2 Սամուել 15:1-37
15 Դրանից հետո Աբիսողոմը իր համար մի կառք պատրաստել տվեց և ձիեր ձեռք բերեց ու նաև հիսուն մարդ, որոնք պիտի վազեին նրա առջևից+։
2 Առավոտ կանուխ նա վեր էր կենում+ ու կանգնում էր դեպի դարպասները տանող ճանապարհին+։ Եվ երբ ինչ-որ մեկը իր դատական գործով թագավորի մոտ էր գալիս+, Աբիսողոմը ձայն էր տալիս նրան ու հարցնում. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Նա պատասխանում էր. «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»։
3 Աբիսողոմն էլ ասում էր նրան. «Քո գործերը լավ են ու արդար, բայց թագավորի մոտ քեզ ոչ ոք չի լսի»+։
4 Հետո ավելացնում էր. «Այ եթե ինձ դատավոր նշանակեին այս երկրում+ և ամեն ոք, ով դատական գործ կամ որևէ դատ ունենար, ինձ մոտ գար, այն ժամանակ ես նրան արդարությամբ կդատեի»+։
5 Երբ որևէ մարդ նրան էր մոտենում, որ խոնարհվեր նրա առաջ, նա մեկնում էր իր ձեռքը, գրկում+ ու համբուրում էր նրան։
6 Աբիսողոմն այսպես էր վարվում այն բոլոր իսրայելացիների նկատմամբ, ովքեր դատաստանի համար թագավորի մոտ էին գալիս։ Եվ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը+։
7 Քառասուն տարին լրանալուց հետո* Աբիսողոմն ասաց թագավորին. «Թույլ տուր գնամ Քեբրոն+ ու կատարեմ Եհովային տված երդումս+,
8 որովհետև երբ ես ապրում էի Ասորիքի Գեսուրում+, քո ծառան այս երդումը+ տվեց. «Եթե Եհովան ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ծառայություն կմատուցեմ Եհովային»»+։
9 Թագավորն ասաց նրան. «Գնա՛ խաղաղությամբ»+։ Նա էլ վեր կացավ ու գնաց Քեբրոն։
10 Աբիսողոմը գաղտնի պատգամաբերներ+ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ, որ ասեն նրանց. «Հենց որ եղջերափողի ձայնը լսեք, ասացեք՝ «Աբիսողոմը թագավոր է դարձել+ Քեբրոնում»»+։
11 Աբիսողոմի հետ երկու հարյուր մարդ գնաց Երուսաղեմից, որոնց նա հրավիրել էր և որոնք ոչ մի բանից տեղյակ չէին+ ու ոչինչ չգիտեին։
12 Զոհեր մատուցելու ժամանակ Աբիսողոմը մարդ ուղարկեց ու իր Գելոն+ քաղաքից կանչել տվեց Դավթի խորհրդական+ գելոնացի+ Աքիտոփելին+։ Դավադրությունը+ գնալով ուժ էր հավաքում, և Աբիսողոմին միացող մարդկանց թիվը շարունակ աճում էր+։
13 Որոշ ժամանակ անց մի լրաբեր եկավ Դավթի մոտ ու ասաց. «Իսրայելացիների սիրտը+ Աբիսողոմի կողմն է թեքվել»։
14 Այդ ժամանակ Դավիթն ասաց իր բոլոր ծառաներին, որոնք իր հետ Երուսաղեմում էին. «Վեր կացեք փախչենք+, որովհետև մեզ փրկություն չի լինի Աբիսողոմից։ Շտապ գնացեք, այլապես նա կշտապի ու մեզ կհասնի, մեզ վրա չարիք կբերի ու քաղաքն էլ սրի բերանով կզարկի»+։
15 Թագավորի ծառաներն ասացին նրան. «Քո ծառաները կանեն այն ամենը, ինչ որ մեր տեր թագավորը կամենա»+։
16 Ուստի թագավորը իր տան բոլոր անդամների հետ գնաց+, իսկ իր կանանցից տասը հարճերի+ թողեց, որ տանը հոգ տանեն։
17 Թագավորը և իր բոլոր մարդիկ շարունակեցին իրենց ճանապարհը և կանգ առան Բեթ-Մերհագում*։
18 Նրա բոլոր ծառաները գնում էին նրա կողքից, իսկ բոլոր քերեթցիները, բոլոր փելեթցիներն+ ու բոլոր գեթացիները+՝ վեց հարյուր մարդ, որոնք Գեթից+ էին եկել, թագավորի առջևից էին գնում։
19 Թագավորն ասաց գեթացի Եթթայիին+. «Ինչո՞ւ ես դու էլ գալիս մեզ հետ։ Հե՛տ դարձիր+ ու թագավորի մոտ մնա, որովհետև դու օտարական ես, և բացի այդ, քեզ վտարել են քո երկրից։
