1 Թագավորներ 18:1-46
18 Շատ օրեր+ հետո՝ երրորդ տարում, Եհովան դարձյալ խոսեց Եղիայի հետ և ասաց. «Գնա երևա Աքաաբին, որովհետև որոշել եմ անձրև ուղարկել երկրի վրա»+։
2 Եղիան էլ գնաց, որ երևա Աքաաբին։ Այդ ժամանակ Սամարիայում սաստիկ սով+ էր։
3 Այդ ընթացքում Աքաաբը կանչեց Աբդիային՝ տան վերակացուին+։ (Աբդիան Եհովայից շատ էր վախենում+։
4 Դրա համար էլ, երբ Հեզաբելը+ կոտորում էր Եհովայի մարգարեներին+, Աբդիան հարյուր մարգարեների հիսուն-հիսուն թաքցրեց քարայրերում և նրանց հացով ու ջրով ապահովեց)+։
5 Աքաաբն ասաց Աբդիային. «Գնա այս երկրի ջրի բոլոր աղբյուրներն ու գետահովիտները։ Թերևս կանաչ խոտ+ գտնենք, որ մեր ձիերին ու ջորիներին ապրեցնենք, և որ անասուններն այլևս չկոտորվեն»+։
6 Շրջելու համար նրանք երկիրը իրար մեջ բաժանեցին։ Աքաաբը առանձին մի ճանապարհով գնաց, իսկ Աբդիան՝ ուրիշ ճանապարհով+։
7 Ճանապարհին Աբդիան հանդիպեց Եղիային+ և, ճանաչելով նրան, երեսնիվայր գետին ընկավ+ ու ասաց. «Այդ դո՞ւ ես, տե՛ր իմ+ Եղիա»։
8 Նա էլ ասաց. «Ե՛ս եմ։ Գնա ու ասա քո տիրոջը+. «Եղիան այստեղ է»»։
9 Բայց նա ասաց. «Ես ի՞նչ մեղք+ եմ գործել, որ քո ծառային Աքաաբի ձեռքն ես տալիս, որ ինձ սպանի։
10 Կենդանի է քո Աստված Եհովան+, չկա մի ազգ կամ թագավորություն, ուր իմ տերը մարդ ուղարկած չլինի՝ քեզ փնտրելու։ Բայց երբ նրանք ասում էին, թե՝ «նա այստեղ չէ», այդ թագավորությանն ու ազգին նա երդվել էր տալիս, որ իրոք քեզ չեն գտել+։
11 Իսկ հիմա դու ասում ես. «Գնա և ասա քո տիրոջը, թե՝ «Եղիան այստեղ է»»։
12 Երբ ես գնամ քո մոտից, Եհովայի ոգին+ քեզ կտանի մի տեղ, որը ես չեմ իմանա։ Կգնամ, կհայտնեմ Աքաաբին. նա քեզ չի գտնի ու ինձ կսպանի+, մինչդեռ քո ծառան մանուկ հասակից վախենում է Եհովայից+։
13 Մի՞թե չեն հայտնել իմ տիրոջը, թե ինչ արեցի, երբ Հեզաբելը սպանում էր Եհովայի մարգարեներին, թե ինչպես Եհովայի մարգարեներից հարյուրին հիսուն-հիսուն թաքցրի քարայրերում+ և նրանց հացով ու ջրով ապահովեցի+։
14 Իսկ հիմա դու ինձ ասում ես. «Գնա ու ասա քո տիրոջը, թե՝ «Եղիան այստեղ է»»։ Չէ՞ որ նա ինձ կսպանի»+։
15 Սակայն Եղիան ասաց. «Կենդանի է+ Զորքերի Տեր Եհովան+, որի առաջ ես կանգնում եմ. այսօր ես կերևամ նրան»։
16 Աբդիան ընդառաջ դուրս եկավ Աքաաբին ու ամեն բան հաղորդեց նրան։ Աքաաբն էլ գնաց Եղիային դիմավորելու։
17 Եղիային տեսնելուն պես Աքաաբն ասաց. «Այդ դո՞ւ ես, Իսրայելին փորձանքի մեջ գցող»+։
18 Եղիան պատասխանեց. «Իսրայելին ե՛ս չեմ գցել փորձանքի մեջ+, այլ դու և քո հոր տունը+, որովհետև թողել եք Եհովայի պատվիրաններն+ ու Բահաղների հետևից եք գնացել+։
