1 Թագավորներ 5:1-18
5 Երբ Տյուրոսի+ Քիրամ+ թագավորը լսեց, որ Սողոմոնին թագավոր են օծել նրա հոր փոխարեն, իր ծառաներին նրա մոտ ուղարկեց+, որովհետև միշտ սիրել էր Դավթին+։
2 Իր հերթին Սողոմոնը մարդիկ ուղարկեց Քիրամի մոտ, որ ասեն նրան+.
3 «Դու գիտես, որ իմ հայր Դավիթը չկարողացավ տուն շինել իր Աստված Եհովայի անվան համար այն պատերազմների պատճառով+, որոնք բոլոր կողմերից պատել էին նրան, մինչև որ Եհովան նրա ոտքերի տակ դրեց նրա թշնամիներին։
4 Եվ հիմա իմ Աստված Եհովան ամեն կողմից ինձ հանգստություն է տվել+. ո՛չ հակառակորդ կա, ո՛չ էլ չար պատահար+։
5 Դրա համար էլ ես ուզում եմ իմ Աստված Եհովայի անվան համար տուն կառուցել+, ինչպես որ Եհովան խոստացել է իմ հայր Դավթին՝ ասելով. «Քո որդին, որին քո փոխարեն նստեցնելու եմ քո գահին, նա է իմ անվան համար տուն կառուցելու»+։
6 Ուստի հրաման տուր, որ ինձ համար Լիբանանից մայրիներ+ կտրեն, և իմ ծառաները կաշխատեն քո ծառաների հետ։ Քո ծառաների վարձատրությունը քեզ կտամ այն չափով, որ չափով որ կասես, որովհետև դու ինքդ գիտես, որ մեր մեջ սիդոնացիների+ նման ծառ կտրող չկա»։
7 Լսելով Սողոմոնի խոսքերը՝ Քիրամը+ շատ ուրախացավ ու ասաց. «Օրհնյալ է+ այսօր Եհովան, որ Դավթին իմաստուն+ որդի է տվել, որպեսզի նա ղեկավարի այս բազմամարդ ժողովրդին»+։
8 Ուստի Քիրամը մարդիկ ուղարկեց Սողոմոնի մոտ՝ ասելով. «Լսեցի այն ամենը, ինչի համար որ ինձ մոտ մարդ ես ուղարկել։ Ամեն ինչ կանեմ քո ուզածի պես ու քեզ մայրու և գիհու+ գերաններ կտամ։
9 Իմ ծառաները դրանք Լիբանանից+ ծով կիջեցնեն, և ես դրանցից լաստեր կշինեմ ու ծովով բերել կտամ մինչև այն տեղը, ուր ցույց կտաս ինձ+։ Այնտեղ կքանդեմ դրանք, և դու կվերցնես։ Փոխարենը՝ դու էլ իմ ցանկությունը կկատարես՝ տունս ուտելիքով կապահովես»+։
10 Այդպես Քիրամը Սողոմոնին նրա ուզածի չափ մայրու և գիհու ծառերի գերաններ տվեց։
11 Փոխարենը՝ Սողոմոնը Քիրամի տան համար քսան հազար քոռ*+ ցորեն ու քսան հազար քոռ ծեծված+ ձիթապտղի յուղ տվեց։ Այդ ամենը Սողոմոնը ամեն տարի տալիս էր Քիրամին+։
12 Եվ Եհովան Սողոմոնին իմաստություն տվեց, ինչպես որ խոստացել էր նրան+։ Քիրամի ու Սողոմոնի միջև խաղաղություն եղավ, և նրանք իրար հետ դաշինք կնքեցին։
13 Սողոմոն թագավորը ամբողջ Իսրայելից մարդիկ հավաքեց հարկադիր աշխատանքի+ համար, և այդ աշխատողների թիվը երեսուն հազար էր։
14 Նա հերթականությամբ նրանց Լիբանան ուղարկեց՝ ամեն ամիս տասը հազար մարդ։ Մեկ ամիս նրանք աշխատում էին Լիբանանում, իսկ երկու ամիս իրենց տներում էին+։ Հարկադիր աշխատողների+ վերակացուն Ադոնիրամն+ էր։
15 Սողոմոնը յոթանասուն հազար բեռնակիրներ+ և ութսուն հազար քարհատներ+ ուներ+ լեռներում+՝
16 չհաշված վերահսկող գործավարներին+, որոնք հսկում էին աշխատանքները։ Աշխատողներին հսկող այդ վերակացուները+ երեք հազար երեք հարյուր հոգի էին։
17 Թագավորը հրամայեց նրանց մեծ քարեր կտրել՝ թանկարժեք քարեր+, որպեսզի տան հիմքը+ տաշված քարերով+ դրվի։
18 Ուստի Սողոմոնի ու Քիրամի շինարարները, նաև գեբալացիները+ կտրում էին քարերը և դրանք գերանների հետ միասին պատրաստում էին տան շինարարության համար։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 4։22-ի ծնթ.։