1 Սամուել 17:1-58
17 Փղշտացիները+ հավաքեցին իրենց զորքերը, որ պատերազմի դուրս գան։ Նրանք հավաքվեցին Սոքովում+, որը Հուդայում է, և բանակ դրեցին Սոքովի ու Ազեկայի+ միջև՝ Ափեսդոմմիմում+։
2 Սավուղն ու իսրայելացիներն էլ հավաքվեցին և, բանակ դնելով Էլայի+ հարթավայրում, մարտական կարգով շարվեցին՝ փղշտացիների դեմ կռվելու։
3 Փղշտացիները լեռան այս կողմում էին, իսկ իսրայելացիները՝ լեռան այն կողմում, և նրանց միջև հովիտ կար։
4 Փղշտացիների բանակից մի մենամարտիկ դուրս եկավ, որի անունը Գողիաթ էր+։ Նա Գեթից+ էր, և նրա հասակի բարձրությունն էր վեց կանգուն ու մեկ թիզ*+։
5 Գլխին նա մի պղնձե սաղավարտ ուներ և մի պղնձե թեփուկածածկ զրահ+ էր հագել, որը կշռում էր հինգ հազար սիկղ*։
6 Ոտքերին պղնձե սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձե տեգ+։
7 Նրա նիզակի փայտե կոթը նման էր ջուլհակահաստոցի գլանի+, և նիզակի երկաթե սայրը վեց հարյուր սիկղ* էր կշռում։ Նրա առջևից մի զինվոր էր գնում, որը նրա մեծ վահանն էր կրում։
8 Նա կանգ առավ, ձայն տվեց իսրայելացիների զորքերին+ ու ասաց. «Ինչո՞ւ եք դուրս եկել ու մարտական կարգով շարվել։ Մի՞թե ես փղշտացի չեմ, և դուք էլ Սավուղի ծառաները+ չեք։ Ձեզ համար մի մարդ ընտրեք, և թող նա ինձ մոտ իջնի։
9 Եթե նա կարողանա կռվել իմ դեմ և ինձ սպանել, մենք ձեր ծառաները կդառնանք։ Իսկ եթե ես հաղթեմ նրան ու սպանեմ, ապա դուք մեր ծառաները կդառնաք և կծառայեք մեզ»+։
10 Փղշտացին ավելացրեց. «Այսօր ես ծաղրուծանակի+ եմ ենթարկելու Իսրայելի զորքերին։ Ինձ մի մարդ տվեք, և մենք իրար հետ կմենամարտենք»+։
11 Երբ Սավուղն+ ու բոլոր իսրայելացիները լսեցին փղշտացու խոսքերը, սարսափեցին և շատ վախեցան+։
12 Դավիթը Հուդայի Բեթլեհեմից այն եփրաթացու+ որդին էր, որի անունը Հեսսե էր, և որը ութ որդի ուներ+։ Սավուղի օրերում այդ մարդն արդեն ծեր էր։
13 Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետևից պատերազմի էին գնացել+։ Պատերազմի գնացած նրա երեք որդիների անուններն էին. առաջնեկինը՝ Եղիաբ+, երկրորդինը՝ Աբինադաբ+, և երրորդինը՝ Սամմա+։
14 Դավիթը ամենակրտսերն էր+։ Երեք ավագ որդիները գնացել էին Սավուղի հետևից։
15 Դավիթը գնում էր Սավուղի մոտ ու հետ էր դառնում Բեթլեհեմ, որպեսզի իր հոր ոչխարներն արածեցնի+։
16 Քառասուն օր շարունակ փղշտացին առավոտ կանուխ և երեկոյան դուրս էր գալիս ու կանգնում։
17 Հեսսեն ասաց իր որդի Դավթին. «Վերցրու այս մեկ արդու բոված ցորենն+ ու այս տասը հացը և շտապ տար բանակ՝ քո եղբայրներին։
18 Իսկ այս տասը գլուխ պանիրը* տար հազարապետին+։ Նաև իմացիր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են+, և մի խոսք բեր նրանցից, որ նրանք լավ են»։
19 Այդ ժամանակ Սավուղը, նրանք և մնացած բոլոր իսրայելացիները Էլայի+ հովտում փղշտացիների+ դեմ էին կռվում։
20 Վաղ առավոտյան Դավիթը վեր կացավ, ոչխարներին թողեց պահապանների խնամքին, առավ դրանք ու գնաց, ինչպես որ Հեսսեն էր նրան պատվիրել+։ Երբ նա մոտեցավ բանակի գումակին+, զորքը մարտական կոչ արձակելով՝ դուրս եկավ կռվի դաշտ+։
