Ղուկաս 12:1-59
12 Այդ ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին, այնքան շատ, որ իրար ոտքեր էին կոխոտում, և Հիսուսը սկսեց խոսել՝ նախ դիմելով իր աշակերտներին. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից+, այսինքն՝ կեղծավորությունից+։
2 Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի+։
3 Ուստի ինչ որ խավարում ասեք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ սենյակներում շշուկով ասեք, տանիքների վրայից կհռչակվի+։
4 Ասում եմ ձեզ, ի՛մ ընկերներ+, մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել+։
5 Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք նրանից+, ով սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի* մեջ նետելու+։ Այո՛, ասում եմ ձեզ, Նրանի՛ց վախեցեք+։
6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով*, սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ+։
7 Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի բոլոր մազերն+ անգամ հաշվված են։ Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք+։
8 Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի+, որ իմ աշակերտն է, մարդու Որդին էլ նրան իր աշակերտը կդավանի Աստծու հրեշտակների առաջ+։
9 Իսկ ով որ ինձ ուրանա+ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ+։
10 Եվ ով որ մարդու Որդու դեմ մի խոսք ասի, կներվի նրան, բայց ով որ սուրբ ոգու դեմ հայհոյի, չի ներվի+։
11 Երբ ձեզ տանեն հանրային հավաքույթների, պետական պաշտոնյաների և իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես պիտի ձեզ պաշտպանեք և ինչ պիտի ասեք+,
12 որովհետև սուրբ ոգին+ հենց նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պիտի ասեք»+։
13 Այդ ժամանակ ժողովրդի միջից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։
14 Նա էլ ասաց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց+ ձեզ վրա»։
15 Ապա ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից+, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»+։
16 Եվ նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց։
17 Նա սկսեց խորհել. «Հիմա ի՞նչ անեմ, բերքս ամբարելու տեղ չունեմ»։
18 Ուստի ասաց. «Ահա՛ թե ինչ կանեմ+. իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, իմ ամբողջ ցորենն ու բարիքները այնտեղ կհավաքեմ+
19 և իմ հոգուն կասեմ+. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»+։
20 Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից+։ Ո՞ւմ են մնալու քո դիզած բաները»+։
21 Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ»+։
22 Այնուհետև իր աշակերտներին ասաց. «Հետևաբար ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք, և ոչ էլ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք+։
23 Չէ՞ որ հոգին ուտելիքից ավելի թանկ է, և մարմինը՝ հագուստից։
24 Նայեք ագռավներին+, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից+։
25 Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով* երկարացնել+։
26 Ուրեմն եթե ամենափոքր բանը չեք կարող անել, էլ ի՞նչ կարիք կա մտահոգվելու+ մնացած բաների համար։
27 Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում+. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց+։
28 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ+։
29 Ուրեմն հոգս մի՛ արեք, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և մի՛ մտատանջվեք+,
30 քանի որ աշխարհի ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ ամենը, բայց ձեր Հայրը գիտի, որ դրանք անհրաժեշտ են ձեզ+։
31 Դուք շարունակեք նրա թագավորությունը փնտրել, և այդ ամենը կտրվի ձեզ+։
32 Մի՛ վախեցիր+, փո՛քր հոտ+, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա+։
33 Վաճառե՛ք+ ձեր ունեցվածքը և ողորմության նվերներ տվեք+։ Ձեզ համար չմաշվող քսակներ պատրաստեք՝ չսպառվող գանձեր երկնքում+, որտեղ ո՛չ գողն է հասնում, ո՛չ էլ ցեցն է ոչնչացնում։
34 Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի+։
35 Թող ձեր մեջքերը+ գոտևորված լինեն, և ձեր ճրագները+՝ վառված,
36 իսկ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը+ երբ կվերադառնա հարսանիքից+, որպեսզի երբ գա և դուռը թակի+, նրանք անմիջապես բաց անեն նրա առաջ։
37 Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ գա+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա գոտին կկապի+, սեղանի շուրջ թիկնել կտա նրանց և մոտ գալով՝ սպասավորություն կանի նրանց+։
38 Իսկ եթե նա տեղ հասնի գիշերվա երկրորդ պահին* կամ նույնիսկ երրորդին* և նրանց արթուն գտնի, ապա երջանիկ են նրանք+։
39 Բայց սա՛ իմացեք, որ եթե տանտերը իմանա, թե որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն+։
40 Դուք նույնպես պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում»+։
41 Պետրոսն ասաց. «Տե՛ր, այս առակը մե՞զ ես ասում, թե՞ նաև մյուսներին»։
42 Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն+ տնտեսը+, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի նրանց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին+։
43 Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, գալով, նրան այդպես անելիս գտնի+։
44 Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա+։
45 Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ «իմ տերը ուշանում է գալ»+, սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտի, խմի ու հարբի+,
46 այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին, որ նա չգիտի+, և խստությամբ կպատժի նրան ու նրա բաժինը կդնի անհավատարիմների հետ+։
47 Այդ ժամանակ այն ծառան, որը հասկացել է իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստվել կամ չի վարվել նրա կամքի համաձայն, շատ կծեծվի+։
48 Իսկ նա, որը առանց հասկանալու+ է ծեծի արժանի բաներ արել, քիչ կծեծվի+։ Ում որ շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի+, և ում որ շատ են վստահել, սովորականից շատ կպահանջեն նրանից+։
49 Ես եկա, որ կրակ գցեմ+ երկրի վրա, և դրանից ավել ի՞նչ կամենամ, եթե այն արդեն բորբոքված է։
50 Մի մկրտություն կա, որով ես պիտի մկրտվեմ, և որքա՜ն եմ մտահոգվում, մինչև որ այն ավարտվի+։
51 Կարծում եք, թե ես եկա խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա։ Ո՛չ, ասում եմ ձեզ, հակառակը՝ բաժանում+։
52 Այսուհետև մեկ տան մեջ հինգ հոգի իրարից բաժանված կլինեն. երեքը՝ երկուսի դեմ կլինեն, և երկուսը՝ երեքի+։
53 Հայրը կբաժանվի որդուց, որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ սկեսրոջից»+։
54 Ապա նա ժողովրդին ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է բարձրանում, իսկույն ասում եք՝ «փոթորիկ է լինելու», և այդպես էլ լինում է+։
55 Եվ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «սաստիկ շոգ է լինելու», և լինում է։
56 Կեղծավորնե՛ր, գիտեք, թե ինչպես արտաքինից քննել երկինքն ու երկիրը, բայց ինչպե՞ս է, որ չգիտեք, թե ինչպես քննել այս ժամանակը+։
57 Ինչո՞ւ ինքներդ չեք դատում, թե ինչն է արդար+։
58 Երբ քո հակառակորդի հետ գնում ես իշխանի մոտ, ձգտիր վեճդ ճանապարհին հարթել նրա հետ, որ քեզ չտանի դատավորի մոտ, դատավորն էլ չհանձնի քեզ դատավճիռն իրականացնողին, իսկ նա քեզ բանտը չնետի+։
59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև որ վերջին լումադ չվճարես»+։