Մատթեոս 22:1-46
22 Հիսուսը կրկին առակներով խոսեց նրանց հետ ու ասաց+.
2 «Երկնքի թագավորությունը նման է մի թագավորի, որն իր որդու համար հարսանեկան խնջույք+ արեց։
3 Նա իր ծառաներին ուղարկեց, որ կանչեն հարսանեկան խնջույքին հրավիրվածներին+, բայց նրանք չուզեցին գալ+։
4 Հետո ուրիշ ծառաներ ուղարկեց+ ու ասաց. «Ասացե՛ք հրավիրվածներին. «Ահա պատրաստել եմ իմ ճաշկերույթը+, իմ ցլերն ու պարարտ անասունները մորթված են, և ամեն ինչ պատրաստ է։ Եկեք խնջույքին»»+։
5 Բայց նրանք անտարբեր մնացին. մեկն իր արտը գնաց, մյուսն՝ իր առևտրին+,
6 իսկ մնացածները բռնեցին նրա ծառաներին և անարգելով սպանեցին+։
7 Թագավորն էլ զայրացավ և իր զորքն ուղարկելով՝ կոտորեց այդ մարդասպաններին ու այրեց նրանց քաղաքը+։
8 Ապա ասաց իր ծառաներին. «Հարսանեկան խնջույքն արդեն պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին+։
9 Ուստի դուրս եկեք գլխավոր ճանապարհները և ում որ գտնեք, հրավիրեք խնջույքին»+։
10 Ծառաներն էլ դուրս եկան և ճանապարհներից հավաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ թե՛ չարերին, թե՛ բարիներին+. և հարսանեկան սրահը լցվեց սեղանի շուրջ թիկնած+ մարդկանցով։
11 Երբ թագավորը ներս մտավ՝ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանեկան հագուստով չէր+։
12 Նրան ասաց. «Բարեկա՛մ, առանց հարսանեկան հագուստի+՝ ինչպե՞ս մտար այստեղ»։ Նա պապանձվեց։
13 Այնուհետև թագավորը հրամայեց իր ծառաներին. «Կապե՛ք նրա ձեռքերն ու ոտքերը և նետե՛ք նրան դրսի խավարը, որտեղ նա լաց կլինի ու կկրճտացնի իր ատամները»+։
14 Շատերն են հրավիրված, բայց քչերն են ընտրված»+։
15 Այդ ժամանակ փարիսեցիները գնացին ու խորհրդակցեցին իրար հետ, թե ինչպես նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն+։
16 Ուստի իրենց աշակերտներին Հերովդեսի կողմնակիցների+ հետ նրա մոտ ուղարկեցին։ Նրանք ասացին. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես, Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում և ուրիշների կարծիքով չես առաջնորդվում, որովհետև դու մարդկանց արտաքինին չես նայում+։
17 Ուրեմն ասա՛ մեզ. ի՞նչ ես կարծում, օրենքով թույլատրելի՞ է կայսրին գլխահարկ տալ, թե՞ ոչ»+։
18 Սակայն Հիսուսը, իմանալով նրանց չար մտադրությունը, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր+։
19 Ցույց տվեք ինձ գլխահարկի մետաղադրամը»։ Նրանք էլ մի դինար* բերեցին։
20 Եվ նա հարցրեց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»+։
21 Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ ասաց նրանց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։
22 Սա լսելով՝ նրանք զարմացան և թողեցին նրան ու հեռացան+։
23 Սադուկեցիները, որ ասում էին, թե հարություն չկա, այդ օրը նրա մոտ եկան ու հարցրին+.
24 «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց. «Եթե մի մարդ մահանա առանց երեխա ունենալու, ապա նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»+։
25 Մեզ մոտ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ, ապա մահացավ ու քանի որ սերունդ չուներ, կնոջն իր եղբորը թողեց+։
26 Նույնը պատահեց նաև երկրորդի, երրորդի ու մնացածի հետ, մինչև յոթերորդը+։
27 Բոլորից հետո կինն էլ մահացավ։
28 Ուստի հարության ժամանակ նա այս յոթից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ բոլորն էլ ամուսնացան նրա հետ»+։
29 Հիսուսը պատասխանեց նրանց. «Դուք սխալվում եք, որովհետև ո՛չ Գրքերը գիտեք, ո՛չ էլ Աստծու զորությունը+,
30 քանի որ հարության ժամանակ ո՛չ տղամարդիկ են ամուսնանալու, ո՛չ էլ կանայք+, այլ երկնքի հրեշտակների նման են լինելու։
31 Մահացածների հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ ասաց ձեզ+.
32 «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»+։
33 Լսելով այս ամենը՝ ժողովուրդը զարմանում էր նրա սովորեցնելու կերպի վրա+։
34 Երբ փարիսեցիները լսեցին, որ նա սադուկեցիներին պապանձեցրեց, մեկտեղ հավաքվեցին։
35 Նրանցից մեկը, որ լավատեղյակ էր Օրենքից+, փորձելով նրան, հարցրեց.
36 «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»+։
37 Նա էլ ասաց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»+։
38 Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։
39 Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։
40 Այս երկու պատվիրանների վրա են հիմնված ամբողջ Օրենքը և Մարգարեները*»+։
41 Երբ փարիսեցիները մեկտեղ էին հավաքված, Հիսուսը հարցրեց նրանց+.
42 «Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա»։ Նրանք պատասխանեցին. «Դավթի»+։
43 Նա էլ ասաց. «Այդ դեպքում ինչպե՞ս է Դավիթը, ներշնչված+ լինելով, նրան «Տեր» կոչում՝ ասելով.
44 «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ դնեմ»»+։
45 Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, ապա էլ ինչպե՞ս է նա նրա որդին»+։
46 Ոչ ոք չկարողացավ նրան մի բառ անգամ պատասխանել, և այդ օրվանից ոչ մեկը այլևս չէր համարձակվում որևէ բան հարցնել նրան+։