2 Թագավորներ 4:1-44
4 Մարգարեների որդիների+ կանանցից մեկը լաց լինելով ասաց Եղիսեին. «Քո ծառան՝ իմ ամուսինը, մեռավ։ Դու գիտես, որ քո ծառան միշտ վախեցել է+ Եհովայից։ Բայց հիմա պարտատերը+ եկել է, որ իմ երկու երեխաներին իր համար ստրուկ տանի»։
2 Եղիսեն հարցրեց նրան. «Ի՞նչ անեմ քեզ համար+։ Ասա՛ ինձ, ի՞նչ ունես տանը»։ Կինը պատասխանեց. «Քո աղախինը իր տանը ոչինչ չունի, բացի մի սափոր յուղից»+։
3 Եղիսեն ասաց. «Դուրս արի և քո բոլոր հարևաններից դատարկ ամաններ խնդրիր, որքան հնարավոր է շատ։
4 Հետո տունդ մտիր ու դուռը քո և քո որդիների հետևից փակիր։ Յուղը լցրու բոլոր այդ ամանների մեջ և լցվածները մի կողմ դիր»։
5 Եվ կինը հեռացավ նրա մոտից։
Երբ նա իր և իր որդիների հետևից դուռը փակեց, նրանք սկսեցին ամանները նրա մոտ բերել, իսկ ինքը դրանց մեջ յուղ էր լցնում+։
6 Եվ երբ բոլոր ամանները լցվեցին, նա ասաց իր որդիներից մեկին. «Հաջորդ ամանը բեր»+։ Բայց տղան պատասխանեց. «Էլ չկա»։ Այդ պահին յուղը դադարեց հոսելուց+։
7 Կինը գնաց ու այդ մասին պատմեց ճշմարիտ Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա, յուղը վաճառիր ու պարտքերդ տուր+, իսկ մնացած յուղով դու և քո որդիները կապրեք»+։
8 Մի օր Եղիսեն գնաց Սունամ+. այնտեղ մի ճանաչված կին կար, և նա ստիպեց+ նրան իր մոտ հաց ուտել։ Այդ օրվանից սկսած՝ ամեն անգամ այդտեղով անցնելիս նա մտնում էր այդ կնոջ մոտ՝ հաց ուտելու։
9 Մի անգամ կինն ասաց իր ամուսնուն+. «Գիտեմ, որ այն մարդը, որը միշտ անցնում է մեր մոտով, Աստծու սուրբ մարդ է+։
10 Եկ մի փոքր սենյակ շինենք վերևում+ և այնտեղ անկողին, սեղան, աթոռ ու ճրագակալ+ դնենք նրա համար։ Եվ երբ նա մեզ մոտ գա, թող այնտեղ մնա»+։
11 Մի օր, սովորականի պես, Եղիսեն եկավ այնտեղ, բարձրացավ վերնատան իր սենյակն ու պառկեց։
12 Ապա ասաց իր սպասավոր Գեեզիին+. «Կանչի՛ր այդ սունամացի+ կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը եկավ ու կանգնեց Եղիսեի առաջ։
13 Եղիսեն ասաց իր սպասավորին. «Խնդրում եմ, ասա այս կնոջը. «Մեզ համար այս բոլոր նեղությունները քաշում ես+։ Ի՞նչ անեմ քեզ համար+։ Գուցե խոսե՞մ քո մասին թագավորի+ կամ զորագլխի+ հետ»»։ Սակայն կինը պատասխանեց. «Ես իմ ժողովրդի մեջ եմ բնակվում»+։
14 Եղիսեն հարցրեց. «Այդ դեպքում ի՞նչ կարելի է անել նրա համար»։ Գեեզին ասաց. «Հիրավի, նա երեխա չունի+, իսկ ամուսինն արդեն ծեր է»։
15 Նա ասաց. «Կանչի՛ր նրան»։ Գեեզին կանչեց կնոջը, և կինը եկավ կանգնեց մուտքի մոտ։
16 Եղիսեն ասաց նրան. «Հաջորդ տարի այս ժամանակ գրկումդ մի որդի կունենաս»+։ Սակայն կինը պատասխանեց. «Ո՛չ, տե՛ր իմ, մի՛ խաբիր քո աղախնին, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ»։
17 Կինը հղիացավ ու հաջորդ տարի այդ ժամանակ որդի+ ծնեց, ինչպես որ Եղիսեն ասել էր նրան+։
18 Երեխան մեծացավ և մի օր, սովորականի պես, գնաց իր հոր մոտ, որը հնձվորների+ հետ էր։
19 «Գլո՜ւխս, գլո՜ւխս»+,– սկսեց գանգատվել իր հորը։ Ի վերջո, հայրը պատվիրեց ծառային. «Տա՛ր նրան իր մոր+ մոտ»։
20 Ծառան էլ վերցրեց նրան ու տարավ մոր մոտ։ Երեխան մինչև կեսօր նստած մնաց մոր ծնկների վրա ու մեռավ+։
21 Մայրը վերև բարձրացավ, պառկեցրեց երեխային ճշմարիտ Աստծու մարդու+ մահճակալի+ վրա, դուրս եկավ ու դուռն իր հետևից փակեց։
22 Հետո կանչեց ամուսնուն ու ասաց. «Խնդրում եմ, ինձ մոտ ուղարկիր ծառաներից մեկին և մի էշ, որ արագ գնամ ճշմարիտ Աստծու մարդու հետևից ու հետ դառնամ»+։
23 Բայց ամուսինը հարցրեց. «Ինչո՞ւ ես այսօր գնում նրա մոտ։ Ո՛չ նորալուսին է+, ո՛չ էլ շաբաթ»։ Կինը պատասխանեց. «Մի՛ անհանգստացիր, ամեն ինչ լավ է»։
