Մարկոս 10:1-52

10  Այնտեղից Հիսուսը վեր կացավ ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ Նրա մոտ դարձյալ ժողովուրդ հավաքվեց, նա էլ, իր սովորության համաձայն, նորից սկսեց սովորեցնել նրանց+։  Փարիսեցիները մոտեցան ու նրան փորձելու համար հարցրին, թե արդյոք օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը բաժանվի իր կնոջից+։  Նա էլ հարցրեց. «Մովսեսը ձեզ ի՞նչ պատվիրեց»։  Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց բաժանման վկայական գրել ու բաժանվել կնոջից»+։  Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր+, որ նա այդ պատվիրանը գրեց ձեզ։  Սակայն արարչագործության սկզբում «Նա տղամարդ և կին ստեղծեց նրանց+։  Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը,  և երկուսը մեկ մարմին կլինեն»+։ Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։  Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»+։ 10  Երբ դարձյալ տանն էին+, աշակերտները հարցրին նրան այդ մասին։ 11  Նա էլ ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում+ նրա դեմ. 12  և եթե մի կին իր ամուսնուց բաժանվում է և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»+։ 13  Մարդիկ Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի նա դիպչի նրանց, բայց աշակերտները սաստեցին բերողներին+։ 14  Սա տեսնելով՝ Հիսուսը վրդովվեց ու ասաց նրանց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այսպիսիներինն է Աստծու թագավորությունը+։ 15  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով Աստծու թագավորությունը չընդունի երեխայի պես, բնավ չի մտնի այնտեղ»+։ 16  Եվ նա գրկեց երեխաներին ու օրհնեց՝ ձեռքերը նրանց վրա դնելով+։ 17  Երբ նա այնտեղից ճանապարհ ընկավ, մի մարդ վազելով եկավ նրա մոտ, նրա առաջ ծնկի իջավ ու հարցրեց. «Բարի՛ Ուսուցիչ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»+։ 18  Հիսուսն էլ ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում+։ Ոչ ոք բարի չէ, այլ միայն մեկը՝ Աստված+։ 19  Դու գիտես պատվիրանները՝ «մի՛ սպանիր+, շնություն մի՛ գործիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, մի՛ խաբիր+, պատվի՛ր քո հորը և մորը»»+։ 20  Այդ մարդն ասաց նրան. «Ուսուցի՛չ, այդ ամենը ես մանկությունից պահել եմ»։ 21  Հիսուսը նայեց նրան ու նրա հանդեպ սիրով լցվելով՝ ասաց. «Դեռ մի բան կա, որ պիտի անես. գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 22  Իսկ նա տխրեց այս խոսքերից ու տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ+։ 23  Շուրջը նայելով՝ Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Որքա՜ն դժվար կլինի հարուստների+ համար Աստծու թագավորություն մտնել»+։ 24  Սակայն աշակերտները զարմացան+ նրա խոսքերի վրա։ Հիսուսը նորից ասաց. «Զավակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու թագավորություն մտնել։ 25  Ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։ 26  Նրանք է՛լ ավելի զարմացան ու ասացին նրան. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»+։ 27  Հիսուսն էլ նայեց նրանց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար՝ ոչ, որովհետև Աստծու համար ամեն բան հնարավոր է»+։ 28  Իսկ Պետրոսն ասաց նրան. «Ահա մենք ամեն բան թողեցինք ու քեզ հետևեցինք»+։ 29  Հիսուսն էլ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. չկա մեկը, որ թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ արտեր իմ անվան և բարի լուրի համար+, 30  որ այժմ՝ այս ժամանակում, չստանա հարյուրապատիկը+՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր՝ հալածանքների հետ մեկտեղ+, իսկ գալիք աշխարհում*՝ հավիտենական կյանք։ 31  Սակայն շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»+։ 32  Հիսուսն ու իր աշակերտները գնում էին Երուսաղեմ բարձրացող ճանապարհով։ Հիսուսը նրանց առաջից էր գնում։ Նրա աշակերտները զարմացած էին, իսկ հետևից եկողները վախի մեջ էին։ Նա դարձյալ մի կողմ տարավ տասներկու առաքյալներին ու սկսեց նրանց ասել, թե ինչ է պատահելու իրեն+. 33  «Հիմա գնում ենք Երուսաղեմ, և մարդու Որդին պիտի մատնվի ավագ քահանաների ու դպիրների ձեռքը, որոնք մահվան կդատապարտեն նրան, ապա կմատնեն ուրիշ ազգերի մարդկանց+, 34  որոնք կծաղրեն նրան ու կթքեն նրա վրա, կխարազանեն ու կսպանեն նրան, բայց երեք օր հետո նա հարություն կառնի»+։ 35  Զեբեդեոսի+ երկու որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, մոտեցան նրան ու ասացին. «Ուսուցի՛չ, ուզում ենք, որ մեր խնդրանքը կատարես»+։ 36  Նա հարցրեց. «Ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։ 37  Նրանք էլ ասացին. «Թո՛ւյլ տուր, որ քո փառքի մեջ մեկս նստի քո աջ կողմը, իսկ մյուսս՝ քո ձախ կողմը»+։ 38  Բայց Հիսուսն ասաց. «Դուք չգիտեք, թե ինչ եք խնդրում։ Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որից ես եմ խմում, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում»+։ 39  Նրանք ասացին. «Կարո՛ղ ենք»։ Հիսուսն էլ ասաց. «Այն բաժակից, որից ես եմ խմում, կխմեք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվում, կմկրտվեք+։ 40  Բայց իմ աջ ու ձախ կողմը նստելը ես չէ, որ տալիս եմ+։ Այդ տեղերը նրանցն են, ում համար պատրաստվել են»։ 41  Երբ մնացած տասը լսեցին այդ մասին, սկսեցին բարկանալ Հակոբոսի և Հովհաննեսի վրա+։ 42  Հիսուսն էլ, իր մոտ կանչելով նրանց, ասաց. «Դուք գիտեք, որ ազգերի իշխաններ համարվողները տիրում են ժողովրդի վրա, և նրանց մեծամեծները իշխանություն են բանեցնում նրանց վրա+։ 43  Ձեր մեջ չպետք է այդպես լինի. այլ ով ուզում է մեծ լինել ձեր մեջ, պիտի ձեր սպասավորը լինի+, 44  և ով ուզում է առաջինը լինել ձեր մեջ, պիտի բոլորի ծառան լինի+, 45  որովհետև մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն+, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը* փրկանք+ տա շատերի փոխարեն»+։ 46  Նրանք եկան Երիքով։ Իսկ երբ նա և իր աշակերտները մի մեծ բազմության հետ դուրս էին գալիս Երիքովից, Բարտիմեոսը (Տիմեոսի որդին), որը մի կույր մուրացկան էր, նստած էր ճանապարհի եզրին+։ 47  Լսելով, որ Հիսուս նազովրեցին է անցնում, նա սկսեց բղավել ու ասել. «Դավթի՛ Որդի+, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ»+։ 48  Շատերը խստորեն պատվիրեցին նրան լռել, բայց նա ավելի ու ավելի բարձր էր բղավում. «Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»+։ 49  Հիսուսը կանգ առավ ու ասաց. «Կանչե՛ք նրան»։ Եվ կույրին կանչեցին ու ասացին. «Քաջացի՛ր, վե՛ր կաց, նա կանչում է քեզ»+։ 50  Մի կողմ նետելով իր վերնազգեստը՝ նա վեր ցատկեց ու գնաց դեպի Հիսուսը։ 51  Հիսուսը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»+։ Կույրն էլ ասաց. «Ռաբբունի՛, այնպես արա, որ աչքերս նորից տեսնեն»+։ 52  Հիսուսն ասաց. «Գնա՛, քո հավատը բուժեց քեզ»+։ Նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց+, և նա ճանապարհով նրա հետևից գնաց+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Բռց.՝ «հոգին»։