21 Իսրայելացիներն ու փղշտացիները սկսեցին զորքը զորքի դեմ շարվել։
22 Դավիթն իր բեռը+ հանձնեց մթերապահին+ ու վազեց մարտի դաշտ։ Գալով այնտեղ՝ նա հարցրեց իր եղբայրներին, թե արդյոք լա՞վ են նրանք+։
23 Մինչ նա խոսում էր նրանց հետ, ահա փղշտացիների շարքերից Գողիաթ+ անունով մենամարտիկը դուրս եկավ՝ այն փղշտացին, որ Գեթից+ էր, և կրկնեց նույն խոսքերը+, որ ասել էր, ու Դավիթը լսեց։
24 Տեսնելով այդ մարդուն՝ բոլոր իսրայելացիները փախան նրանից, քանի որ շատ վախեցան+։
25 Եվ իսրայելացիներն ասացին. «Տեսա՞ք այդ մարդուն։ Նա Իսրայելին ծաղրելու+ համար է դուրս եկել։ Ով որ սպանի նրան, թագավորը մեծ հարստություն կտա և իր աղջկան նրան կնության կտա+, իսկ նրա հոր տունը կազատի հարկերից ու պարտավորություններից Իսրայելում»+։
26 Դավիթը հարցրեց իր մոտ կանգնած մարդկանց. «Ի՞նչ կլինի այն մարդուն, որը կսպանի այդ փղշտացուն+ և Իսրայելի վրայից կհեռացնի նախատինքը+։ Ո՞վ է այդ անթլփատ+ փղշտացին, որ ծաղրում է+ կենդանի Աստծու զորքին»+։
27 Եվ մարդիկ նույն խոսքերը կրկնելով՝ ասացին. «Այսպես կլինի այն մարդուն, որը կսպանի նրան»։
28 Նրա ավագ եղբայր Եղիաբը+ լսեց, թե ինչպես է նա խոսում այդ մարդկանց հետ, և նրա բարկությունը բորբոքվեց Դավթի դեմ+։ Ուստի նա ասաց. «Ինչո՞ւ ես իջել այստեղ։ Անապատում ո՞ւմ ես թողել այն մի քանի ոչխարներին+։ Գիտեմ քո հանդգնությունն ու սրտիդ չարությունը+. դու կռիվը դիտելու համար ես եկել»+։
29 Դավիթը պատասխանեց. «Ի՞նչ եմ արել։ Ես միայն հարցրի»+։
30 Այդ ասելով՝ նա շրջվեց և մեկ ուրիշին նույն հարցը տվեց+, և մարդիկ նրան առաջվա պես պատասխանեցին+։
31 Դավթի խոսքերը լսեցին և պատմեցին Սավուղին։ Նա կարգադրեց, որ բերեն նրան։
32 Դավիթն ասաց Սավուղին. «Թող ոչ մեկի սիրտը չդողա+։ Քո ծառան ինքը կգնա ու կկռվի այդ փղշտացու հետ»+։
33 Բայց Սավուղն ասաց Դավթին. «Դու չես կարող գնալ այդ փղշտացու դեմ ու կռվել նրա հետ+, քանի որ դեռ պատանի ես+, իսկ նա մանկությունից ի վեր ռազմիկ է»։
34 Դավիթը պատասխանեց Սավուղին. «Երբ քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, պատահում էր, որ առյուծ+ կամ արջ էր գալիս ու հոտից ոչխար տանում։
35 Ես հետապնդում էի նրան, հարձակվում էի+ նրա վրա և նրա բերանից ազատում։ Իսկ երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա ծնոտից, հարվածում էի ու սպանում։
36 Քո ծառան սպանել է թե՛ առյուծ, թե՛ արջ, և այս անթլփատ փղշտացին+ էլ նրանցից մեկի պես կլինի, որովհետև կենդանի Աստծու+ զորքին+ է ծաղրում»+։
37 Ապա Դավիթն ավելացրեց. «Եհովան, որն ազատեց ինձ առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»+։ Այս խոսքերը լսելով՝ Սավուղն ասաց Դավթին. «Գնա՛, և թող Եհովան քեզ հե՛տ լինի»+։
38 Սավուղն իր հանդերձները Դավթին հագցրեց, գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ հագցրեց։
39 Ապա Դավիթը նրա սուրը կապեց իր հանդերձի վրայից ու փորձեց քայլել, բայց չկարողացավ, որովհետև սովոր չէր։ Ուստի ասաց Սավուղին. «Սրանց մեջ չեմ կարող քայլել, որովհետև սովոր չեմ»։ Եվ Դավիթն իր վրայից հանեց դրանք+։
