2 Կորնթացիներ 11:1-33
11 Երանի թե հանդուրժեիք իմ կողմից դրսևորված մի փոքր անխոհեմությունը+։ Իրականում դուք հանդուրժում էլ եք։
2 Ես աստվածային խանդով խանդում եմ ձեզ+, քանի որ անձամբ նշանեցի ձեզ+, որ մեկ ամուսնու+՝ Քրիստոսի կինը լինեք, և ուզում եմ ձեզ՝ իբրև մի մաքուր+ կույսի, ներկայացնել նրան+։
3 Բայց վախենում եմ, որ, ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային հրապուրեց+, այնպես էլ ձեր մտքերը ապականվեն+՝ հեռանալով այն անկեղծությունից ու մաքրությունից, որ պետք է ունենաք Քրիստոսի առաջ+։
4 Եվ այսպես, երբ մեկը գալիս և քարոզում է ոչ այն Հիսուսի մասին, որ մենք քարոզեցինք+, կամ ստանում եք ոչ այն ոգին, որը ստացաք+, կամ ոչ այն բարի լուրը+, որն ընդունեցիք, ապա հեշտությամբ հանդուրժում եք նրան+։
5 Կարծում եմ, որ ես ոչ մի բանով ստորադաս չեմ+ ձեր գերընտիր+ առաքյալներից։
6 Բայց նույնիսկ եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ+, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում+. և ամեն ինչում մենք ամեն կերպերով դա ցույց տվեցինք ձեզ+։
7 Կամ մի՞թե մեղք գործեցի, որ Աստծու բարի լուրը ուրախությամբ ձեզ ձրի+ հռչակեցի և ձեզ բարձրացնելու համար ինքս ինձ խոնարհեցրի+։
8 Ուրիշ ժողովների ես կողոպտեցի՝ նրանց օգնությունն ընդունելով, որպեսզի ձեզ ծառայեմ+,
9 սակայն երբ ձեզ մոտ էի և կարիքի մեջ հայտնվեցի, մեկի համար անգամ ծանրություն չեղա+, որովհետև ինչի պակաս որ ունեի, Մակեդոնիայից+ եկած եղբայրները առատորեն լրացրին։ Այո՛, ամեն առումով ես ձգտեցի չծանրաբեռնել ձեզ ու կշարունակեմ այդպես անել+։
10 Ճշմարտությունն եմ ասում+, ինչպես Քրիստոսը կասեր. իմ պարծենալը+ վերջ չի ունենա Աքայիայի կողմերում։
11 Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստված գիտի, որ սիրում եմ+։
12 Ինչ որ անում եմ, այսուհետև էլ կանեմ+, որպեսզի առիթ չտամ նրանց, ովքեր պատճառ են փնտրում մեզ հավասար լինելու այն ծառայության մեջ, որով նրանք պարծենում են։
13 Այսպիսի մարդիկ կեղծ առաքյալներ են, խաբեբայությամբ վարվողներ+, որ Քրիստոսի առաքյալների կերպարանք են ընդունում+։
14 Դա զարմանալի չէ, քանի որ Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում+։
15 Ուստի կարելի է ակնկալել, որ նրա ծառայողներն+ էլ արդարության ծառայողների կերպարանք կընդունեն։ Սակայն նրանց վերջը իրենց գործերի համաձայն կլինի+։
16 Նորից եմ ասում. թող ոչ ոք չկարծի, թե ես անխոհեմ եմ։ Իսկ եթե իրոք այդպես եք կարծում, ընդունեք ինձ գոնե ինչպես անխոհեմի, որ ես էլ նրանց պես փոքր-ինչ պարծենամ+։
17 Ինչ որ խոսում եմ, ոչ թե Տիրոջ օրինակին հետևելով եմ խոսում, այլ ասես անխոհեմությամբ՝ այն ինքնավստահությամբ, որը հատուկ է պարծենկոտությանը+։
18 Եվ քանի որ շատերը պարծենում են մարմնավոր բաներով+, ես նույնպես կպարծենամ,
19 որովհետև դուք ինքներդ, խոհեմ լինելով, ուրախությամբ հանդուրժում եք անխոհեմներին։
20 Իրականում, դուք հանդուրժում եք ցանկացած մարդու, ով ծառա է դարձնում ձեզ+, ով խլում է և խժռում ձեր ունեցածը, ով ինքն իրեն բարձրացնում է ձեզ վրա, ով հարվածում է ձեր երեսին+։
21 Մեզ համար ամոթ է սա ասելը, իբր թե մենք ուժ չունեինք մեր իշխանությունը բանեցնելու։
Բայց եթե մեկ ուրիշը ինչ-որ բանում համարձակությամբ է վարվում, անխոհեմությամբ+ եմ ասում, ե՛ս էլ եմ համարձակությամբ վարվում։
22 Նրանք եբրայեցինե՞ր են, ես նույնպես+։ Իսրայելացինե՞ր են, ես նույնպես։ Աբրահամի սերո՞ւնդն են, ես նույնպես+։
23 Քրիստոսի ծառայողնե՞ր են։ Ինչպես խելագար եմ պատասխանում, առավել ևս ե՛ս եմ այդպիսին+. նրանցից ավելի շատ եմ աշխատել+, ավելի շատ եմ բանտարկվել+, ավելի շատ եմ ծեծվել, շատ անգամ մինչև մահվան դուռն եմ հասել+։
24 Հրեաների կողմից ես հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարվածներ+ եմ ստացել,
25 երեք անգամ ծեծվել ճիպոտներով+, մեկ անգամ քարկոծվել+, երեք անգամ նավաբեկության ենթարկվել+, մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ բաց ծովում անցկացրել։
26 Հաճախ եմ ճամփորդել, հաճախ եմ վտանգների մեջ եղել. գետերից՝ վտանգներ, ավազակներից+՝ վտանգներ, իմ իսկ ազգից+՝ վտանգներ, ուրիշ ազգերից+՝ վտանգներ, քաղաքում+՝ վտանգներ, անապատում՝ վտանգներ, ծովում՝ վտանգներ, կեղծ եղբայրների կողմից՝ վտանգներ։
27 Տքնաջան աշխատել ու քրտինք եմ թափել, հաճախ անքուն գիշերներ+ եմ անցկացրել, քաղցած ու ծարավ+ եմ մնացել, շատ անգամ առանց կերակուրի+, ցրտահար ու մերկ։
28 Այս ամենից բացի, ևս մի բան կա, որ ամեն օր մտահոգում է ինձ. դա բոլոր ժողովների հոգսն է+։
29 Ո՞վ է տկար+, և ես տկար չեմ։ Ո՞վ է գայթակղվում, և ես չեմ բորբոքվում բարկությամբ։
30 Եթե պետք լինի պարծենալ, ես կպարծենամ+ այն ամենով, ինչը բացահայտում է իմ տկարությունը։
31 Տեր Հիսուսի Աստվածը և Հայրը՝ նա, ով պետք է գովաբանվի հավիտյան, գիտի, որ ես չեմ ստում։
32 Արետա թագավորի օրոք Դամասկոսի կառավարիչը հսկողության տակ էր պահում դամասկոսցիների քաղաքը, որպեսզի բռնի ինձ+,
33 բայց զամբյուղով ինձ պարսպի պատուհանից իջեցրին+, և ես փախա նրա ձեռքից։