2 Թագավորներ 21:1-26
21 Տասներկու տարեկան էր Մանասեն+, երբ թագավոր դարձավ, և հիսունհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Էփսիբա։
2 Նա չարիք գործեց Եհովայի աչքում+՝ հետևելով այն ազգերի գարշելի սովորություններին+, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից։
3 Մանասեն նորից կառուցեց այն բարձունքները, որոնք իր հայր Եզեկիան ոչնչացրել էր+, Բահաղի համար զոհասեղաններ դրեց և սուրբ ձող շինեց, ինչպես որ Իսրայելի Աքաաբ թագավորն էր արել+։ Նա սկսեց խոնարհվել+ երկնքի ողջ զորքի+ առջև ու նրան ծառայել+։
4 Նաև զոհասեղաններ շինեց Եհովայի տան մեջ+, որի մասին Եհովան ասել էր. «Իմ անունը Երուսաղեմում պիտի հաստատեմ»+։
5 Եհովայի տան երկու գավիթներում էլ նա երկնքի ողջ զորքի+ համար զոհասեղաններ շինեց+։
6 Մանասեն իր որդուն կրակի մեջ այրեց*+, մոգությամբ զբաղվեց+, նախանշաններ մեկնեց, ոգեհարցներ+ ու գուշակներ+ նշանակեց։ Նա մեծ չարիք գործեց Եհովայի աչքում և վիրավորեց նրան։
7 Այնուհետև իր շինած սուրբ ձողի քանդակված պատկերը+ դրեց այն տան մեջ+, որի մասին Եհովան ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տանը և Երուսաղեմում, որն ընտրել եմ Իսրայելի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ հավիտյան+։
8 Այլևս չեմ ստիպի, որ Իսրայելի ոտքը թափառի այն երկրից դուրս, որը նրանց նախահայրերին եմ տվել+, միայն թե նրանք զգուշանան և կատարեն այն ամենը, ինչ պատվիրել եմ նրանց+՝ այն ամբողջ օրենքը, որ իմ ծառա Մովսեսն է նրանց տվել»։
9 Բայց նրանք չլսեցին+։ Մանասեն մոլորեցրեց նրանց, և նրանք ավելի մեծ չարիք գործեցին+, քան այն ազգերը+, որոնց Եհովան բնաջինջ էր արել Իսրայելի որդիների առաջ։
10 Եհովան խոսեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով+ և ասաց.
11 «Քանի որ Հուդայի Մանասե+ թագավորը այդ գարշելիություններն+ արեց, ավելի մեծ չարիք գործեց, քան իրենից առաջ եղող ամորհացիներն էին արել+, և Հուդային էլ մեղք գործել տվեց+ իր գարշելի կուռքերով*,
12 դրա համար Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ահա ես Երուսաղեմի և Հուդայի վրա այնպիսի աղետ եմ բերելու+, որ ամեն ոք, ով որ լսի այդ մասին, նրա երկու ականջներն էլ կզնգան+։
13 Երուսաղեմի վրայով կձգեմ այն չափման լարը+, որն օգտագործեցի Սամարիայի համար+, և այն հարթաչափը, որն օգտագործեցի Աքաաբի տան համար+։ Երուսաղեմը պիտի սրբեմ+, ինչպես որ գավաթն են սրբում, սրբում են և շուռ տալիս+։
14 Իմ ժառանգության+ մնացորդին պիտի լքեմ+ ու իրենց թշնամիների ձեռքը մատնեմ։ Բոլոր թշնամիները կթալանեն ու կկողոպտեն նրանց+,
15 քանի որ իմ աչքում չարիք գործեցին և իրենց նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր վիրավորեցին ինձ»»+։
16 Մանասեն նաև անմեղ արյուն թափեց+, այնքան շատ, որ Երուսաղեմը ծայրից ծայր արյունով լցրեց՝ չհաշված իր այն մեղքը, որով Հուդային էլ մեղք գործել տվեց, այնպես որ նրանք էլ Եհովայի աչքում չարիք գործեցին+։
17 Մանասեի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին, նաև նրա գործած մեղքի մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
18 Ի վերջո, Մանասեն ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր տան պարտեզում՝ Օզայի պարտեզում+։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ամոնը։
19 Քսաներկու տարեկան էր Ամոնը+, երբ սկսեց թագավորել, և երկու տարի+ թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Մեսոլոմիթ, որը Արուզի դուստրն էր՝ Ետեբայից։
20 Իր հայր Մանասեի նման Ամոնն էլ չարիք գործեց Եհովայի աչքում+։
21 Նա քայլեց այն բոլոր ճանապարհներով, որոնցով իր հայրն էր քայլել+, և ծառայեց այն գարշելի կուռքերին+, որոնց իր հայրն էր ծառայել, և դրանց առաջ խոնարհվեց։
22 Այսպիսով՝ նա թողեց իր հայրերի Աստված Եհովային+ և չքայլեց Եհովայի ճանապարհով+։
23 Ամոնի ծառաները դավադրություն կազմակերպեցին թագավորի դեմ և սպանեցին+ նրան հենց իր տան մեջ։
24 Սակայն երկրի ժողովուրդը սպանեց բոլոր նրանց, ովքեր Ամոն թագավորի դեմ դավադրություն էին կազմակերպել+, և նրա փոխարեն նրա որդի Հովսիային+ թագավոր դարձրեց։
25 Ամոնի կատարած մնացած գործերի մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
26 Նրան թաղեցին իր գերեզմանում՝ Օզայի պարտեզում+, իսկ նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Հովսիան+։