19 Հիմա մարդ ուղարկիր ու ամբողջ Իսրայելին ինձ մոտ՝ Կարմեղոս+ լեռան վրա հավաքիր, նաև Բահաղի չորս հարյուր հիսուն մարգարեներին+ և սուրբ ձողի+ չորս հարյուր մարգարեներին, որոնք Հեզաբելի սեղանից են ուտում»+։
20 Աքաաբը մարդիկ ուղարկեց Իսրայելի բոլոր որդիների մոտ և մարգարեներին+ հավաքեց Կարմեղոս լեռան վրա։
21 Եղիան մոտեցավ ժողովրդին ու ասաց. «Մինչև ե՞րբ պիտի երկու մտքի վրա կաղաք+։ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն հետևեք+, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն հետևեք»։ Ժողովուրդը մի բառ անգամ չպատասխանեց նրան։
22 Եղիան շարունակեց խոսել ժողովրդի հետ. «Միայն ես եմ մնացել Եհովայի մարգարե+, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։
23 Թող մեզ երկու մատղաշ ցուլ տան։ Թող նրանք իրենց համար մի ցուլ ընտրեն, կտոր-կտոր անեն ու փայտերի վրա դնեն, բայց կրակ չվառեն։ Ես էլ մյուս ցուլը կպատրաստեմ ու կդնեմ փայտերի վրա, բայց կրակ չեմ վառի։
24 Դուք ձե՛ր աստծու անունը կանչեք+, ես էլ Եհովայի՛ անունը կկանչեմ, և այն Աստվածը, որը կպատասխանի կրակով+, նա՛ է ճշմարիտ Աստվածը»+։ Ամբողջ ժողովուրդը պատասխանեց՝ լա՛վ։
25 Եղիան Բահաղի մարգարեներին ասաց. «Ձեզ համար մի մատղաշ ցուլ ընտրեք և առաջինը դուք պատրաստեք, որովհետև շատ եք։ Ապա կանչեք ձեր աստծու անունը, բայց կրակ մի՛ վառեք»։
26 Նրանք էլ վերցրին ցուլը, որ նա տվեց նրանց, պատրաստեցին այն և առավոտից մինչև կեսօր Բահաղի անունը կանչեցին՝ ասելով. «Ո՛վ Բահաղ, պատասխանի՛ր մեզ»։ Սակայն ոչ ձայն կար+, ոչ էլ պատասխան տվող+։ Իսկ այդ ամբողջ ժամանակ նրանք ցատկոտում էին իրենց շինած զոհասեղանի շուրջը։
27 Կեսօրին Եղիան սկսեց ծաղրել+ նրանց ու ասել. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանի որ նա աստված է+։ Թերևս մտածմունքների մեջ է ընկել կամ գնացել է արտաքնոց+ կղկղելու+։ Կամ էլ գուցե քնած է, և նրան հարկավոր է արթնացնել»+։
28 Եվ նրանք սկսեցին ավելի բարձր ձայնով կանչել ու իրենց սովորության համաձայն՝ մարմինները դաշույններով ու նիզակներով կտրատել+, մինչև որ արյուն հոսեց նրանց վրայից։
29 Երբ կեսօրն անցավ, նրանք իրենց դեռ մարգարեների պես էին պահում+ մինչև հացի ընծան մատուցելու ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տվող, և ոչ էլ ուշադրություն դարձնող+։
30 Վերջապես Եղիան ասաց ժողովրդին. «Ի՛նձ մոտեցեք»։ Ամբողջ ժողովուրդը մոտեցավ նրան։ Ապա նա սկսեց վերականգնել Եհովայի զոհասեղանը, որ քանդված էր+։
31 Եղիան վերցրեց տասներկու քար՝ Հակոբի որդիների ցեղերի թվին համապատասխան, որին Եհովայի խոսքն էր եղել+՝ ասելով. «Իսրայել է լինելու քո անունը»+։
