1 Կորնթացիներ 14:1-40
14 Սիրո՛ հետամուտ եղեք և շարունակեք նախանձախնդրաբար ձգտել հոգևոր պարգևների+, սակայն նախընտրելի է, որ մարգարեանաք+։
2 Ով խոսում է որևէ այլ լեզվով, ոչ թե մարդկանց հետ է խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում+, չնայած որ նա սրբազան գաղտնիքներ+ է խոսում ոգու միջոցով։
3 Իսկ ով մարգարեանում է, իր խոսքերով կերտում+, քաջալերում ու մխիթարում է մարդկանց։
4 Ով խոսում է որևէ այլ լեզվով, ինքն իրեն է կերտում, բայց նա, ով մարգարեանում է, ժողովին է կերտում։
5 Կուզեի, որ բոլորդ էլ լեզուներով խոսեք+, սակայն նախընտրում եմ, որ մարգարեանաք+։ Ինչ խոսք, մարգարեացողը ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը+, որովհետև եթե նա չթարգմանի, ժողովը չի կերտվի։
6 Բայց այժմ, եղբայրնե՛ր, եթե ես գամ ձեզ մոտ և լեզուներով խոսեմ, ի՞նչ բարիք արած կլինեմ ձեզ, եթե ձեզ հետ չխոսեմ նաև հայտնությամբ+, գիտելիքներով+, մարգարեությամբ կամ էլ ուսուցմամբ։
7 Անշունչ բաներն էլ են ձայն արձակում+՝ լինի դա սրինգ թե քնար։ Եթե հնչերանգի մեջ զանազանություն չլինի, ապա ինչպե՞ս կիմացվի, թե ինչ է նվագում սրինգը կամ քնարը։
8 Եվ իրոք, եթե փողը անորոշ ձայն արձակի, ո՞վ կպատրաստվի պատերազմի+։
9 Նույն ձևով էլ եթե դուք լեզվով խոսքը հստակ չասեք+, ինչպե՞ս կհասկացվի, թե ինչ է ասվում։ Իրականում դուք օդի մեջ խոսողներ կլինեք+։
10 Աշխարհում շատ լեզուներով են խոսում, և նրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։
11 Ուրեմն եթե ես չհասկանամ ասված խոսքի իմաստը, օտար+ կլինեմ խոսողի համար, և խոսողն էլ օտար կլինի ինձ համար։
12 Այդպես էլ դուք, քանի որ նախանձախնդրաբար ոգու պարգևներն եք+ փափագում, ձգտեք հարստանալ դրանցով ժողովի կերտման համար+։
13 Ուստի նա, ով խոսում է որևէ այլ լեզվով, թող աղոթի, որ կարողանա թարգմանել+։
14 Եթե ես աղոթում եմ որևէ օտար լեզվով, ապա ինձ տրված ոգու պարգևի շնորհիվ եմ աղոթում+, բայց իմաստը չեմ հասկանում։
15 Այդ դեպքում ի՞նչ պետք է անել։ Ես կաղոթեմ ոգու պարգևով, սակայն կաղոթեմ նաև մտքով։ Ես կգովերգեմ+ ոգու պարգևով, սակայն կգովերգեմ նաև մտքով+։
16 Այլապես, եթե դու գովաբանես ոգու պարգևով, սովորական մարդը ինչպե՞ս կասի «ամեն»+ քո մատուցած գոհությանը, քանի որ չգիտի, թե ինչ ես ասում։
17 Ճիշտ է, դու գոհությունը լավ ես մատուցում, բայց ուրիշը չի կերտվում+։
18 Շնորհակալ եմ Աստծուն, որ ես ավելի շատ լեզուներով եմ խոսում, քան դուք բոլորդ+։
19 Բայցևայնպես, ավելի լավ է, որ ժողովում հինգ հասկանալի խոսք ասեմ՝ ուրիշներին սովորեցնելու համար, քան տասը հազար խոսք՝ որևէ այլ լեզվով+։
20 Եղբայրնե՛ր, հասկացողության հարցում երեխա մի՛ եղեք+, այլ երեխա եղեք չարության հանդեպ+, իսկ հասկացողության հարցում եղեք չափահաս+։
