Օսեե 10:1-15
10 «Այլասերված որթատունկ+ է Իսրայելը։ Նա իր համար է պտուղ տալիս+։ Որքան շատ է պտուղ բերում, այնքան իր զոհասեղաններն+ է շատացնում։ Որքան լավն է իր երկիրը, այնքան շքեղ են իր կանգնեցրած սուրբ սյուները+։
2 Նրանց սրտերը կեղծավոր են դարձել+, և հիմա նրանք մեղավոր կճանաչվեն։
Կա մեկը, որը նրանց զոհասեղանները պիտի ջարդի։ Նա կկործանի նրանց սուրբ սյուները+։
3 Եվ հիմա նրանք կասեն. «Մենք թագավոր չունենք+, որովհետև չվախեցանք Եհովայից։ Թագավորը մեզ համար ի՞նչ կարող է անել»։
4 Նրանք դատարկ խոսքեր են ասում՝ կեղծ երդումներ տալով+, ուխտեր+ կապելով։ Խեղաթյուրված արդարադատությունը թունավոր խոտի պես տարածվել է արտի ակոսների մեջ+։
5 Սամարիայի բնակիչները պիտի վախենան իրենց կուռքի՝ Բեթ-Ավանի+ հորթի համար։ Նրա ժողովուրդը պիտի ողբա նրա վրա, ինչպեսև նրա քրմերը, որոնք ուրախանում էին՝ նայելով նրան ու նրա փառքին, որովհետև նա կհեռանա նրանցից ու գերության կգնա+։
6 Նա Ասորեստան կտարվի՝ որպես ընծա մեծ թագավորին+։ Եփրեմը ամոթ պիտի զգա+, և Իսրայելը իր խորհրդից պիտի ամաչի+։
7 Սամարիան և նրա թագավորը պիտի անհետանան+, ինչպես կոտրված ոստը ջրի երեսին։
8 Բեթ-Ավանի բարձունքները+՝ Իսրայելի մեղքը+, պիտի ոչնչանան։ Նրանց զոհասեղանների+ վրա փուշ ու տատասկ+ պիտի բուսնի։ Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ծածկեք մեզ» և բլուրներին՝ «ընկեք մեզ վրա»+։
9 Գաբաայի+ օրերից սկսած՝ դու մեղք ես գործել+, ո՛վ Իսրայել։ Դու չես փոխվել։ Գաբաայում պատերազմը ամբողջովին չկործանեց անարդարության որդիներին+։
10 Երբ որ ուզեմ, նրանց կպատժեմ+։ Նրանց դեմ ժողովուրդներ կհավաքվեն, և նրանք կլծվեն իրենց երկու մեղքերին+։
11 Եփրեմը մի վարժված երինջ է, որ սիրում է կալսել+, և ես անցա նրա գեղեցիկ պարանոցի մոտով։ Ես թույլ եմ տալիս, որ Եփրեմին հեծնեն+։ Հուդան հերկում է+, Հակոբը տափանում է+ նրա համար։
12 Ձեզ համար արդարությամբ սերմեք+ և սիրառատ բարությամբ հնձեք+։ Ձեզ համար վարելահող հերկեք+, քանի դեռ ժամանակ կա Եհովային փնտրելու, մինչև որ նա կգա+ ու ձեզ արդարություն կսովորեցնի+։
13 Դուք անօրենություն հերկեցիք+ և անարդարություն հնձեցիք+։ Խաբեության պտուղները կերաք+, որովհետև դու ապավինեցիր քո ճանապարհին+ և քո զորավորների բազմությանը+։
14 Քո ժողովրդի մեջ աղմուկ է բարձրանում+, և քո բոլոր բերդաքաղաքները պիտի ավերվեն+, ինչպես որ Սալմանը ավերեց Արբելի տունը կռվի օրը, երբ մայրն իր որդիների հետ ջարդվեց+։
15 Այդպես էլ ձեզ հետ պիտի վարվեն, ո՛վ Բեթելի բնակիչներ, ձեր սարսափելի չարությունների համար+։ Լուսաբացին Իսրայելի թագավորը բնաջինջ պիտի լինի»+։