1 Կորնթացիներ 11:1-34
11 Ընդօրինակեք ինձ, ինչպես որ ես էլ Քրիստոսին+։
2 Գովում եմ ձեզ, որովհետև բոլոր բաներում հիշում եք ինձ և ամուր կառչած եք այն ամենին+, ինչ փոխանցեցի ձեզ։
3 Սակայն ուզում եմ՝ իմանաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է+, կնոջ գլուխը տղամարդն է+, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված+։
4 Ամեն տղամարդ, որ աղոթում կամ մարգարեանում է գլուխը ծածկած, անպատիվ է անում իր գլուխը+,
5 և ամեն կին, որ աղոթում կամ մարգարեանում է+՝ առանց գլուխը ծածկելու, անպատիվ է անում իր գլուխը+, որովհետև դա նույնն է, եթե նրա գլուխը ածիլված լիներ+։
6 Եթե կինը չի ծածկում գլուխը, թող խուզի իր մազերը, բայց եթե կնոջ համար ամոթ է մազերը խուզելը կամ ածիլելը+, ապա թող գլուխը ծածկի+։
7 Տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն է+ ու փառքը+, իսկ կինը տղամարդու փառքն է+։
8 Աստված տղամարդուն չստեղծեց կնոջ մարմնից, այլ կնոջը ստեղծեց տղամարդու մարմնից+։
9 Բացի դրանից, ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար+։
10 Ահա թե ինչու կինը պետք է ի նշան հնազանդության ծածկի իր գլուխը+ հրեշտակների համար+։
11 Սակայն Տիրոջ հետևորդների մեջ ո՛չ կին կա՝ առանց տղամարդու, ո՛չ էլ տղամարդ՝ առանց կնոջ+։
12 Ինչպես որ կինն է տղամարդուց+, այնպես էլ տղամարդն է կնոջից+. բայց ամեն ինչ Աստծուց է+։
13 Ինքներդ դատեք. արդյոք վայե՞լ է կնոջը առանց գլուխը ծածկելու աղոթել Աստծուն։
14 Բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար,
15 սակայն եթե կինը երկար մազեր ունի, դա փառք է+ նրա համար, որովհետև նրա մազերը տրված են նրան՝ գլխի ծածկոցի փոխարեն+։
16 Բայցևայնպես, եթե որևէ մեկն ուզում է առարկել+ և մեկ ուրիշ սովորության հետևել+, մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն։
17 Բայց այս հրահանգները տալով՝ ես չեմ գովում ձեզ, որովհետև ձեր միասին հավաքվելը ավելի վնաս է տալիս ձեզ, քան օգուտ+։
18 Նախևառաջ լսում եմ, որ երբ հավաքվում եք ժողովում, ձեր մեջ բաժանումներ են լինում+, և ես մասամբ հավատում եմ դրան։
19 Բայց պետք է որ ձեր մեջ նաև աղանդներ+ լինեն, որպեսզի հավանություն ստացած անհատները նույնպես երևան ձեր մեջ+։
20 Հետևաբար, երբ մեկտեղ եք հավաքվում, հնարավոր չի լինում պատշաճ ձևով ուտել Տիրոջ ընթրիքը+,
21 որովհետև մինչև այն ուտելը դուք ձեր ընթրիքն եք ուտում, այնպես որ մեկը քաղցած է լինում, իսկ մյուսը՝ հարբած։
22 Մի՞թե տուն չունեք, որ այնտեղ ուտեք ու խմեք+։ Թե՞ արհամարհում եք Աստծու ժողովը և ամաչեցնում նրանց, ովքեր ոչինչ չունեն+։ Ի՞նչ ասեմ ձեզ։ Գովե՞մ։ Սրա համար ձեզ չեմ գովում։
23 Ես ինչ որ ստացա Տիրոջից, սովորեցրի ձեզ։ Այն գիշերը+, երբ Տեր Հիսուսը պետք է մատնվեր, վերցրեց հացը
24 և շնորհակալություն հայտնելուց հետո կոտրեց այն+ ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը+, որը ձեզ համար է։ Սա արեք ինձ հիշելու համար»+։
25 Նույն ձևով էլ, երբ ընթրիքն ավարտեց, վերցրեց բաժակը+ և ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը+ իմ արյան+ հիման վրա։ Սա արեք ինձ հիշելու+ համար ամեն անգամ, երբ խմեք դրանից»։
26 Ամեն անգամ+, երբ ուտեք այս հացը և խմեք այս բաժակից, հռչակեք Տիրոջ մահը+, մինչև որ նա գա+։
27 Ուրեմն ով որ անարժան կերպով ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, հանցավոր+ կլինի Տիրոջ մարմնի և արյան+ նկատմամբ։
28 Թող մարդ, իրեն քննելով, նախ հավաստիանա, որ արժանի է+, և ապա ուտի հացը ու խմի բաժակից։
29 Եթե որևէ մեկը ուտում և խմում է՝ առանց գիտակցելու, թե ինչ է այդ մարմինը ներկայացնում, իր վրա դատապարտություն է բերում+։
30 Ահա թե ինչու ձեր մեջ շատերը թույլ են ու հիվանդ, իսկ շատերն էլ մեռած են*+։
31 Բայց եթե քննեինք, թե ովքեր ենք մենք ինքներս, ապա չէինք դատվի+։
32 Սակայն երբ դատվում ենք+, խրատվում ենք Եհովայի կողմից+, որպեսզի չդատապարտվենք+ աշխարհի հետ+։
33 Հետևաբար, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այս ընթրիքն ուտելու+, սպասեք իրար։
34 Եթե որևէ մեկը քաղցած է, թող տանը ուտի+, որպեսզի երբ հավաքվեք, դատաստան չբերեք ձեզ վրա+։ Իսկ մնացած հարցերը կկարգավորեմ, երբ որ գամ։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ննջում են մահվան քնով»։