1 Թագավորներ 13:1-34
13 Երբ Հերոբովամը կանգնել էր զոհասեղանի+ մոտ, որ զոհերի ծուխը վեր հաներ+, Եհովայի խոսքով+ Հուդայից Բեթել եկավ Աստծու մի մարդ+։
2 Եհովայի խոսքով նա դեպի զոհասեղանը դարձավ ու ասաց. «Ո՛վ զոհասեղան, զոհասեղա՛ն, այսպես է ասում Եհովան. «Դավթի տանը մի որդի կծնվի Հովսիա+ անունով։ Նա քեզ վրա կզոհաբերի բարձունքների քահանաներին, որոնք քեզ վրա զոհերի ծուխն են վեր հանում, և մարդկանց ոսկորներ կայրի քեզ վրա»»+։
3 Եվ այդ օրը նա մի նախանշան+ տվեց՝ ասելով. «Սա է այն նախանշանը, որի մասին Եհովան ասել է. «Ահա զոհասեղանը կճեղքվի, և նրա վրայի ճարպոտ մոխիրը կթափվի»»։
4 Երբ Հերոբովամ թագավորը լսեց ճշմարիտ Աստծու մարդու խոսքերը՝ ուղղված Բեթելում եղող զոհասեղանի դեմ, ձեռքը բարձրացրեց զոհասեղանի վրայից ու ասաց. «Բռնե՛ք նրան»+։ Եվ հենց այդ պահին թագավորի ձեռքը, որ մեկնել էր նրա կողմը, չորացավ, ու նա չկարողացավ ձեռքը հետ քաշել+։
5 Զոհասեղանը ճեղքվեց, և նրա վրայի ճարպոտ մոխիրը թափվեց՝ համաձայն այն նախանշանի, որ ճշմարիտ Աստծու մարդն էր տվել Եհովայի խոսքով+։
6 Թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Աղաչիր*, խնդրում եմ, քո Աստված Եհովային և աղոթիր ինձ համար, որ ձեռքս բուժվի»+։ Ճշմարիտ Աստծու մարդը աղաչեց+ Եհովային, և թագավորի ձեռքը բուժվեց ու առաջվա պես դարձավ+։
7 Այդ ժամանակ թագավորն ասաց ճշմարիտ Աստծու մարդուն. «Տուն գնանք ինձ հետ, կճաշես+, և ես քեզ նվեր կտամ»+։
8 Սակայն ճշմարիտ Աստծու մարդն ասաց թագավորին. «Նույնիսկ եթե քո տան կեսն էլ ինձ տաս+, չեմ գա քեզ հետ+, ոչ էլ այս վայրում հաց կուտեմ ու ջուր կխմեմ,
9 որովհետև Եհովայի խոսքով ինձ պատվեր է տրվել. «Հաց չուտես+ ու ջուր չխմես և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»։
10 Ուստի նա ուրիշ ճանապարհով գնաց ու չվերադարձավ այն ճանապարհով, որով եկել էր Բեթել։
11 Մի ծեր մարգարե+ էր ապրում Բեթելում։ Նրա որդիները եկան իրենց հոր մոտ ու պատմեցին այն ամենը, ինչ որ այդ օրը ճշմարիտ Աստծու մարդն արել էր Բեթելում, պատմեցին նաև այն խոսքերը, որ նա ասել էր թագավորին։
12 Հայրը հարցրեց նրանց. «Նա ո՞ր ճանապարհով գնաց»։ Եվ որդիները ցույց տվեցին նրան այն ճանապարհը, որով գնացել էր Հուդայից եկած՝ ճշմարիտ Աստծու մարդը։
13 Նա ասաց իր որդիներին. «Էշը թամբեք ինձ համար»։ Նրանք էլ էշը թամբեցին+, և նա հեծավ էշն ու գնաց։
14 Նա գնաց ճշմարիտ Աստծու մարդու հետևից և նրան գտնելով մեծ ծառի տակ նստած+՝ հարցրեց. «Դո՞ւ ես ճշմարիտ Աստծու մարդը, որ Հուդայից է եկել»+։ Նա էլ պատասխանեց՝ ես եմ։
15 Նա ասաց. «Ինձ հետ տուն արի և հաց կեր»։
16 Բայց սա պատասխանեց. «Քեզ հետ չեմ կարող վերադառնալ ու քեզ մոտ գալ, այս վայրում քեզ հետ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի+,