21 Օրենքում գրված է. ««Օտար լեզուներով և օտարների շուրթերով+ կխոսեմ այս ժողովրդի հետ+, բայց այդ ժամանակ էլ նրանք ինձ ականջ չեն դնի»,– ասում է Եհովան»+։
22 Հետևաբար լեզուները նշանի համար են+ ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար+, մինչդեռ մարգարեություն անելը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների+։
23 Ուստի եթե ամբողջ ժողովը մեկտեղ հավաքվի, և նրանք բոլորը խոսեն այլ լեզուներով+, և սովորական մարդիկ կամ անհավատներ ներս մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։
24 Բայց եթե դուք բոլորդ մարգարեանաք, և մի սովորական մարդ կամ անհավատ ներս մտնի, ձեր խոսքերը նրա համար կծառայեն որպես հանդիմանություն+ և կմղեն նրան ինքնաքննություն անելու,
25 նրա սրտի գաղտնիքները իրեն հայտնի կդառնան+, և նա երեսնիվայր կընկնի ու կերկրպագի Աստծուն՝ ասելով. «Իրոք որ, Աստված ձեր մեջ է»+։
26 Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ միասին հավաքվում եք, մեկը սաղմոս է ասում, մյուսը սովորեցնում է, մյուսը իր ստացած հայտնության մասին է պատմում, մեկ ուրիշը օտար լեզվով է խոսում, մեկ ուրիշն էլ թարգմանում է+։ Թող որ ամեն ինչ կերտման համար լինի+։
27 Եվ եթե ոմանք խոսում են որևէ այլ լեզվով, թող երկուսը կամ ամենաշատը երեքը խոսեն, այն էլ հերթով, և ինչ-որ մեկը թող թարգմանի+։
28 Սակայն եթե թարգմանիչ չկա, թող լուռ մնան ժողովում ու իրենց մտքում խոսեն+ Աստծու հետ։
29 Բացի այդ, թող երկու կամ երեք մարգարեներ+ խոսեն, իսկ մյուսները իմաստը հասկանան+։
30 Սակայն եթե այնտեղ նստած մեկ ուրիշին հայտնություն լինի+, առաջին խոսողը թող լռի։
31 Դուք բոլորդ կարող եք հերթով մարգարեանալ+, որպեսզի բոլորը սովորեն և բոլորն էլ քաջալերվեն+։
32 Եվ մարգարեները, ովքեր ոգու պարգևն ունեն, պետք է ինքնատիրապետում դրսևորեն,
33 որովհետև Աստված ոչ թե անկարգության Աստված է+, այլ խաղաղության+։
Ինչպես որ սրբերի բոլոր ժողովներում է,
34 կանայք թող լուռ մնան+ ժողովներում, քանի որ նրանց թույլատրված չէ, որ խոսեն, այլ թող հնազանդ լինեն+, ինչպես որ Օրենքն է+ ասում։
35 Բայց եթե ցանկանում են ինչ-որ բան սովորել, թող տանը իրենց ամուսիններին հարցնեն, քանի որ կնոջը վայել չէ+ խոսել ժողովում։
36 Մի՞թե Աստծու խոսքը ձեզանից ելավ+ կամ միայն ձեզ հասավ։
37 Եթե որևէ մեկը կարծում է, թե ինքը մարգարե է կամ ոգու պարգևն ունի, թող ընդունի այն բաները, որ ես գրում եմ ձեզ, որովհետև դրանք Տիրոջ պատվիրանն են+։
38 Բայց եթե մեկը մերժում է, թող այդպես տգետ էլ մնա։
39 Հետևաբար, եղբայրնե՛րս, շարունակեք նախանձախնդրաբար ձգտել մարգարեանալուն+ և մի՛ արգելեք լեզուներով խոսելը+։
40 Միայն թե ամեն ինչ թող պարկեշտությամբ և կարգուկանոնով լինի+։