24 Նա թամբեց էշն+ ու ասաց իր ծառային. «Քշի՛ր, գնա՛։ Մինչև չասեմ, չկանգնես»։
25 Կինը ճանապարհ ընկավ ու եկավ Կարմեղոս լեռը՝ ճշմարիտ Աստծու մարդու մոտ։ Հեռվից նրան տեսնելով՝ Եղիսեն ասաց իր ծառա Գեեզիին+. «Նայի՛ր, սունամացի կինն է։
26 Վազի՛ր նրան ընդառաջ ու հարցրու. «Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ»»։ Նա էլ պատասխանեց. «Ողջ-առողջ ենք»։
27 Հասնելով լեռը՝ ճշմարիտ Աստծու մարդու մոտ, կինը ընկավ նրա ոտքերը+։ Գեեզին մոտ եկավ, որ հետ քաշի+ նրան, բայց ճշմարիտ Աստծու մարդն+ ասաց. «Թո՛ղ նրան+, նրա հոգին դառնացած է+, իսկ Եհովան դա թաքցրել է+ ինձանից ու չի հայտնել»։
28 Կինն ասաց. «Մի՞թե ես իմ տիրոջից որդի խնդրեցի։ Չասացի՞, թե զուր տեղը ինձ հույս մի՛ տուր»+։
29 Եղիսեն շտապ ասաց Գեեզիին+. «Մեջքիդ գոտի+ կապիր, վերցրու իմ ցուպն+ ու գնա։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև չտաս*+, և եթե որևէ մեկը քեզ բարև տա, չպատասխանես։ Գնա և իմ ցուպը դիր տղայի երեսին»+։
30 Տղայի մայրն ասաց. «Կենդանի է Եհովան+, և կենդանի է քո հոգին+։ Առանց քեզ ես չեմ գնա»+։ Եղիսեն էլ վեր կացավ ու նրա հետ գնաց։
31 Գեեզին նրանց առաջից գնաց ու ցուպը դրեց տղայի երեսին, բայց տղան ո՛չ ձայն հանեց, ո՛չ էլ կենդանության նշաններ ցույց տվեց+։ Գեեզին էլ հետ դարձավ ու Եղիսեին ընդառաջ գնալով՝ ասաց. «Տղան չարթնացավ»+։
32 Երբ Եղիսեն տուն մտավ, տղան մեռած պառկած էր իր անկողնու վրա+։
33 Ներս մտնելով՝ նա դուռը իր հետևից փակեց+ ու սկսեց Եհովային աղոթել+։
34 Հետո բարձրացավ ու պառկեց երեխայի վրա+, բերանը դրեց նրա բերանին, աչքերը՝ նրա աչքերին, ձեռքերը՝ նրա ձեռքերին, և մեկնվեց նրա վրա. տղայի մարմինը սկսեց աստիճանաբար տաքանալ։
35 Եղիսեն նորից սկսեց տան մեջ այս ու այն կողմ շրջել, հետո բարձրացավ ու կրկին մեկնվեց տղայի վրա։ Տղան յոթ անգամ փռշտաց ու աչքերը բաց արեց+։
36 Եղիսեն կանչեց Գեեզիին ու ասաց. «Կանչիր սունամացի+ կնոջը»։ Եվ նա կանչեց նրան։ Երբ կինը ներս մտավ, Եղիսեն ասաց. «Վերցրո՛ւ քո որդուն»+։
37 Կինը ընկավ նրա ոտքերի առաջ ու մինչև գետին խոնարհվեց+, ապա վերցրեց որդուն ու դուրս եկավ+։
38 Եղիսեն վերադարձավ Գաղգաղա+, իսկ այդ երկրում սով+ էր։ Երբ մարգարեների որդիները+ նստած էին նրա առաջ+, նա ասաց իր սպասավորին+. «Մեծ կաթսան կրակին դիր ու մարգարեների որդիների համար ապուր եփիր»+։
39 Նրանցից մեկը դուրս եկավ դաշտ՝ փիփերթ+ հավաքելու, ու մի վայրի բույս գտավ, դրա վրայից վայրի դդում հավաքեց, բերեց ու կտրտելով լցրեց կաթսայի մեջ, սակայն ոչ ոք չգիտեր, թե դա ինչ է։
40 Ճաշը լցրին, որ մարդիկ ուտեն, բայց երբ նրանք ապուրից կերան, սկսեցին բղավել ու ասել. «Մա՛հ կա կաթսայում+, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ»+։ Եվ չկարողացան ուտել։
41 Եղիսեն ասաց. «Ալյո՛ւր բերեք»։ Ապա ալյուրը կաթսայի մեջ լցրեց ու պատվիրեց. «Լցրե՛ք, որ մարդիկ ուտեն»։ Կաթսայի մեջ ոչ մի վնասակար բան չկար+։
42 Բաալ-Սալիսայից+ մի մարդ եկավ ու ճշմարիտ Աստծու մարդու համար առաջին բերքից+ պատրաստված հաց բերեց+՝ քսան գարեհաց+, ու պարկի մեջ՝ նոր հացահատիկ։ Եղիսեն ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն»+։
43 Բայց ծառան պատասխանեց. «Ես ինչպե՞ս սա հարյուր մարդու առաջը դնեմ»+։ Բայց նա ասաց. «Տուր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Եհովան. «Նրանք կուտեն, ու դեռ կավելանա»»+։
44 Ծառան էլ դրեց նրանց առջև. նրանք կերան, և դեռ ավելացավ, ինչպես որ Եհովան էր ասել+։
Ծանոթագրություններ
^ Խոսքը այն բարևի մասին է, որի մեջ մտնում էր իրար համբուրելը, գրկախառնվելը և երկար զրուցելը։