1 Սամուել 1:1-28
1 Ռամաթայիմ-Սոֆիմում*+՝ Եփրեմի լեռնային շրջանում+, մի մարդ էր ապրում, անունը՝ Եղկանա+։ Նա եփրեմցի* էր՝ Սուֆի+ որդի Թովուի որդի Եղիուսի որդի Հերոամի որդին։
2 Նա երկու կին ուներ, մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Փենանան երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ+։
3 Այդ մարդը ամեն տարի իր քաղաքից գնում էր Սելով+, որ խոնարհվի+ Զորքերի Տեր Եհովայի առաջ և նրան զոհ մատուցի։ Այնտեղ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը+, Եհովայի քահանաներն էին+։
4 Այն օրը, երբ Եղկանան զոհ մատուցեց, նա իր կնոջը՝ Փենանային, և նրա բոլոր որդիներին ու աղջիկներին մի քանի բաժին տվեց+,
5 իսկ Աննային միայն մեկ բաժին տվեց։ Նա Աննային էր սիրում+, սակայն Եհովան փակել էր նրա արգանդը+։
6 Նրա մյուս կինը սաստիկ զայրացնում էր+ Աննային և վշտացնում այն բանի համար, որ Եհովան փակել էր նրա արգանդը։
7 Նա այդպես էր անում ամեն տարի+, երբ նրանք գնում էին Եհովայի տուն+. զայրացնում էր նրան, և Աննան լաց էր լինում ու ոչինչ չէր ուտում։
8 Նրա ամուսինը՝ Եղկանան, ասաց նրան. «Ա՛ննա, ինչո՞ւ ես լալիս ու ոչինչ չես ուտում։ Ինչո՞ւ է քո սիրտը տխուր+։ Մի՞թե ես քեզ համար տասը որդուց ավելի լավը չեմ»+։
9 Այն բանից հետո, երբ նրանք Սելովում կերան ու խմեցին, Աննան վեր կացավ (այդ ժամանակ Հեղի քահանան Եհովայի տաճարի+ մուտքի մոտ մի աթոռի վրա նստած էր)
10 և տրտմած հոգով+ սկսեց աղոթել Եհովային+ ու դառնագին լաց լինել+։
11 Նա երդում տվեց+ ու ասաց. «Ո՛վ Զորքերի Տեր Եհովա, եթե քո աղախնի տառապանքներին նայես+ ու հիշես իմ մասին+, եթե չմոռանաս քո աղախնին և քո աղախնին մի արու զավակ տաս, նրա կյանքի բոլոր օրերում ես նրան Եհովային կտամ, և նրա գլխին ածելի չի դիպչի»+։
12 Մինչ նա երկար աղոթում էր+ Եհովային, Հեղին նրա շրթունքներին էր հետևում։
13 Աննան իր սրտի մեջ էր խոսում+. միայն նրա շուրթերն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, ուստի Հեղին կարծեց, թե նա հարբած է+։
14 Հեղին ասաց նրան. «Մինչև ե՞րբ պիտի հարբած վիճակում մնաս+։ Սթափվի՛ր գինովությունիցդ»։
15 Պատասխան տալով՝ Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ։ Ես վշտացած ոգով մի կին եմ և գինի կամ ուրիշ ոգելից խմիչք չեմ խմել, այլ հոգիս եմ թափում Եհովայի առաջ+։
16 Քո աղախնին անպիտան+ կին մի՛ կարծիր. մինչև հիմա ես իմ վշտերի ու չարչարանքների շատության պատճառով էի խոսում»+։
17 Այդ ժամանակ Հեղին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ+, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից»+։
18 Նա էլ ասաց. «Թող քո աղախինը բարեհաճություն գտնի քո աչքերում»+։ Եվ կինը գնաց իր ճանապարհով։ Նա սկսեց ուտել+, և նրա երեսից տրտմությունը վերացավ+։
19 Վաղ առավոտյան նրանք վեր կացան և մինչև գետին խոնարհվեցին Եհովայի առաջ, որից հետո վերադարձան տուն՝ Ռամա+։ Եղկանան հարաբերություն ունեցավ+ իր կնոջ՝ Աննայի հետ, և Եհովան նրան հիշեց+։
20 Մեկ տարի էլ չէր անցել, որ Աննան հղիացավ ու մի որդի ծնեց և նրա անունը+ Սամուել դրեց՝ ասելով. «Եհովայից եմ խնդրել+ նրան»։
21 Որոշ ժամանակ անց Եղկանան իր ամբողջ ընտանիքով գնաց, որ Եհովային տարեկան զոհը+ և իր ուխտած ընծան մատուցի+։
22 Բայց Աննան չգնաց+։ Նա ասաց իր ամուսնուն. «Հենց որ տղան կաթից կտրվի+, կտանեմ նրան, որ ներկայանա Եհովայի առաջ և ընդմիշտ այնտեղ մնա»+։
23 Այս խոսքերի վրա նրա ամուսին+ Եղկանան ասաց նրան. «Արա այն, ինչ հաճելի է քո աչքին+։ Մնա տանը, մինչև որ նրան կաթից կտրես։ Թող Եհովան կատարի իր խոսքը»+։ Կինը մնաց տանը ու կերակրեց իր որդուն մինչև նրան կաթից կտրելը+։
24 Հենց որ երեխային կաթից կտրեց, վերցրեց նրան, նաև երեք տարեկան մի ցուլ, մեկ արդու* ալյուր և գինով+ լի մի մեծ սափոր ու գնաց Եհովայի տուն՝ Սելով+։ Տղան նրա հետ էր։
25 Ցուլը մորթեցին և տղային Հեղիի+ մոտ տարան։
26 Աննան ասաց. «Ների՛ր ինձ, տե՛ր իմ։ Կենդանի է քո հոգին+, տե՛ր իմ, ես այն կինն եմ, որը կանգնել էր այստեղ՝ քեզ մոտ, և Եհովային էր աղոթում+։
27 Ես այս տղայի համար էի աղոթում, և Եհովան տվեց ինձ այն+, ինչ որ խնդրեցի նրանից+։
28 Իմ հերթին ես նրան փոխ եմ տալիս Եհովային+։ Իր կյանքի բոլոր օրերում նա Եհովային է տրված»։
Եվ Եղկանան այնտեղ խոնարհվեց Եհովայի առջև+։