանց. «Ե՛ս եմ կյանքի հացը։ Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի+։ 36  Բայց ինչպես արդեն ասել եմ ձեզ՝ թեև դուք ինձ տեսնում եք, սակայն չեք հավատում+։ 37  Յուրաքանչյուրը, ում Հայրը ինձ է տալիս, ինձ մոտ կգա, և ինձ մոտ եկողին ես երբեք դուրս չեմ անի+, 38  որովհետև ես իջա երկնքից+, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը+։ 39  Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ես ոչ մեկին չկորցնեմ նրանցից, ում նա տվել է ինձ, այլ որ հարություն տամ+ վերջին օրը, 40  որովհետև սա է իմ Հոր կամքը, որ ամեն ոք, ով տեսնում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա+, և ես հարություն կտամ նրան վերջին օրը»+։ 41  Հրեաները սկսեցին տրտնջալ նրա դեմ, որովհետև ասաց, թե՝ «ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»+։ 42  Նրանք ասացին+. «Սա Հովսեփի+ որդի Հիսուսը չէ՞, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք։ Ուրեմն ինչպե՞ս է ասում, թե՝ «ես երկնքից եմ իջել»»։ 43  Հիսուսն էլ պատասխանեց նրանց. «Բավակա՛ն է տրտնջաք։ 44  Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան+, և վերջին օրը ես նրան հարություն կտամ+։ 45  Մարգարեների գրվածքներում գրված է. «Նրանք բոլորը Եհովայից ուսուցանված կլինեն»+։ Ամեն ոք, ով լսում է Հորը և սովորում է, ինձ մոտ է գալիս+։ 46  Դա չի նշանակում, որ ինչ-​որ մեկը տեսել է Հորը+. միայն նա է տեսել Հորը, ով Աստծուց է+։ 47  Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի+։ 48  Ես եմ կյանքի հացը+։ 49  Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան+, բայց մահացան։ 50  Ով ուտի երկնքից իջած հացը, չի մահանա։ 51  Ես եմ այն կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է+. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»+։ 52  Դա լսելով՝ հրեաները սկսեցին իրար հետ վիճել. «Ինչպե՞ս կարող է այս մարդը իր մարմինը մեզ տալ ուտելու համար»։ 53  Հիսուսն էլ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. մինչև չուտեք մարդու Որդու մարմինը+ և չխմեք նրա արյունը+, կյանք չեք ունենա+ ձեզանում։ 54  Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը. 55  որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ 56  Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, միության մեջ է մնում ինձ հետ, ես էլ նրա հետ+։ 57  Ինչպես որ կենդանի+ Հայրը ուղարկեց ինձ, և ես ապրում եմ Հոր շնորհիվ, այնպես էլ նա, ով ուտում է իմ մարմինը, իմ շնորհիվ կապրի+։ 58  Սա է երկնքից իջած հացը։ Սա նման չէ այն մեկին, որը ձեր նախահայրերը կերան, բայց մահացան։ Նա, ով այս հացն է ուտում, հավիտյան կապրի»+։ 59  Այս բաները նա ասաց, երբ Կափառնայումում սովորեցնում էր հավաքված մարդկանց։ 60  Սա լսելով՝ նրա աշակերտներից շատերն ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»+։ 61  Սակայն Հիսուսը, իմանալով, որ իր աշակերտները տրտնջում են այդ բանի համար, նրանց ասաց. «Դա գայթակղեցնո՞ւմ է+ ձեզ։ 62  Իսկ ի՞նչ կլինի, եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր+։ 63  Ոգին է, որ կյանք է տալիս+, մարմինը ոչ մի բանով օգտակար չէ։ Այն խոսքերը, որ ձեզ ասացի, ոգի+ են և կյանք+։ 64  Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Հիսուսը սկզբից ևեթ գիտեր, թե ովքեր չէին հավատում, և ով էր լինելու իրեն մատնողը+, 65  ուստի շարունակեց. «Ահա թե ինչու ես ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հոր կողմից չտրվի նրան»+։ 66  Այս պատճառով նրա աշակերտներից շատերը հետ դարձան իրենց նախկին գործերին+ և այլևս չէին շրջում նրա հետ+։ 67  Ուստի Հիսուսն ասաց տասներկու առաքյալներին. «Դո՞ւք էլ եք ուզում գնալ»։ 68  Սիմոն Պետրոսը+ պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք+։ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դու ունես+, 69  և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը»+։ 70  Հիսուսն էլ ասաց նրանց. «Ես ընտրեցի ձեզ՝ տասներկուսիդ+, սակայն ձեզանից մեկը զրպարտիչ է»+։ 71  Նա խոսում էր Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու մասին, քանի որ նա պատրաստվում էր մատնել+ նրան, չնայած որ տասներկու առաքյալներից մեկն էր։

Ծանոթագրություններ

Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»-ի ծնթ.։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։