Մատթեոս 26:1-75

26  Երբ Հիսուսը այս բոլոր խոսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց.  «Դուք գիտեք, որ երկու օր հետո Պասեքն է լինելու+, և մարդու Որդուն մատնելու են, որ ցցին գամվի»+։  Այդ ժամանակ ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները հավաքվեցին Կայիափա+ անունով քահանայապետի բակում  և միասին խորհուրդ արեցին+, որ խորամանկությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։  Սակայն ասում էին. «Միայն թե ոչ տոնի ժամանակ, որ ժողովրդի մեջ խռովություն չբարձրանա»+։  Երբ Հիսուսը Բեթանիայում+ էր՝ բորոտ+ Սիմոնի տանը,  մի կին, թանկարժեք անուշահոտ յուղով+ լի ալաբաստրե անոթը ձեռքին, մոտեցավ նրան և յուղը լցրեց նրա գլխին, երբ նա թիկնած էր սեղանի մոտ։  Տեսնելով դա՝ աշակերտները վրդովվեցին ու ասացին. «Ինչի՞ համար եղավ այս վատնումը+։  Այն կարելի էր թանկ գնով վաճառել և աղքատներին+ տալ»։ 10  Իմանալով այդ մասին+՝ Հիսուսն ասաց նրանց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այս կնոջը։ Նա բարի գործ արեց ինձ համար+։ 11  Աղքատները+ միշտ ձեզ հետ են, բայց ես միշտ չեմ լինի ձեզ հետ+։ 12  Անուշահոտ յուղը իմ մարմնի վրա լցնելով՝ նա ինձ թաղման համար նախապատրաստեց+։ 13  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ որ այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար»+։ 14  Այդ ժամանակ տասներկու առաքյալներից մեկը, որը Հուդա Իսկարիովտացի+ էր կոչվում, գնաց ավագ քահանաների մոտ 15  ու ասաց. «Ինձ ի՞նչ կտաք, եթե Հիսուսին ձեզ մատնեմ»+։ Նրանք պայմանավորվեցին երեսուն կտոր արծաթ+ տալ նրան։ 16  Այդ ժամանակվանից հետո նա հարմար առիթ էր փնտրում, որ մատնի նրան+։ 17  Անթթխմոր հացերի տոնի+ առաջին օրը աշակերտները Հիսուսի մոտ եկան ու ասացին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստենք»+։ 18  Նա էլ պատասխանեց. «Գնացեք քաղաք այսինչ մարդու+ մոտ և ասեք նրան, որ Ուսուցիչն ասում է. «Ինձ համար նշանակված ժամանակը մոտ է։ Պասեքը աշակերտներիս հետ քո տանն եմ նշելու»»+։ 19  Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսը պատվիրել էր իրենց, և ամեն ինչ պատրաստեցին Պասեքի համար+։ 20  Երեկոյան+ նա տասներկու աշակերտների հետ թիկնեց սեղանի շուրջ+։ 21  Եվ մինչ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»+։ 22  Նրանք շատ տխրեցին, և նրանցից յուրաքանչյուրը սկսեց հարցնել նրան. «Տե՛ր, մի՞թե ես եմ»+։ 23  Նա էլ պատասխանեց. «Ով որ իր ձեռքը ինձ հետ ամանի մեջ մտցնի, նա է ինձ մատնելու+։ 24  Ճիշտ է, մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ գրված է+ նրա մասին, բայց վա՜յ+ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի+։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։ 25  Հուդան էլ, որը մատնելու էր նրան, հարցրեց. «Մի՞թե այդ մարդը ես եմ, Ռաբբի՛»։ Նա ասաց. «Դու ինքդ ասացիր»։ 26  Եվ մինչ ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը+ և օրհնելուց հետո կոտրեց այն+ ու աշակերտներին տալով՝ ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը»+։ 27  Ապա վերցրեց բաժակը+ և շնորհակալություն հայտնելուց հետո տվեց նրանց ու ասաց. «Բոլորդ խմեք դրանից+, 28  որովհետև սա խորհրդանշում է+ իմ «արյունը+ ուխտի»+, որ թափվելու է շատերի համար+, որպեսզի նրանց մեղքերը ներվեն+։ 29  Բայց ես ասում եմ ձեզ. այսուհետև այլևս չեմ խմի որթատունկի այս բերքից, մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը խմեմ իմ Հոր թագավորության մեջ»+։ 30  Վերջում գովաբանության երգեր երգելուց հետո+ նրանք գնացին դեպի Ձիթենյաց լեռը+։ 31  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»+։ 32  Բայց երբ հարություն առնեմ, ձեզանից առաջ կգնամ Գալիլեա»+։ 33  Սակայն Պետրոսն ասաց նրան. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»+։ 34  Հիսուսն էլ նրան ասաց. «Ճշմարիտ ասում եմ քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ 35  Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա»։ Մյուս բոլոր աշակերտներն էլ էին նույնը ասում+։ 36  Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ գնաց այն վայրը+, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստեք այստեղ, իսկ ես գնամ ու այնտեղ աղոթք անեմ»+։ 37  Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին+։ Նրան համակեց տրտմությունը, ու նա սկսեց սաստիկ տագնապել+։ 38  Ապա ասաց. «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան+։ Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք»+։ 39  Եվ մի փոքր առաջ գնալով՝ երեսնիվայր ընկավ ու սկսեց աղոթել+. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն+ անցնի ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում+, այլ ինչպես դու»+։ 40  Գալով աշակերտների մոտ և տեսնելով, որ քնած են՝ Պետրոսին ասաց. