Ղուկաս 18:1-43
18 Հետո նա մի առակ պատմեց նրանց այն մասին, թե ինչու պետք է միշտ աղոթք անեն և չհանձնվեն+.
2 «Մի քաղաքում մի դատավոր կար, որ Աստծուց չէր վախենում և մարդկանց չէր հարգում։
3 Այդ քաղաքում մի այրի կին էլ կար, որը շարունակ նրա մոտ էր գնում+ ու ասում. «Արդար դատ տես իմ և իմ հակառակորդի միջև»։
4 Մի որոշ ժամանակ դատավորը չէր ուզում նրա խնդրանքը կատարել, բայց հետո ինքն իրեն ասաց. «Թեպետ չեմ վախենում Աստծուց և մարդկանց չեմ հարգում,
5 բայց քանի որ այս այրին շարունակ անհանգստացնում է ինձ+, արդար դատ տեսնեմ նրա համար, որպեսզի անընդհատ չգա ու հոգիս չհանի»»+։
6 Եվ Տերն ասաց. «Լսեցի՞ք, թե անարդար դատավորն ինչ ասաց։
7 Ուրեմն մի՞թե Աստված այնպես չի անի, որ արդարադատություն+ ի գործ դրվի իր ընտրյալների համար, որոնք օր ու գիշեր աղաղակում են նրան, չնայած որ նա համբերատար+ է նրանց նկատմամբ։
8 Ասում եմ ձեզ. նա այնպես կանի, որ իսկույն արդարադատություն ի գործ դրվի նրանց համար+։ Այնուհանդերձ, երբ մարդու Որդին գա, արդյոք այսպիսի հավատ կգտնի՞ երկրի վրա»։
9 Իսկ նրանց, ովքեր վստահ էին, թե արդար են+, և ովքեր ուրիշներին ոչինչ էին համարում+, այս առակը պատմեց.
10 «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։
11 Փարիսեցին կանգնեց+ ու սկսեց իր մտքում աղոթել+. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես+։
12 Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»+։
13 Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում+՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»+։
14 Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված+, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»+։
15 Մարդիկ Հիսուսի մոտ մանուկներ բերեցին, որպեսզի նա դիպչի նրանց, բայց դա տեսնելով՝ աշակերտները սաստեցին բերողներին+։
16 Սակայն Հիսուսը պատվիրեց, որ մանուկներին բերեն իր մոտ ու ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը+։
17 Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»+։
18 Մի իշխան հարցրեց նրան. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։
19 Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված+։
20 Դու գիտես պատվիրանները+՝ «շնություն մի՛ գործիր+, մի՛ սպանիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, պատվի՛ր քո հորը և մորը»»+։
21 Նա էլ ասաց. «Այդ ամենը ես մանկությունից պահել եմ»+։
22 Լսելով դա՝ Հիսուսն ասաց նրան. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. վաճառիր ողջ ունեցվածքդ ու աղքատներին բաժանիր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։
23 Սա լսելով՝ նա խորապես տրտմեց, որովհետև շատ հարուստ էր+։
24 Հիսուսը նայեց նրան ու ասաց. «Որքա՜ն դժվար կլինի փող ունեցողների համար Աստծու թագավորություն մտնել+։
25 Իրականում ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։
26 Ովքեր լսեցին սա, ասացին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»։
27 Նա էլ ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է»+։
28 Իսկ Պետրոսն ասաց. «Ահա մենք ամեն բան թողել և քեզ ենք հետևել»+։
29 Նա էլ ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, կին, եղբայրներ, ծնողներ կամ զավակներ Աստծու թագավորության համար+,
30 որ այս ժամանակում ինչ-որ ձևով չստանա բազմապատիկը և գալիք աշխարհում*՝ հավիտենական կյանքը»+։
31 Հետո նա մի կողմ տարավ տասներկու առաքյալներին ու ասաց. «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդու մասին մարգարեների գրած բոլոր բաները+ պիտի կատարվեն+։
32 Նա պիտի մատնվի ուրիշ ազգերի մարդկանց ձեռքը, և նրան կծաղրեն+, կանարգեն+ ու կթքեն+ նրա վրա.
33 և խարազանելուց+ հետո կսպանեն+, բայց երրորդ օրը նա հարություն կառնի»+։
34 Սակայն նրանք այս ամենից և ոչ մի բան չէին հասկանում, որովհետև այս խոսքերի իմաստը ծածկված էր նրանցից, և նրանք չգիտեին, թե ինչի մասին է նա խոսում+։
35 Հիսուսը մոտենում էր Երիքովին։ Ճանապարհի եզրին մի կույր մուրացկան էր նստած+։
36 Լսելով, որ մարդկանց բազմություն է անցնում՝ նա հարցրեց, թե ինչ է կատարվում։
37 Նրան ասացին. «Հիսուս նազովրեցին է անցնում»+։
38 Նա էլ աղաղակեց. «Հիսո՛ւս, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։
39 Առջևից գնացողները խստորեն պատվիրեցին նրան, որ լուռ մնա, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։
40 Հիսուսն էլ կանգնեց ու պատվիրեց, որ այդ մարդուն իր մոտ բերեն+։ Երբ նա մոտեցավ, Հիսուսը հարցրեց նրան.
41 «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»+։ Նա ասաց. «Տե՛ր, այնպես արա, որ աչքերս նորից տեսնեն»+։
42 Եվ Հիսուսն ասաց նրան. «Թող տեսնեն։ Քո հավատը բուժեց քեզ»+։
43 Նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց+, և նա գնաց Հիսուսի հետևից՝ փառաբանելով Աստծուն+։ Ամբողջ ժողովուրդը, դա տեսնելով, գովաբանում էր Աստծուն։
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։