Մարկոս 15:1-47
15 Լույսը բացվելուն պես ավագ քահանաները երեցների ու դպիրների հետ միասին, այսինքն՝ ամբողջ Սինեդրիոնը*, խորհրդի նստեցին+ և Հիսուսին կապեցին ու տարան հանձնեցին Պիղատոսի ձեռքը+։
2 Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»+։ Նա էլ պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։
3 Իսկ ավագ քահանաները շատ բաներում մեղադրում էին նրան+։
4 Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս+։ Տե՛ս, թե ինչքան շատ մեղադրանքներ են բերում քո դեմ»+։
5 Սակայն Հիսուսը դարձյալ ոչ մի պատասխան չտվեց, այնպես որ Պիղատոսը զարմացավ+։
6 Յուրաքանչյուր տոնի ժամանակ նա սովորաբար ժողովրդի համար ազատ էր արձակում մի բանտարկյալի, ում համար որ նրանք խնդրում էին+։
7 Այդ ժամանակ Բարաբբա անունով մի մարդ կար, որ բանտարկվել էր այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ սպանություն էին գործել+։
8 Ամբոխը մոտենալով սկսեց խնդրել այն, ինչը նա սովորաբար անում էր նրանց համար։
9 Պիղատոսն էլ հարցրեց. «Ուզում եք, որ հրեաների թագավորի՞ն ազատ արձակեմ ձեզ համար»+։
10 Նա գիտեր, որ ավագ քահանաները նախանձից+ դրդված էին նրան իր ձեռքը հանձնել+։
11 Բայց ավագ քահանաները գրգռեցին ամբոխին, որ Պիղատոսից պահանջի Հիսուսի փոխարեն Բարաբբային ազատ արձակել իրենց համար+։
12 Դարձյալ Պիղատոսը հարցրեց նրանց. «Ապա ի՞նչ անեմ նրան, որին դուք հրեաների թագավոր+ եք կոչում»+։
13 Նրանք նորից բղավեցին. «Ցցի՛ն գամիր»+։
14 Սակայն Պիղատոսն ասաց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել»։ Բայց նրանք ավելի բարձր էին բղավում. «Ցցի՛ն գամիր նրան»+։
15 Եվ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին+, նրանց համար Բարաբբային ազատ արձակեց, իսկ Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն+։
16 Զինվորները տարան նրան կուսակալի պալատի բակ, ապա մեկտեղ կանչեցին ամբողջ զորագնդին+
17 և նրան ծիրանի հագցրին, այնուհետև փշերից մի պսակ հյուսեցին ու դրեցին նրա գլխին+։
18 Եվ սկսեցին ողջունել նրան՝ ասելով. «Ողջո՜ւյն+, ո՛վ հրեաների Թագավոր»։
19 Եղեգով նրա գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով՝ խոնարհվում նրա առաջ+։
20 Ծաղրուծանակի ենթարկելուց հետո վրայից հանեցին ծիրանին, իր վերնազգեստները հագցրին ու տարան, որ ցցին գամեն+։
21 Եվ Սիմոն Կյուրենացուն՝ Ալեքսանդրոսի և Ռուֆոսի հորը, որ ագարակից էր գալիս ու այդտեղով էր անցնում, պարտադրեցին*, որ վերցնի նրա տանջանքի ցիցը+։
22 Նրան բերեցին Գողգոթա կոչվող վայրը, որ թարգմանվում է «Գանգի վայր»+։
23 Այստեղ նրան թմրեցնող զմուռսի հետ խառնած գինի+ տվեցին, բայց նա չխմեց+։
24 Եվ նրան ցցին գամեցին ու նրա վերնազգեստները բաժանեցին+՝ դրանց վրա վիճակ գցելով, թե ով ինչ պիտի վերցնի+։
25 Երրորդ ժամն*+ էր, երբ նրան ցցին գամեցին։
26 Գլխավերևում գրված էր նրա դեմ ուղղված մեղադրանքը+՝ «Հրեաների Թագավորը»+։
27 Նրա հետ երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, մյուսին՝ ձախ կողմը+։
28 ....*
29 Այնտեղով անցնողները անպատվում էին+ նրան ու գլուխները շարժելով՝ ասում. «Է՜յ, տաճարը քանդո՛ղ ու երեք օրում կառուցո՛ղ+,
30 փրկի՛ր քեզ և ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»+։
31 Ավագ քահանաներն էլ էին դպիրների հետ իրար մեջ ծաղրում ու ասում. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել+։
32 Քրիստոսը՝ Իսրայելի Թագավորը, թող ցած իջնի տանջանքի ցցից, որ մենք տեսնենք ու հավատանք»+։ Նրա հետ միասին ցիցը հանվածներն էլ էին նախատում նրան+։
33 Վեցերորդ ժամին* խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+։
34 Իններորդ ժամին Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»+։
35 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին այդ, ասացին. «Տեսե՛ք, Եղիային է կանչում»+։
36 Մեկը վազեց, սպունգը թաթախեց թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի+, ապա ասաց. «Թողե՛ք դրան։ Տեսնենք՝ Եղիան կգա՞ նրան ցած իջեցնելու»+։
37 Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու շունչը տվեց+։
38 Եվ սրբարանի վարագույրը+ վերից վար պատռվեց ու երկու մասի բաժանվեց+։
39 Հարյուրապետը, որ նրա դիմաց կանգնած էր, տեսնելով պատահածը և թե ինչպես նա մահացավ, ասաց. «Իսկապես որ այս մարդը Աստծու Որդի էր»+։
40 Այնտեղ կանայք էլ կային, որ հեռվից նայում էին+։ Նրանց մեջ էր Մարիամ Մագդաղենացին, ինչպես նաև Փոքր Հակոբոսի ու Հովսեսի մայր Մարիամը և Սալոմեն+,
41 որոնք, ուղեկցում+ և ծառայում էին նրան, երբ նա Գալիլեայում էր։ Ուրիշ շատ կանայք էլ կային, որ նրա հետ միասին եկել էին Երուսաղեմ+։
42 Երեկոն արդեն մոտենում էր, և պատրաստության օրն* էր, այսինքն՝ շաբաթին նախորդող օրը,
43 ուստի արիմաթեացի Հովսեփը, որը Խորհրդի* պատվարժան անդամ էր, և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը+, համարձակվեց Պիղատոսի մոտ մտնել ու նրանից խնդրեց Հիսուսի մարմինը+։
44 Սակայն Պիղատոսը ուզեց իմանալ, թե արդյոք նա մահացել է, և կանչելով հարյուրապետին՝ հարցրեց այդ մասին։
45 Եվ հարյուրապետից ստույգ տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին տվեց+։
46 Նա էլ բարձրորակ կտավ գնեց և նրան ցցի վրայից իջեցնելով՝ կտավով փաթաթեց+ ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին+։
47 Իսկ Մարիամ Մագդաղենացին և Հովսեսի մայր Մարիամը նայում էին այն տեղին, որտեղ նրան դրել էին+։