2 Թագավորներ 8:1-29
8 Եղիսեն ասաց այն կնոջը, որի որդուն կենդանացրել էր+. «Վեր կացեք գնացեք դու և քո ընտանիքը ու պանդուխտ+ եղեք այնտեղ, ուր կարող եք ապրել, որովհետև Եհովան սով է կանչել+, և այն յոթ տարով է գալու այս երկրի վրա»+։
2 Ուստի կինը վեր կացավ ու արեց այնպես, ինչպես ճշմարիտ Աստծու մարդն էր ասել+. ինքն ու իր ընտանիքը+ գնացին ու յոթ տարի պանդուխտ եղան փղշտացիների+ երկրում։
3 Յոթ տարին լրանալուց հետո կինը վերադարձավ փղշտացիների երկրից ու գնաց իր տան ու իր արտի համար թագավորին+ բողոքելու։
4 Այդ ժամանակ թագավորը խոսում էր ճշմարիտ Աստծու մարդու սպասավորի՝ Գեեզիի+ հետ։ Նա ասաց նրան. «Պատմի՛ր ինձ, խնդրեմ, Եղիսեի կատարած բոլոր մեծամեծ գործերի մասին»+։
5 Եվ մինչ նա պատմում էր թագավորին, թե ինչպես Եղիսեն կենդանացրեց մեռածին+, եկավ այն կինը, որի որդուն նա կենդանացրել էր, որպեսզի իր տան ու արտի համար բողոքի թագավորին+։ Գեեզին ասաց. «Տե՛ր իմ+ թագավոր, սա է այն կինը, և սա է նրա որդին, որին Եղիսեն կենդանացրեց»։
6 Թագավորը հարցեր տվեց կնոջը, և նա պատմեց նրան այդ պատմությունը+։ Ապա նրա հետ իր պալատականներից+ մեկին ուղարկեց՝ ասելով. «Նրան վերադարձրու իր ամբողջ ունեցվածքը և երկիրը թողած օրից մինչև հիմա իր արտի ամբողջ բերքը»+։
7 Եղիսեն գնաց Դամասկոս+։ Այդ ժամանակ Ասորիքի Բենադադ+ թագավորը հիվանդացել էր։ Նրան տեղեկացրին. «Ճշմարիտ Աստծու մարդը+ այստեղ է եկել»։
8 Թագավորն ասաց Ազայելին+. «Քեզ հետ ընծա վերցրու+, գնա ճշմարիտ Աստծու մարդուն ընդառաջ ու նրա միջոցով Եհովային հարցրու+, թե արդյոք ես կբուժվե՞մ այս հիվանդությունից»։
9 Ազայելը վերցրեց ընծան՝ Դամասկոսի բոլոր բարիքներից քառասուն ուղտի բեռ, և գնաց Եղիսեին ընդառաջ։ Ապա կանգնեց նրա առաջ ու ասաց. «Քո որդի+ Բենադադը՝ Ասորիքի թագավորը, քեզ մոտ ուղարկեց ինձ, որ հարցնեմ, թե արդյոք նա կբուժվի՞ իր հիվանդությունից»։
10 Եղիսեն պատասխանեց. «Գնա ու ասա նրան՝ «դու անպայման կբուժվես», թեպետ Եհովան ինձ ցույց տվեց+, որ նա մեռնելու է»+։
11 Եվ սևեռուն հայացքով նայեց նրա վրա, մինչև որ սա շփոթվեց։ Ապա ճշմարիտ Աստծու մարդն արտասվեց+։
12 Ազայելը հարցրեց. «Իմ տերն ինչո՞ւ է լաց լինում»։ Նա էլ պատասխանեց. «Գիտեմ, թե Իսրայելի որդիներին ինչ չարիք ես պատճառելու+. նրանց ամրությունները հրով այրելու ես, նրանց լավագույն տղամարդկանց սրով սպանելու ես, նրանց երեխաներին կտոր-կտոր ես անելու+ և նրանց հղի կանանց պատռելու ես»+։
13 Այս խոսքերը լսելով՝ Ազայելն ասաց. «Քո ծառան ո՞վ է. նա ընդամենը շուն+ է, որ այդ մեծ բաներն անի»։ Սակայն Եղիսեն ասաց. «Եհովան ինձ ցույց տվեց, որ դու պիտի թագավոր լինես Ասորիքի վրա»+։
14 Դրանից հետո նա գնաց Եղիսեի մոտից ու եկավ իր տիրոջ մոտ։ Թագավորը հարցրեց. «Ի՞նչ ասաց քեզ Եղիսեն»։ «Նա ասաց, որ դու անպայման կբուժվես»+,– պատասխանեց Ազայելը։
15 Հաջորդ օրը նա մի ծածկոց վերցրեց, ջրի մեջ թրջեց, փռեց թագավորի երեսին ու նրան խեղդեց+, և նա մեռավ+։ Նրա փոխարեն Ազայելը+ թագավոր դարձավ։
16 Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի+ թագավորության հինգերորդ տարում, այն ժամանակ, երբ Հովսափատը դեռ Հուդայի թագավորն էր, Հուդայի Հովսափատ թագավորի որդի Հովրամը+ թագավոր դարձավ։
17 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում+։
18 Հովրամը քայլեց Իսրայելի թագավորների ճանապարհով+, ինչպես որ Աքաաբի տունն էր արել+ (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր)+, և նա չարիք էր գործում Եհովայի աչքում։
19 Բայց Եհովան հանուն իր ծառա Դավթի+ չուզեց կործանել Հուդան+, քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին միշտ մի ճրագ էր տալու+։
20 Նրա օրերում եդոմացիները+ ապստամբեցին Հուդայի իշխանության դեմ և իրենց վրա թագավոր+ նշանակեցին։
21 Հովրամը իր բոլոր կառքերով հանդերձ գնաց Սայիր։ Գիշերով նա վեր կացավ ու կոտորեց եդոմացիներին, որոնք շրջապատել էին իրեն, ինչպես նաև կառքերի պետերին։ Ժողովուրդը փախավ իր վրանները։
22 Բայց եդոմացիները ապստամբ մնացին Հուդայի իշխանության դեմ մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան+։
23 Հովրամի մնացած գործերի և բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։
24 Ի վերջո, Հովրամը ննջեց իր նախահայրերի հետ+, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+։ Նրա փոխարեն թագավոր դարձավ նրա որդի Օքոզիան+։
25 Հուդայի թագավոր Հովրամի որդի Օքոզիան թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի թագավորության քսաներորդ տարում+։
26 Քսաներկու տարեկան էր Օքոզիան, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի թագավորեց Երուսաղեմում+։ Նրա մոր անունն էր Գոթողիա+, որը Իսրայելի Ամրի+ թագավորի թոռն էր։
27 Օքոզիան քայլեց Աքաաբի տան ճանապարհով+ և չարիք գործեց Եհովայի աչքում+, ինչպես որ Աքաաբի տունն էր արել, որովհետև նա Աքաաբի տան հետ ազգական էր+։
28 Այդ պատճառով նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ+՝ պատերազմելու Ասորիքի թագավոր Ազայելի+ դեմ, սակայն ասորիները վիրավորեցին+ Հովրամին։
29 Ուստի Հովրամ+ թագավորը վերադարձավ Հեզրայել+, որպեսզի բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին իրեն Ռամայում* ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելիս։ Հուդայի Հովրամ թագավորի որդի Օքոզիան+ գնաց Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, քանի որ նա հիվանդ էր։
Ծանոթագրություններ
^ Ռամոթ-Գաղաադի կարճ անվանումը։