20 Դու երեկ ես եկել, և այսօր ես քեզ ստիպեմ, որ մեզ հե՞տ թափառես+, երբ ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում։ Հե՛տ դարձիր և եղբայրներիդ էլ քեզ հետ վերցրու։ Թող Եհովան քո հանդեպ սիրառատ բարություն+ ու հավատարմություն+ ցույց տա»։
21 Սակայն Եթթային պատասխանեց թագավորին. «Կենդանի է Եհովան, և կենդանի է իմ տեր թագավորը+. ուր որ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի։ Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնել քեզ հետ»+։
22 Դավիթն ասաց Եթթայիին+. «Լա՛վ, եկ անցիր»։ Ուստի գեթացի Եթթային իր հետ եղող բոլոր մարդկանց ու բոլոր երեխաների հետ գնաց նրա առջևից։
23 Մինչ ողջ ժողովուրդն անցնում էր, ամբողջ երկիրը բարձր ձայնով լաց էր լինում+։ Թագավորը կանգնել էր Կեդրոն հեղեղատում+, իսկ ժողովուրդը անապատ տանող ճանապարհով անցնում էր նրա առջևից։
24 Այնտեղ էր նաև Սադոկը+ և նրա հետ բոլոր ղևտացիները+, որոնք ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն+ էին տանում+։ Ճշմարիտ Աստծու տապանակը նրանք դրեցին Աբիաթարի+ կողքին և կանգնեցին, մինչև որ ժողովուրդը դուրս եկավ քաղաքից։
25 Թագավորն ասաց Սադոկին. «Ճշմարիտ Աստծու տապանակը+ հետ տար քաղաք+։ Եթե ես հաճություն գտնեմ Եհովայի աչքում, ապա նա ինձ հետ կբերի ու թույլ կտա, որ տեսնեմ տապանակը և նրա գտնվելու տեղը+։
26 Բայց եթե նա այսպես ասի, թե՝ «դու ինձ հաճելի չես», ահա թող ինձ անի այն, ինչը որ բարի է նրա աչքին»+։
27 Թագավորն ասաց Սադոկ քահանային. «Դու տեսանող+ չե՞ս։ Խաղաղությամբ քաղաք վերադարձիր քո որդի Աքիմաասի ու Աբիաթարի որդի Հովնաթանի+՝ ձեր երկու որդիների հետ։
28 Իսկ ես կմնամ անապատում՝ ծանծաղուտների մոտ, մինչև որ ձեզանից տեղեկություն ստանամ»+։
29 Սադոկն ու Աբիաթարը ճշմարիտ Աստծու տապանակը հետ տարան Երուսաղեմ և այնտեղ մնացին։
30 Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց լեռան+ զառիվերով, բարձրանում էր ու լաց լինում. նա ծածկել էր գլուխը+, իսկ ոտքերը բոբիկ էին։ Նրա հետ եղող բոլոր մարդիկ էլ, գլուխները ծածկած, բարձրանում էին ու լաց լինում+։
31 Դավթին հայտնեցին՝ ասելով. «Աքիտոփելն էլ է Աբիսողոմի+ հետ դավադրություն կազմակերպողների մեջ»+։ Այդ ժամանակ Դավիթն ասաց+. «Ո՜վ Եհովա+, խնդրում եմ, Աքիտոփելի խորհուրդը հիմարություն դարձրու»+։
32 Երբ Դավիթը հասավ գագաթին, որտեղ խոնարհվում էին Աստծու առաջ, նրան ընդառաջ դուրս եկավ արաքացի+ Քուսին+՝ պատմուճանը պատառոտած ու գլխին հող լցրած+։
33 Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, ինձ վրա բեռ կլինես+։
34 Բայց եթե հետ դառնաս քաղաք ու ասես Աբիսողոմին՝ «ես քո ծառան եմ, ո՛վ թագավոր։ Մի ժամանակ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ»+, այդ դեպքում Աքիտոփելի խորհուրդը ինձ համար կխափանես+։
35 Այնտեղ քեզ հետ կլինեն Սադոկ ու Աբիաթար քահանաները+։ Ինչ որ լսես թագավորի տնից, կհաղորդես Սադոկ և Աբիաթար քահանաներին+։
36 Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն+ ու Աբիաթարի որդի Հովնաթանը+։ Նրանց միջոցով ինձ հաղորդեք այն ամենը, որ կլսեք»։
37 Դավթի ընկեր Քուսին+ մտավ քաղաք, և Աբիսողոմն+ էլ Երուսաղեմ մտավ։