Մատթեոս 14:1-36
14 Այդ ժամանակ մարզի կառավարիչ Հերովդեսը, լսելով Հիսուսի մասին+,
2 իր ծառաներին ասաց. «Սա Հովհաննես Մկրտիչն է։ Նա հարություն է առել, այդ պատճառով էլ զորավոր գործեր են արվում նրա ձեռքով»+։
3 Մինչ այդ Հերովդեսը ձերբակալել էր Հովհաննեսին, կապել էր և բանտը գցել իր եղբայր Փիլիպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով+,
4 որովհետև Հովհաննեսն ասում էր նրան. «Օրենքին դեմ է, որ նա քո կինը լինի»+։
5 Թեև Հերովդեսը ցանկանում էր սպանել նրան, սակայն վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպես մարգարե+ էին ընդունում։
6 Սակայն երբ Հերովդեսի ծննդյան տարեդարձն+ էին տոնում, Հերովդիայի աղջիկը հյուրերի առաջ պարեց, և դա այնքան հաճելի եղավ Հերովդեսին,
7 որ նա երդվեց նրան տալ այն ամենը, ինչ որ նա խնդրի+։
8 Նա էլ, իր մորից խրատված լինելով, ասաց նրան. «Սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը տուր»+։
9 Թագավորը թեպետև տխրեց, սակայն իր երդումների և իր հետ թիկնած մարդկանց պատճառով հրամայեց, որ տան+։
10 Նա մարդ ուղարկեց ու Հովհաննեսին բանտում գլխատել տվեց։
11 Եվ նրա գլուխը, սկուտեղի վրա դրած, բերեցին ու տվեցին աղջկան, նա էլ իր մորը տվեց+։
12 Հետո Հովհաննեսի աշակերտները եկան, դիակը տարան ու թաղեցին+, ապա գնացին ու պատմեցին Հիսուսին։
13 Երբ Հիսուսը լսեց այդ մասին, նավով հեռացավ այնտեղից և առանձնանալու համար գնաց մի մեկուսի վայր+, բայց ժողովուրդը, այդ մասին լսելով, քաղաքներից ոտքով գնաց նրա հետևից։
14 Նավից իջնելով՝ Հիսուսը մի մեծ բազմություն տեսավ և խղճաց+ նրանց ու բուժեց հիվանդներին+։
15 Իսկ երբ երեկո եղավ, նրա աշակերտները եկան նրա մոտ ու ասացին. «Այս տեղը ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է, արձակիր ժողովրդին, որ գնան գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն»+։
16 Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Հարկ չկա, որ նրանք գնան։ Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»+։
17 Նրանք էլ ասացին. «Այստեղ հինգ հացից ու երկու ձկից բացի, ուրիշ բան չունենք»+։
18 Նա ասաց. «Ինձ մոտ բերեք դրանք»։
19 Այնուհետև ժողովրդին պատվիրեց խոտերի վրա նստել, վերցրեց հինգ հացը և երկու ձուկը ու դեպի երկինք նայելով՝ օրհնեց+, ապա հացերը կտրելուց հետո բաժանեց իր աշակերտներին, աշակերտներն էլ բաժանեցին ժողովրդին+։
20 Բոլորը կերան ու կշտացան, հետո հավաքեցին ավելացած կտորտանքները՝ տասներկու լիքը զամբյուղ+։
21 Իսկ ուտողները մոտ հինգ հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին+։
22 Ապա առանց հապաղելու՝ նա ստիպեց իր աշակերտներին նավ մտնել և իրենից առաջ գնալ մյուս կողմը, մինչև որ ինքը ժողովրդին արձակի+։
23 Վերջապես, ժողովրդին արձակելուց հետո նա մենակ սարը բարձրացավ՝ աղոթելու+, ու թեև արդեն ուշ գիշեր էր, նա այնտեղ մենակ էր։
24 Այդ ժամանակ նավն արդեն հարյուրավոր մետրեր* հեռացել էր ցամաքից՝ ալիքներից այս ու այն կողմ քշվելով+, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում։
25 Գիշերվա չորրորդ պահին* ծովի վրայով քայլելով՝ նա եկավ նրանց մոտ+։
26 Երբ աշակերտները տեսան նրան ծովի վրայով քայլելիս, շփոթված ասացին. «Ուրվակա՛ն է»+։ Եվ վախից գոռացին։
27 Սակայն Հիսուսը իսկույն խոսեց նրանց հետ՝ ասելով. «Քաջացե՛ք։ Այդ ե՛ս եմ+։ Մի՛ վախեցեք»։
28 Պետրոսն ասաց. «Տե՛ր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ»։
29 Նա էլ ասաց. «Ե՛կ»։ Պետրոսը նավից իջավ+ և ջրերի վրայով քայլելով՝ գնաց դեպի Հիսուսը։
30 Բայց փոթորկին նայելով՝ վախեցավ, ու երբ սկսեց սուզվել, բղավեց. «Տե՛ր, փրկի՛ր ինձ»։
31 Հիսուսն իսկույն մեկնեց ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Ո՛վ թերահավատ, ինչո՞ւ կասկածեցիր»+։
32 Երբ նրանք նավը մտան, փոթորիկը դադարեց։
33 Նավում եղողները խոնարհվեցին նրա առաջ ու ասացին. «Դու իրոք Աստծու Որդին ես»+։
34 Անցնելով մյուս կողմը՝ նրանք ցամաք ելան Գեննեսարեթում+։
35 Այնտեղի մարդիկ ճանաչելով նրան՝ մարդ ուղարկեցին շրջակա բոլոր վայրերը, և ժողովուրդը նրա մոտ բերեց բոլոր հիվանդներին+։
36 Նրանք աղերսում էին, որ գոնե նրա վերնահագուստի ծոպերին դիպչեն+։ Եվ բոլորը, ովքեր դիպան, լիովին առողջացան։