Ղևտական 13:1-59

13  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Եթե մարդու մաշկի վրա ցան, կեղանք+ կամ հետք առաջանա, և նրա մաշկի վրա այն վերածվի բորոտության+ ախտանիշի, ապա նրան հարկավոր է բերել Ահարոն քահանայի կամ նրա որդիներից՝ քահանաներից մեկի մոտ+։  Քահանան կզննի մաշկի վրայի խոցը+։ Եթե խոցի վրայի մազերը սպիտակել են, և խոցը մաշկից ավելի խորն է երևում, ապա դա բորոտություն է։ Քահանան կզննի այն ու նրան անմաքուր կհայտարարի։  Սակայն եթե հետքը սպիտակ է մաշկի վրա ու մաշկից ավելի խորը չի երևում, և դրա վրայի մազերը չեն սպիտակել, քահանան յոթ օրով կմեկուսացնի+ հիվանդին։  Յոթերորդ օրը քահանան կզննի նրան, և եթե այդ հետքի տեսքը չի փոխվել, ու խոցը չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան ևս յոթ օրով կմեկուսացնի նրան+։  Յոթերորդ օրը քահանան դարձյալ պետք է զննի նրան, և եթե խոցը գունատ է դարձել ու չի տարածվել ամբողջ մաշկի վրա, ապա քահանան մաքուր կհայտարարի նրան։ Դա կեղանք էր։ Նա պետք է լվանա իր հանդերձները և դրանից հետո մաքուր կլինի։  Բայց եթե նա արդեն երևացել է քահանային, և հաստատվել է, որ նա մաքուր է, սակայն դրանից հետո կեղանքը ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, ապա նա երկրորդ անգամ պետք է հայտնվի քահանային+,  ու քահանան կզննի նրան. եթե կեղանքը տարածվել է մաշկի վրա, քահանան անմաքուր կհայտարարի նրան։ Դա բորոտություն է+։  Եթե մարդու վրա բորոտության ախտանիշ հայտնվի, ապա նրան հարկավոր է բերել քահանայի մոտ։ 10  Քահանան կզննի նրան+, և եթե մաշկի վրա սպիտակ ցան կա, դրա վրայի մազերը սպիտակել են, ու ցանի վրա կենդանի միս+ կա, 11  ապա դա քրոնիկ բորոտություն է+ նրա մաշկի վրա. քահանան նրան անմաքուր կհայտարարի։ Նա չպետք է մեկուսացնի+ նրան, քանի որ նա անմաքուր է։ 12  Եթե բորոտությունը ակնհայտորեն տարածվի ախտանիշ ունեցողի մաշկի վրա և ծածկի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, որքան որ քահանայի աչքերը կարող են տեսնել, 13  ու եթե քահանան տեսնի, որ բորոտությունը ծածկել է նրա ամբողջ մարմինը, ապա նա հիվանդին մաքուր կհայտարարի. այն ամբողջությամբ սպիտակել է։ Նա մաքուր է։ 14  Բայց այն օրը, երբ նրա վրա կենդանի միս հայտնվի, նա անմաքուր կլինի։ 15  Քահանան+ կզննի կենդանի միսը և մարդուն անմաքուր կհայտարարի։ Կենդանի միսն անմաքուր է։ Դա բորոտություն է+։ 16  Իսկ եթե կենդանի միսն իր նախկին տեսքն ընդունի և սպիտակի, ապա մարդը քահանայի մոտ պետք է գա։ 17  Քահանան կզննի նրան+, ու եթե խոցը սպիտակել է, քահանան հիվանդին մաքուր կհայտարարի։ Նա մաքուր է։ 18  Եթե մեկի մաշկի վրա պալար առաջանա+, և այն բուժվի, 19  ու պալարի տեղը սպիտակ ցան կամ կարմրասպիտակավուն հետք առաջանա, ապա նա քահանային պետք է ներկայանա։ 20  Քահանան կզննի այն+, ու եթե այն մաշկից ավելի խորն է երևում, և դրա վրայի մազերը սպիտակել են, ապա քահանան նրան անմաքուր կհայտարարի։ Դա բորոտություն է։ Այն պալարի վրա է առաջացել։ 21  Սակայն եթե քահանան զննի այն ու տեսնի, որ դրա վրա սպիտակ մազեր չկան ու մաշկից ավելի խորը