32 Այդ քարերից նա Եհովայի անվան պատվին+ զոհասեղան+ շինեց և նրա շուրջը փոս փորեց այն տարածքի չափով, որտեղ կարելի է երկու գրիվ* սերմ ցանել։
33 Դրանից հետո նա փայտերը շարեց+, մատղաշ ցուլը կտորների բաժանեց, դասավորեց փայտերի վրա ու ասաց. «Չորս մեծ սափորի մեջ ջուր լցրեք և թափեք ողջակեզի ու փայտերի վրա»։
34 Ապա ասաց. «Նորի՛ց արեք»։ Եվ նրանք այդ բանը նորից արեցին։ Սակայն նա ասաց. «Երրորդ անգամ էլ արեք»։ Նրանք երրորդ անգամ էլ արեցին։
35 Ջուրը հոսում էր զոհասեղանի շուրջբոլորը, և փոսն էլ ջրով լցվեց։
36 Երբ հացի ընծան մատուցելու ժամանակը եկավ+, Եղիա մարգարեն մոտեցավ զոհասեղանին ու ասաց. «Ո՛վ Եհովա, Աբրահամի+, Իսահակի+ ու Իսրայելի Աստված+, թող այսօր իմանան, որ դո՛ւ ես Իսրայելում Աստված+, որ ես քո ծառան եմ, և որ քո խոսքով+ եմ անում այս բոլոր բաները։
37 Պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, պատասխանի՛ր ինձ, որպեսզի այս մարդիկ իմանան, որ դո՛ւ ես, Եհո՛վա+, ճշմարիտ Աստվածը, և դո՛ւ ես նրանց սիրտը դեպի քեզ դարձնում»+։
38 Այս խոսքերի վրա Եհովայի կրակը+ իջավ ու խժռեց ողջակեզը+, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց+։
39 Տեսնելով սա՝ ժողովուրդը երեսի վրա ընկավ+ ու ասաց. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը։ Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը»։
40 Այդ ժամանակ Եղիան ասաց նրանց. «Բռնե՛ք Բահաղի մարգարեներին։ Դրանցից մեկին էլ չթողնեք, որ փախչի»։ Եվ նրանց բռնեցին։ Եղիան իջեցրեց նրանց Կիսոն հեղեղատը+ և սպանեց այնտեղ+։
41 Եղիան ասաց Աքաաբին. «Վե՛ր ելիր, կեր և խմիր+, որովհետև տեղատարափ անձրևի ձայն է լսվում»+։
42 Աքաաբը վեր ելավ ուտելու և խմելու։ Իսկ Եղիան բարձրացավ Կարմեղոսի գլուխը և դեպի գետին կռացավ+՝ երեսը իջեցնելով ծնկների արանքը+։
43 Հետո ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, բարձրացիր և նայիր ծովի կողմը»։ Նա էլ բարձրացավ, նայեց ու ասաց. «Ոչինչ չկա»։ Նա դարձյալ ասաց. «Նորից գնա»։ Եվ այդպես յոթ անգամ+։
44 Յոթերորդ անգամ սպասավորն ասաց. «Ծովից մի փոքր ամպ է բարձրանում+՝ մարդու ձեռքի չափ»։ Եղիան ասաց. «Գնա ու Աքաաբին ասա. «Լծիր+ և իջիր, որ անձրևը քեզ չհասնի»»։
45 Այդ ժամանակ երկինքը մթնեց ամպերով, և քամի+ ու հորդառատ անձրև սկսեց+։ Աքաաբը հեծավ և գնաց Հեզրայել+։
46 Եհովայի ձեռքը Եղիայի վրա էր+. նա իր հանդերձի փեշերը գոտու տակ ամրացրեց+ և Աքաաբի առաջից ամբողջ ճանապարհը վազելով՝ փախավ Հեզրայել+։
Ծանոթագրություններ
^ Մեկ գրիվը հվսր է 7,33 լ.։