2 Թագավորներ 24:1-20
24 Հովակիմի օրերում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը դուրս եկավ Հուդայի դեմ, և Հովակիմը երեք տարի նրա ծառան+ եղավ, սակայն հետո ապստամբեց նրա դեմ։
2 Եհովան նրա դեմ ուղարկեց քաղդեացիների+, ասորիների, մովաբացիների+ և Ամմոնի որդիների հրոսակախմբերին, ուղարկեց նրանց Հուդայի դեմ, որպեսզի կործանեն նրան՝ Եհովայի այն խոսքի համաձայն+, որը նա ասել էր իր ծառաների՝ մարգարեների միջոցով։
3 Այս ամենը Հուդայի դեմ Եհովայի հրամանով եղավ, որպեսզի նրան հեռացնի+ իր առաջից Մանասեի մեղքերի պատճառով+՝ նրա ամեն արածների համար,
4 նաև նրա թափած անմեղ արյան+ համար, քանի որ Երուսաղեմը անմեղ արյունով էր լցրել, և Եհովան չուզեց նրան ներում շնորհել+։
5 Հովակիմի+ մնացած գործերի ու նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
6 Ի վերջո, Հովակիմը ննջեց իր նախահայրերի հետ+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Հովաքինը։
7 Եգիպտոսի թագավորն այլևս+ դուրս չեկավ իր երկրից+, որովհետև Բաբելոնի թագավորը գրավել էր այն ամենը, ինչը որ Եգիպտոսի թագավորին էր պատկանում+՝ Եգիպտոսի գետահովտից+ մինչև Եփրատ գետը+։
8 Տասնութ տարեկան էր Հովաքինը+, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Նեհուսթա, որ Ելնաթանի դուստրն էր՝ Երուսաղեմից։
9 Նա չարիք գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում իր հոր պես վարվեց+։
10 Այդ ընթացքում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ծառաները եկան Երուսաղեմ ու քաղաքը պաշարեցին+։
11 Ինքը՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, Երուսաղեմ եկավ, երբ իր ծառաներն արդեն պաշարել էին քաղաքը+։
12 Ի վերջո, Հուդայի Հովաքին թագավորը իր մոր+, իր ծառաների, իշխանների ու իր պալատականների հետ դուրս եկավ Բաբելոնի թագավորի մոտ+։ Բաբելոնի թագավորը իր թագավորության ութերորդ տարում գերի վերցրեց նրան+։
13 Ինչպեսև ասել էր Եհովան, նա վերցրեց Եհովայի տան բոլոր գանձերն ու թագավորի տան գանձերը+ և ջարդուփշուր արեց ոսկյա բոլոր իրերը+, որ Իսրայելի Սողոմոն թագավորն էր պատրաստել Եհովայի տաճարի համար։
14 Իսկ ամբողջ Երուսաղեմին, բոլոր իշխաններին+, բոլոր ուժեղ ու խիզախ+ տղամարդկանց, ինչպես նաև բոլոր արհեստավորներին+ ու պաշտպանական կառույցների շինարարներին՝ ընդհանուր առմամբ տասը հազար մարդու, նա գերի տարավ+։ Երկրի հասարակ ժողովրդից+ բացի, նա ոչ մեկին չթողեց։
15 Այսպիսով՝ նա Հովաքինին+ գերի տարավ Բաբելոն+, նաև թագավորի մորը+, թագավորի կանանց, նրա պալատականներին+ ու այդ երկրի անվանիներին. նրանց բոլորին Երուսաղեմից գերության տարավ Բաբելոն։
16 Բոլոր խիզախ տղամարդկանց՝ յոթ հազար մարդու, նաև արհեստավորներին, պաշտպանական կառույցների շինարարներին՝ հազար մարդու, և պատերազմելու ընդունակ բոլոր ուժեղ տղամարդկանց Բաբելոնի թագավորը գերի տարավ Բաբելոն+։
17 Այնուհետև Բաբելոնի թագավորը+ Հովաքինի փոխարեն թագավոր նստեցրեց նրա հորեղբորը+՝ Մաթանիային, և նրա անունը դրեց Սեդեկիա+։
18 Քսանմեկ տարեկան էր Սեդեկիան+, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտալ+, որը լեբնացի Երեմիայի դուստրն էր։
19 Սեդեկիան չարիք գործեց Եհովայի աչքում և ամեն ինչում վարվեց Հովակիմի պես+։
20 Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցածը այն աստիճան զայրացրեց Եհովային+, որ նա վերջիվերջո հեռացրեց նրանց իր առաջից+։ Եվ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ+։