2 Կորնթացիներ 12:1-21
12 Ես պիտի պարծենամ, թեև դա օգտակար չէ։ Սակայն հիմա պիտի խոսեմ Տիրոջ գերբնական տեսիլքների+ ու հայտնությունների մասին։
2 Մի մարդու գիտեմ, որը Քրիստոսի աշակերտներից է և որը տասնչորս տարի առաջ (մարմնի մեջ էր, թե մարմնից դուրս, չգիտեմ, Աստված գիտի) հափշտակվեց+ մինչև երրորդ երկինք։
3 Այո՛, գիտեմ այդպիսի մարդու (մարմնի մեջ էր, թե մարմնից զատ+, չգիտեմ, Աստված գիտի),
4 որ հափշտակվեց դրախտ+ և լսեց անարտահայտելի խոսքեր, որ թույլատրելի չէ մարդուն խոսել։
5 Ես այդ մարդո՛վ կպարծենամ, բայց ինքս ինձանով չեմ պարծենա, այլ միայն իմ տկարություններով+։
6 Եթե երբևէ ցանկանամ պարծենալ+, ես անխոհեմ չեմ լինի, որովհետև ճշմարտությունը կասեմ։ Բայց չեմ պարծենա, որպեսզի ոչ ոք ինձ չվերագրի ավելին, քան ինչպիսին որ տեսնում է ինձ կամ ինչ որ լսում է ինձանից,
7 և որպեսզի իմ մասին ավելին չմտածի իմ ստացած բազում հայտնությունների պատճառով։
Ուստի որպեսզի չհպարտանամ+, փշի նման ծակող մի ցավ տրվեց մարմնիս+՝ Սատանայի հրեշտակ՝ ինձ ապտակելու համար, որ չափից շատ չբարձրացնեմ ինքս ինձ։
8 Երեք անգամ+ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացվի ինձանից,
9 բայց նա ինձ ասաց. «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է+, քանի որ իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»+։ Ուստի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ տկարություններով+, որպեսզի Քրիստոսի զորությունը վրանի պես ինձ վրա մնա։
10 Հետևաբար հաճույք եմ գտնում տկարությունների մեջ, վիրավորանքների մեջ, կարիքի մեջ, հալածանքների և դժվարությունների մեջ հանուն Քրիստոսի, որովհետև երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր+։
11 Ես անխոհեմ դարձա։ Դո՛ւք ինձ ստիպեցիք+, քանի որ ձեր կողմից պետք է երաշխավորվեի։ Նույնիսկ եթե ես ոչինչ եմ+, ոչ մի բանով ստորադաս չեմ ձեր գերընտիր+ առաքյալներից։
12 Իմ առաքյալ լինելու ապացույցը+ դուք անձամբ տեսաք, ինչը երևաց իմ տոկունությունից+, նշաններից, հրաշքներից և զորավոր գործերից+։
13 Ինչո՞վ եք դուք մյուս ժողովներից պակաս. միայն նրանով, որ ես ձեզ համար ծանրություն չեղա+։ Մեծահոգաբար ներեք իմ այդ սխալը։
14 Ահա սա երրորդ անգամն+ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու, և այս անգամ էլ ձեզ համար ծանրություն չեմ լինի։ Ես ոչ թե ձեր ունեցվածքն եմ փնտրում+, այլ ձեզ, որովհետև ոչ թե երեխաները+ պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ իրենց երեխաների+։
15 Ես մեծ ուրախությամբ կծախսեմ և ամբողջությամբ կծախսվեմ ձեր հոգիների համար+։ Եթե ես ձեզ շատ եմ սիրում, մի՞թե պետք է պակաս սիրված լինեմ։
16 Ինչևէ, ես ձեզ չծանրաբեռնեցի+։ Այնուամենայնիվ, դուք ասում եք, թե ես «խորամանկ» էի և «խաբեությամբ» ձեզ բռնեցի+։
17 Մի՞թե ձեզ օգտագործեցի իմ շահերի համար որևէ մեկի միջոցով, ում ձեզ մոտ ուղարկեցի։
18 Ես քաջալերեցի Տիտոսին, որ գա ձեզ մոտ, և նրա հետ ուղարկեցի այն եղբորը։ Մի՞թե Տիտոսը երբևէ օգտագործեց ձեզ իր շահերի համար+։ Մի՞թե մենք նույն ոգով չվարվեցինք+ և մի՞թե նույն ոտնահետքերով չքայլեցինք։
19 Մի՞թե այս ամբողջ ընթացքում մտածում էիք, թե մենք պաշտպանվում ենք ձեր առջև։ Աստծու առջև է, որ մենք խոսում ենք որպես Քրիստոսի հետևորդներ։ Սակայն, սիրելինե՛ր, ամեն բան ձեր կերտման համար է+։
20 Վախենում եմ, որ երբ գամ+, գուցե ձեզ գտնեմ այնպիսին, ինչպիսին որ ես չէի ուզենա, և որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսին, ինչպիսին դուք չէիք ուզենա, և գուցե լինեն գժտություններ, նախանձ+, զայրույթի պոռթկումներ, վեճեր, վատաբանություններ, փսփսոցներ, հպարտության դրսևորումներ, անկարգություններ+։
21 Երբ կրկին գամ, թերևս իմ Աստվածը նվաստացնի ինձ ձեր առաջ, և ես սուգ անեմ շատերի համար, ովքեր մեղք են գործել+ և չեն զղջացել իրենց անմաքրության, պոռնկության+ և անառակ վարքի+ համար։