չէ և գունատ է, ապա քահանան յոթ օրով կմեկուսացնի նրան+։ 22  Իսկ եթե այն ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, ապա քահանան անմաքուր կհայտարարի նրան։ Դա հիվանդություն է։ 23  Սակայն եթե հետքը մնա իր տեղում և չտարածվի, ապա դա պալարի բորբոքում է+։ Քահանան նրան մաքուր կհայտարարի+։ 24  Եթե մաշկի վրա կրակի պատճառով սպի առաջանա, ու սպիի կենդանի միսը կարմրասպիտակավուն կամ սպիտակ հետք դառնա, 25  քահանան պետք է զննի այն։ Եթե հետքի վրայի մազերը սպիտակել են, և այն մաշկից ավելի խորն է երևում, ապա դա բորոտություն է։ Այն առաջացել է սպիի վրա, և քահանան նրան անմաքուր կհայտարարի։ Դա բորոտություն է։ 26  Սակայն եթե քահանան զննի այն ու տեսնի, որ հետքի վրա սպիտակ մազեր չկան, այն մաշկից ավելի խորը չէ և գունատ է, ապա քահանան յոթ օրով կմեկուսացնի նրան։ 27  Յոթերորդ օրը քահանան կզննի նրան։ Եթե այն ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, ապա քահանան նրան անմաքուր կհայտարարի։ Դա բորոտություն է։ 28  Սակայն եթե հետքը մնացել է իր տեղում, չի տարածվել մաշկի վրա և գունատ է, ապա դա ցան է սպիի վրա։ Քահանան նրան մաքուր կհայտարարի, քանի որ այն սպիի բորբոքում է։ 29  Իսկ եթե որևէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրա խոց առաջանա, 30  քահանան+ կզննի խոցը, ու եթե այն մաշկից ավելի խորն է երևում, նրա վրայի մազերը դեղին են ու սակավ, ապա քահանան այդպիսի մարդուն անմաքուր կհայտարարի։ Դա անբնական մազաթափություն է+։ Դա գլխի կամ կզակի բորոտություն է։ 31  Բայց եթե քահանան զննի այդ անբնական մազաթափությունը և տեսնի, որ այն մաշկից ավելի խորը չի երևում, և նրա վրա սև մազեր չկան, ապա քահանան յոթ օրով կմեկուսացնի հիվանդին+, որը մազաթափություն ունի+։ 32  Յոթերորդ օրը քահանան պետք է զննի խոցը, ու եթե անբնական մազաթափությունը չի տարածվել, այդտեղ դեղին մազեր չեն գոյացել, և մազաթափությունը+ մաշկից ավելի խորը չի երևում, 33  ապա նա պիտի սափրվի, բայց մազաթափության տեղը չպետք է սափրի+։ Քահանան կրկին պետք է յոթ օրով մեկուսացնի մազաթափություն ունեցող հիվանդին։ 34  Յոթերորդ օրը քահանան պետք է զննի մազաթափության տեղը, և եթե այն չի տարածվել մաշկի վրա ու մաշկից ավելի խորը չի երևում, ապա քահանան նրան մաքուր կհայտարարի+։ Նա պետք է լվանա իր հանդերձները և դրանից հետո մաքուր կլինի։ 35  Սակայն եթե նրա մաքուր լինելը հաստատվելուց հետո անբնական մազաթափությունը ակնհայտորեն տարածվել է մաշկի վրա, 36  քահանան+ պետք է զննի նրան, ու եթե մազաթափությունը տարածվել է նրա մաշկի վրա, ապա քահանան չպետք է զննի՝ դեղին մազեր կան թե ոչ. նա անմաքուր է։ 37  Բայց եթե երևա, որ անբնական մազաթափությունը դադարել է, և այդ տեղում սև մազեր են աճել, ապա մազաթափությունը բուժվել է։ Նա մաքուր է, և քահանան նրան մաքուր կհայտարարի+։ 38  Եթե որևէ տղամարդու կամ կնոջ մաշկի վրա հետքեր+՝ սպիտակ հետքեր առաջանան, 39  ապա քահանան պետք է զննի դրանք+։ Եթե մաշկի վրայի հետքերը խամրած սպիտակ գույնի լինեն, ապա դա անվտանգ ցան է։ Այն առաջացել է մաշկի վրա։ Նա