40 Նա ձեռնափայտը իր ձեռքը վերցրեց, գետահովտից հինգ ողորկ քար ընտրեց, տեղավորեց դրանք հովվի իր պարկի մեջ և պարսատիկը+ ձեռքին՝ սկսեց մոտենալ փղշտացուն։
41 Փղշտացին ավելի ու ավելի էր մոտենում Դավթին, իսկ նրա առջևից գնացող զինվորը նրա մեծ վահանն էր կրում։
42 Երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին՝ արհամարհանքով+ լցվեց, որովհետև նա մի պատանի+ էր՝ կարմրաշեկ+ ու գեղեցիկ արտաքինով+։
43 Ուստի ասաց Դավթին. «Ես շո՞ւն եմ+, ի՛նչ է, որ ինձ վրա ձեռնափայտով ես գալիս»։ Եվ փղշտացին սկսեց իր աստվածներով նզովել նրան+։
44 Ապա ասաց. «Ինձ մոտ արի, և ես քո մարմինը երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին կտամ»+։
45 Իսկ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով ու տեգով+ ես գալիս, բայց ես քեզ վրա գալիս եմ Զորքերի Տեր Եհովայի անունով+՝ Իսրայելի զորքերի Աստծու, որին դու ծաղրում ես+։
46 Այսօր Եհովան քեզ իմ ձեռքն է մատնելու+, և ես կսպանեմ քեզ ու քո վրայից գլուխդ կառնեմ։ Այսօր փղշտացիների բանակի դիակները երկնքի թռչուններին ու երկրի վայրի գազաններին կտամ+, և ամբողջ երկիրը կիմանա, որ Իսրայելը Աստված ունի+։
47 Եվ բոլոր այս հավաքվածները կիմանան, որ Եհովան ո՛չ սրով է փրկում, ո՛չ էլ նիզակով+, որովհետև պատերազմը Եհովայինն է+, և նա ձեզ մեր ձեռքն է մատնելու»+։
48 Երբ փղշտացին ավելի մոտեցավ Դավթին, Դավիթը շտապ վազեց կռվի դաշտ՝ փղշտացուն ընդառաջ+։
49 Նա ձեռքը մտցրեց պարկի մեջ և այնտեղից մի քար վերցնելով՝ պարսատիկով նետեց ու հարվածեց+ փղշտացու ճակատին։ Քարը մխրճվեց նրա ճակատի մեջ, և նա երեսնիվայր գետին ընկավ+։
50 Եվ այսպես՝ պարսատիկով ու քարով Դավիթն ավելի ուժեղ գտնվեց, քան փղշտացին։ Առանց սրի՝ նա հարվածեց փղշտացուն ու սպանեց նրան+։
51 Դավիթը վազեց ու կանգնեց փղշտացու կողքին։ Հետո վերցրեց նրա սուրը+, հանեց պատյանից, ապա գլուխը կտրելով՝ վերջնականապես սպանեց նրան+։ Փղշտացիներն իրենց զորավոր մարդու մահը տեսնելով՝ փախուստի դիմեցին+։
52 Այդ ժամանակ Իսրայելի և Հուդայի մարդիկ վեր կացան ու բարձրաձայն աղաղակելով՝ հետապնդեցին+ փղշտացիներին մինչև հովիտը+ և մինչև Ակկարոնի+ դարպասները։ Փղշտացիներից մահացու վիրավորվածներն ընկած էին ճանապարհին՝ Սագարիմից+ մինչև Գեթ և մինչև Ակկարոն։
53 Դրանից հետո իսրայելացիները վերադարձան փղշտացիներին հետապնդելուց և սկսեցին թալանել+ նրանց բանակատեղերը։
54 Դավիթը վերցրեց փղշտացու գլուխն+ ու բերեց Երուսաղեմ, իսկ նրա զենքերը դրեց իր վրանում+։
55 Այն պահին, երբ Սավուղը տեսավ Դավթին փղշտացուն ընդառաջ գնալիս, զորագլուխ Աբեներին+ ասաց. «Ո՞ւմ+ տղան է այս պատանին+, Աբենե՛ր»։ Աբեներն էլ պատասխանեց. «Կենդանի՛ է քո հոգին, ո՛վ թագավոր, ամենևին տեղյակ չեմ»։
56 Ուստի թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում որդին է այդ պատանին»։
57 Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո վերադարձավ, Աբեները նրան բերեց Սավուղի մոտ։ Փղշտացու գլուխը+ նրա ձեռքին էր։
58 Սավուղը հարցրեց նրան. «Ո՞ւմ որդին ես, պատանի՛»։ Դավիթն էլ պատասխանեց. «Քո ծառա բեթլեհեմցի+ Հեսսեի+ որդին եմ»։