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ+։ 41  Արթո՛ւն մնացեք+ և շարունակ աղո՛թք արեք+, որ փորձության մեջ չընկնեք+։ Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»+։ 42  Ապա երկրորդ անգամ+ գնաց ու դարձյալ աղոթեց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ առանց իմ խմելու այս բաժակն անցնի ինձանից, թող քո կամքը լինի»+։ 43  Եվ նորից եկավ ու նրանց քնած գտավ, քանի որ նրանց աչքերը ծանրացել էին+։ 44  Եվ թողնելով նրանց՝ դարձյալ գնաց և երրորդ անգամ+ աղոթեց ու կրկին նույն խոսքերն ասաց։ 45  Ապա վերադարձավ իր աշակերտների մոտ ու ասաց. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում և հանգստանո՞ւմ եք։ Ժամը հասել է, որ մարդու Որդին մատնվի մեղավորների ձեռքը+։ 46  Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցել է ինձ մատնողը»+։ 47  Մինչ նա խոսում էր, Հուդան+՝ տասներկու առաքյալներից մեկը, եկավ, նրա հետ նաև սրերով+ ու մահակներով մի մեծ ամբոխ՝ ավագ քահանաների և ժողովրդի երեցների կողմից ուղարկված+։ 48  Նրա մատնիչը նշան էր տվել նրանց՝ ասելով. «Ում որ համբուրեմ, նա է։ Ձերբակալեք նրան»+։ 49  Քայլելով ուղիղ դեպի Հիսուսը՝ ասաց՝ «ողջո՛ւյն, Ռաբբի՛»+ ու համբուրեց+ նրան։ 50  Բայց Հիսուսն+ ասաց. «Բարեկա՛մ, ինչո՞ւ եկար այստեղ»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին ու ձերբակալեցին+։ 51  Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և քահանայապետի ծառային զարկելով՝ կտրեց նրա ականջը+։ 52  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ տե՛ղը դիր+, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն+։ 53  Թե՞ կարծում ես՝ չեմ կարող խնդրել իմ Հորը, որ այս պահին ավելի քան տասներկու լեգեոն հրեշտակ ուղարկի ինձ մոտ+։ 54  Բայց այդ դեպքում ինչպե՞ս կկատարվեն Սուրբ Գրքերում գրվածները, որ այսպե՛ս պետք է լինի»։ 55  Ապա Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք, որ ձերբակալեք ինձ+։ Ամեն օր տաճարում+ նստում և սովորեցնում էի, և չձերբակալեցիք ինձ։ 56  Բայց այս ամենը տեղի ունեցավ, որպեսզի կատարվեն մարգարեների գրածները»+։ Եվ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան+։ 57  Հիսուսին ձերբակալեցին ու տարան Կայիափա+ քահանայապետի մոտ, որտեղ հավաքվել էին դպիրներն ու երեցները+։ 58  Բայց Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև քահանայապետի բակը+ և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու համար, թե ինչով է ավարտվելու այդ ամենը+։ 59  Այդ նույն ժամանակ ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը* սուտ վկաներ էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրան մահվան մատնեն+, 60  բայց ոչ ոքի չգտան, թեպետև շատ սուտ վկաներ եկան+։ Վերջապես երկու վկաներ եկան 61  ու ասացին. «Այս մարդն ասում էր. «Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել»»+։ 62  Այս խոսքը լսելով՝ քահանայապետը ոտքի կանգնեց ու ասաց նրան. «Պատասխան չե՞ս տալիս։ Սրանք ի՞նչ են վկայում քո դեմ»+։ 63  Բայց Հիսուսը լուռ էր մնում+։ Ուստի քահանայապետն ասաց նրան. «Կենդանի Աստծով երդվեցնում եմ+ քեզ, որ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը+՝ Աստծու Որդին»։ 64  Հիսուսն էլ ասաց+. «Դո՛ւ ասացիր+։ Բայց ես ասում եմ ձեզ. այսուհետև+ կտեսնեք մարդու Որդուն+ զորության աջ կողմը+ նստած և երկնքի ամպերի վրայով գալիս»+։ 65  Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր վերնազգեստն ու ասաց. «Հայհոյե՛ց Աստծուն+։ Մեզ ուրիշ էլ ի՞նչ վկաներ են պետք+։ Ահա լսեցի՛ք հայհոյանքը+։ 66  Ի՞նչ եք մտածում»։ Նրանք էլ պատասխանեցին. «Մահապա՛րտ է»+։ 67  Այդ ժամանակ թքեցին նրա երեսին+ և բռունցքներով հարվածեցին+ նրան։ Մյուսներն էլ ապտակեցին+ նրան 68  ու ասացին. «Քրիստո՛ս+, մարգարեացի՛ր մեզ համար, ո՞վ էր քեզ խփողը»+։ 69  Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ բակում։ Եվ մի աղախին մոտեցավ նրան ու ասաց. «Դու էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»+։ 70  Բայց նա բոլորի առջև հերքեց ու ասաց. «Չեմ հասկանում, թե ինչ ես խոսում»։ 71  Եվ երբ դուրս եկավ ու գնաց դեպի դարպասների մոտի սենյակը, մեկ ուրիշ աղախին նկատեց նրան ու ասաց այնտեղ եղողներին. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր»+։ 72  Բայց նա երդվելով կրկին հերքեց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»+։ 73  Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան Պետրոսին ու ասացին. «Հաստատ դու էլ ես նրանցից մեկը, քո խոսվածքն էլ է մատնում»+։ 74  Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն»։ Եվ հենց նույն պահին աքաղաղը կանչեց+։ 75  Պետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը, թե՝ «աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։ Եվ դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ+։

Ծանոթագրություններ

Սինեդրիոնը հրեական բարձրագույն դատարանն էր։