17 որովհետև Եհովայի խոսքով ինձ ասվել է+. «Հաց չուտես ու ջուր չխմես այնտեղ և քո գնացած ճանապարհով հետ չդառնաս»»+։
18 Նա ասաց. «Ես էլ քեզ նման մի մարգարե եմ։ Մի հրեշտակ+ խոսեց ինձ հետ ու Եհովայի խոսքն ասաց. «Նրան հետ դարձրու քո տուն, որ հաց ուտի և ջուր խմի»»։ (Բայց նա խաբեց նրան)+։
19 Նա էլ հետ դարձավ նրա հետ, որ նրա տանը հաց ուտի ու ջուր խմի+։
20 Երբ նրանք նստած էին սեղանի շուրջ, Եհովայի խոսքը+ եղավ նրան հետ դարձնող մարգարեին,
21 և նա դիմելով Հուդայից եկած՝ ճշմարիտ Աստծու մարդուն՝ ասաց. «Այսպես է ասում Եհովան. «Քանի որ հակառակվեցիր+ Եհովայի տված կարգադրությանը և չպահեցիր այն պատվիրանը, որ քո Աստված Եհովան պատվիրել էր քեզ+,
22 այլ հետ դարձար, որ հաց ուտես և ջուր խմես այնտեղ, որի մասին նա ասել էր քեզ, թե՝ «հաց չուտես ու ջուր չխմես», ահա քո դիակը չի մտնի քո նախահայրերի գերեզմանը»»+։
23 Հաց ուտելուց և ջուր խմելուց անմիջապես հետո նա էշը թամբեց ճանապարհից հետ դարձրած մարգարեի համար,
24 և մարգարեն գնաց։ Ճանապարհին նրա դեմ մի առյուծ+ դուրս եկավ ու սպանեց նրան+։ Մարգարեի դիակը ընկած մնաց ճանապարհին, իսկ էշն ու առյուծը կանգնած էին նրա կողքին։
25 Այդ ճանապարհով անցնողները տեսան դիակը՝ ճանապարհին ընկած, և կողքին առյուծը կանգնած։ Նրանք գնացին և պատահածի մասին պատմեցին այն քաղաքում, որտեղ ծեր մարգարեն էր ապրում։
26 Երբ այս մասին լսեց ճանապարհից նրան հետ դարձրած մարգարեն, ասաց. «Սա ճշմարիտ Աստծու մարդն է, որը հակառակվեց Եհովայի պատվերին+։ Եհովան էլ նրան մատնեց առյուծին, որ նրան պատառոտի ու մեռցնի՝ այն խոսքի համեմատ, որ Եհովան ասել էր նրան»+։
27 Նա ասաց իր որդիներին. «Ինձ համար էշը թամբեք»։ Եվ նրանք թամբեցին+։
28 Հետո նա գնաց ու գտավ դիակը՝ ճանապարհին ընկած, և էշն ու առյուծը՝ դիակի կողքին կանգնած։ Առյուծը նրա մարմինը չէր կերել, ոչ էլ էշին էր պատառոտել+։
29 Ծեր մարգարեն վերցրեց ճշմարիտ Աստծու մարդու դիակը, դրեց էշի վրա ու հետ բերեց իր քաղաքը, որ սուգ անի ու թաղի նրան։
30 Նա դիակը դրեց իր գերեզմանում, և նրա վրա սուգ արեցին+՝ ասելով. «Վա՜յ, եղբա՜յր իմ»։
31 Նրան թաղելուց հետո մարգարեն ասաց իր որդիներին. «Երբ ես մահանամ, ինձ թաղեք այն գերեզմանում, որտեղ ճշմարիտ Աստծու մարդն է թաղված։ Իմ ոսկորները նրա ոսկորների կողքին դրեք+,
32 որովհետև անպատճառ կատարվելու են+ նրա ասածները, որ Եհովայի խոսքով ասաց Բեթելում եղող զոհասեղանի+ և Սամարիայի+ քաղաքներում եղող բարձունքների+ բոլոր տների դեմ»։
33 Այս դեպքից հետո էլ Հերոբովամը հետ չդարձավ իր չար ճանապարհից, այլ շարունակեց ժողովրդի միջից բարձունքների քահանաներ նշանակել+։ Ամեն ցանկացողի նա լիազորություն էր տալիս*+ ու ասում. «Թող նա էլ լինի բարձունքի քահանաներից մեկը»։
34 Եվ սա մեղքի պատճառ եղավ Հերոբովամի տան համար+, որ նրանք կորչեն և բնաջինջ լինեն երկրի երեսից+։