Մատթեոս 21:1-46

21  Երբ նրանք մոտեցան Երուսաղեմին ու հասան Բեթփագե, որը Ձիթենյաց լեռան վրա է, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց+՝  ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշ կգտնեք և դրա հետ մի էշի քուռակ։ Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ+։  Եվ եթե ձեզ մեկը ինչ-​որ բան ասի, նրան ասացեք. «Դրանք Տիրոջը պետք են»։ Եվ նա իսկույն թույլ կտա ձեզ»։  Այս ամենը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը.  «Ասացե՛ք Սիոնի դստերը. «Ահա քո Թագավորը քեզ մոտ է գալիս+, նա հեզ* է+ և գալիս է էշի վրա նստած, այո՛, էշի քուռակի՝ բեռնակիր անասունի ձագի վրա նստած»»+։  Աշակերտները գնացին ու արեցին ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց պատվիրել։  Եվ բերեցին էշն ու քուռակը, իրենց վերնահագուստները դրանց վրա գցեցին, և նա դրանց վրա նստեց+։  Ժողովրդից շատերը իրենց վերնահագուստներն+ էին փռում ճանապարհին, իսկ մյուսները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհի վրա տարածում+։  Նրա առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր ու ասում. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+ Դավթի Որդուն+։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով+։ Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր նրան, դո՛ւ, որ բարձունքներում ես»+։ 10  Երբ նա Երուսաղեմ մտավ+, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Մարդիկ հարցնում էին. «Սա ո՞վ է»։ 11  Ժողովուրդն էլ ասում էր. «Սա մարգարե+ Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից»։ 12  Հիսուսը տաճար մտավ ու այնտեղից դուրս վռնդեց բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում տաճարում, և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները+։ 13  Նա ասաց նրանց. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի»+, բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»+։ 14  Կույր ու կաղ մարդիկ եկան տաճար նրա մոտ, և նա բուժեց նրանց։ 15  Երբ ավագ քահանաներն ու դպիրները տեսան այն զարմանահրաշ բաները, որ նա անում էր+, և այն տղաներին, որոնք աղաղակում էին տաճարում՝ ասելով՝ «աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր+ Դավթի Որդուն»+, վրդովվեցին 16  և ասացին Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե սրանք ինչ են ասում»։ Նա էլ պատասխանեց. «Այո՛։ Մի՞թե երբեք չեք կարդացել+, թե՝ «երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր»»+։ 17  Եվ թողնելով նրանց՝ քաղաքից դուրս եկավ, գնաց Բեթանիա ու գիշերն այնտեղ անցկացրեց+։ 18  Վաղ առավոտյան քաղաք վերադառնալիս նա քաղց զգաց+։ 19  Ճանապարհի եզրին մի թզենի տեսնելով՝ մոտ գնաց, բայց տերևներից բացի ոչինչ չգտնելով+ ծառի վրա՝ ասաց. «Այսուհետև հավիտյան անպտուղ լինես+»։ Եվ թզենին իսկույն չորացավ։ 20  Երբ աշակերտները դա տեսան, զարմացած ասացին. «Ինչպե՞ս թզենին իսկույն չորացավ»+։ 21  Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք+, դուք ոչ միայն կանեք այն, ինչ ես արեցի այս թզենուն, այլ եթե անգամ այս սարին ասեք՝ «վեր կաց և ծովն ընկիր», այդպես էլ կլինի+։ 22  Ինչ որ աղոթելիս հավատով խնդրեք, կստանաք»+։ 23  Այնուհետև Հիսուսը գնաց տաճար։ Մինչ այնտեղ սովորեցնում էր, ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները մոտեցան նրան ու ասացին+. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»+։ 24  Հիսուսն ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ։ Եթե ինձ պատասխանեք, կասեմ ձեզ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։ 25  Հովհաննեսի կատարած մկրտությունը որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»+։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա մեզ կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»+։ 26  Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդից վախենում ենք+, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում»+։ 27  Ուստի պատասխանեցին Հիսուսին. «Չգիտենք»։ Նա էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը+։ 28  Ի՞նչ եք կարծում. մի մարդ երկու որդի ուներ+։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Որդի՛ս, գնա և այսօր խաղողի այգում աշխատիր»։ 29  Նա էլ ասաց. «Կգնամ, տե՛ր»+։ Բայց չգնաց։ 30  Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Այս մեկն ասաց. «Չեմ գնա»։ Բայց հետո զղջաց+ ու գնաց։ 31  Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը»+։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսն էլ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարկահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորություն, 32  որովհետև Հովհաննեսը եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով+, բայց դուք չհավատացիք նրան+։ Մինչդեռ հարկահավաքներն ու պոռնիկները հավատացին նրան+, իսկ դուք, թեպետև տեսաք, բայց չզղջացիք ու չհավատացիք նրան։ 33  Մեկ ուրիշ առակ էլ լսեք։ Մի տանտեր+ կար, որը խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձան փորեց այնտեղ ու աշտարակ կանգնեցրեց+ և այն վարձով տալով մշակներին՝ գնաց օտար երկիր+։ 34  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ բերքից իր բաժինը ստանալու։ 35  Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին քարկոծեցին+։ 36  Հետո նա ուրիշ ծառաներ ուղարկեց, ավելի շատ, քան առաջին անգամ, բայց նրանց էլ նույնը արեցին+։ 37  Վերջապես նա իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. «Կհարգեն որդուս»։ 38  Տեսնելով որդուն՝ մշակներն իրար ասացին. «Սա է ժառանգը+։ Եկեք սպանենք սրան և տիրանանք նրա ժառանգությանը»+։ 39  Ուստի բռնեցին նրան, դուրս շպրտեցին խաղողի այգուց և սպանեցին+։ 40  Հետևաբար, երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին»։ 41  Նրանք պատասխանեցին. «Քանի որ նրանք չար են, սարսափելի մահվան կմատնի նրանց+ և իր խաղողի այգին վարձով կտա ուրիշ մշակների, որոնք ճիշտ ժամանակին պտուղները նրան կտան»+։ 42  Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել Սուրբ Գրքում. «Այն քարը, որ շինարարները մերժեցին+, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը+։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»։ 43  Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի+։ 44  Եվ ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի։ Իսկ ում վրա այն ընկնի, կճզմի նրան»+։ 45  Երբ ավագ քահանաներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց մասին էր խոսում+։ 46  Ու թեև ուզում էին բռնել նրան, ժողովրդից վախեցան, քանի որ ժողովուրդը նրան իբրև մարգարե էր ընդունում+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «մեղմ»։