մաքուր է։ 40  Եթե տղամարդու գլուխը ճաղատանա+, ապա դա ճաղատություն է։ Նա մաքուր է։ 41  Եթե նրա գլուխը առջևի մասից ճաղատանա, ապա դա ճակատի ճաղատություն է։ Նա մաքուր է։ 42  Բայց եթե նրա գագաթի կամ ճակատի ճաղատության վրա կարմրասպիտակավուն խոց առաջանա, ապա դա բորոտություն է, որն առաջացել է նրա գագաթի կամ ճակատի ճաղատության վրա։ 43  Քահանան կզննի նրան+, ու եթե նրա գագաթի կամ ճակատի ճաղատության վրա կարմրասպիտակավուն ցան լինի՝ մաշկի վրա առաջացած բորոտության նման, 44  ապա նա բորոտ է։ Նա անմաքուր է։ Քահանան պետք է անմաքուր հայտարարի նրան։ Նրա գլխին բորոտություն կա։ 45  Խոց ունեցող բորոտի հանդերձները հարկավոր է պատռել+, նրա գլուխը պետք է անխնամ լինի+, նա պետք է ծածկի իր բերանը*+ ու բղավի. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»+։ 46  Հիվանդության բոլոր օրերին նա անմաքուր կլինի։ Նա անմաքուր է։ Նա մեկուսացած պետք է բնակվի։ Նրա բնակության տեղը ճամբարից դուրս պետք է լինի+։ 47  Իսկ եթե հագուստի վրա բորոտության ախտանիշ առաջանա՝ լինի բրդյա թե կտավե հագուստ, 48  կտավի ու բրդի հենք+ կամ միջնաթել, կաշի կամ կաշվից պատրաստված որևէ իր+, 49  և այդ հագուստի, կաշվի, հենքի, միջնաթելի կամ կաշվից պատրաստված որևէ իրի վրա դեղնականաչավուն կամ կարմրավուն հետք առաջանա, ապա դա բորոտության ախտանիշ է։ Այն հարկավոր է քահանային ցույց տալ։ 50  Քահանան կզննի հետքը+ և յոթ օրով կմեկուսացնի+ այն իրը, որի վրա բորոտության նշան կա։ 51  Յոթերորդ օրը նա կզննի հետքը, ու եթե այն տարածվել է հագուստի, հենքի, միջնաթելի+ և կաշվի վրա, ինչ նպատակով էլ որ կաշին գործածվում է, ապա այդ հետքը չարորակ բորոտություն է+։ Այն անմաքուր է։ 52  Նա պետք է այրի հագուստը, բրդի ու կտավի+ մեջ եղող հենքն ու միջնաթելը կամ ցանկացած կաշվե իր, որի վրա առաջացել է հետքը, քանի որ դա չարորակ բորոտություն է+։ Այն կրակով պետք է այրվի։ 53  Սակայն եթե քահանան զննի ու տեսնի, որ հետքը չի տարածվել հագուստի, հենքի, միջնաթելի կամ որևէ կաշվե իրի վրա+, 54  ապա քահանան պետք է պատվիրի լվանալ այն իրը, որի վրա հետք կա, ու ևս յոթ օրով պետք է մեկուսացնի այն։ 55  Այն բանից հետո, երբ այդ իրը լվացվի, քահանան կզննի հետքը, ու եթե հետքի տեսքը փոխված չլինի, ապա թեև այն չի տարածվել, անմաքուր է։ Այն կրակով այրիր։ Ախտը ներսից ու դրսից կերել է այն։ 56  Բայց եթե քահանան զննի ու տեսնի, որ լվանալուց հետո հետքը խամրել է, ապա հագուստի, կաշվի, հենքի կամ միջնաթելի վրայից պետք է պոկի այդ մասը։ 57  Իսկ եթե այն դարձյալ երևա հագուստի, հենքի, միջնաթելի+ կամ կաշվե իրի վրա, ապա այն տարածվում է։ Կրակով այրիր+ ցանկացած բան, որի վրա կա այդ հետքը։ 58  Այն բանից հետո, երբ հագուստը, հենքը, միջնաթելը կամ կաշվե իրը լվանաս, և դրա վրայից հետքն անհետանա, ապա դա պետք է երկրորդ անգամ լվացվի ու հետո մաքուր կլինի։ 59  Սա է բրդյա կամ կտավե հագուստի+, հենքի, միջնաթելի կամ կաշվե որևէ իրի վրա եղող բորոտության մասին օրենքը, որպեսզի այն մաքուր կամ անմաքուր հայտարարվի»։

Ծանոթագրություններ

Կամ՝ «բեղերը»։