2 Սամուել 19:1-43
19 Որոշ ժամանակ անց Հովաբին տեղեկացրին. «Թագավորը լաց է լինում և Աբիսողոմի համար սուգ է անում»+։
2 Այդ օրվա փրկությունը ողջ ժողովրդի համար սգի վերածվեց, որովհետև ժողովուրդը լսել էր, որ ասում էին. «Թագավորը վշտացած է իր որդու համար»։
3 Այդ օրը ժողովուրդը գաղտագողի մտավ քաղաք+, ինչպես որ գաղտագողի քաղաք կմտներ ռազմի դաշտից ամոթահար փախած զորքը։
4 Թագավորը ծածկել էր իր երեսը և բարձրաձայն ողբալով ասում էր. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս»+։
5 Ի վերջո, Հովաբը եկավ թագավորի տուն, մտավ նրա մոտ ու ասաց. «Դու այսօր ամոթով արիր քո բոլոր ծառաների երեսը, որոնք այսօր փրկեցին քո հոգին+, քո որդիների+ ու դուստրերի+ հոգին, քո կանանց+ ու հարճերի+ հոգին,
6 որովհետև դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին։ Այսօր դու ցույց տվեցիր, որ զորագլուխներն ու ծառաները քեզ համար ոչինչ են։ Հիմա ես հաստատ գիտեմ, որ եթե միայն Աբիսողոմը կենդանի մնար, իսկ մենք ամենքս մեռնեինք, քո աչքին դա հաճելի կլիներ։
7 Վե՛ր կաց, դո՛ւրս եկ և քաջալերի՛ր+ քո ծառաներին, որովհետև, Եհովայով եմ երդվում, եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մի մարդ անգամ չի մնա+։ Եվ սա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որոնք քեզ վրա են հասել պատանեկությունիցդ սկսած մինչև հիմա»։
8 Այս խոսքերից հետո թագավորը վեր կացավ ու նստեց դարպասի մոտ+, և ամբողջ ժողովրդին հայտարարվեց. «Թագավորը նստած է դարպասի մոտ»։ Եվ ժողովուրդը հավաքվեց թագավորի առաջ։
Իսկ Իսրայելը փախել էր. ամեն մեկն իր տունն էր գնացել+։
9 Իսրայելի բոլոր ցեղերում մարդիկ վիճում էին ու ասում. «Թագավորը ազատեց մեզ մեր թշնամիների ձեռքից+ և փրկեց փղշտացիների ձեռքից։ Եվ հիմա նա Աբիսողոմի պատճառով փախել է երկրից+։
10 Իսկ Աբիսողոմը, որին մեզ վրա թագավոր օծեցինք+, մեռավ պատերազմում+։ Հիմա ինչո՞ւ ոչինչ չեք անում թագավորին հետ բերելու համար»+։
11 Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադոկ+ և Աբիաթար+ քահանաների մոտ, որ նրանց ասեն. «Խոսեք Հուդայի երեցների+ հետ ու ասացեք նրանց. «Ինչո՞ւ դուք վերջինը լինեք թագավորին իր տուն հետ բերողների մեջ, երբ ամբողջ Իսրայելի խոսքը արդեն հասել է թագավորի տուն։
12 Դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու իմ մարմինը+։ Ինչո՞ւ վերջինը լինեք թագավորին հետ բերողների մեջ»։
13 Իսկ Ամեսային+ ասացեք. «Դու իմ ոսկորն ու մարմինը չե՞ս։ Թող Աստված ինձ այսպես ու ավելին անի+, եթե դու ընդմիշտ իմ զորագլուխը չլինես Հովաբի փոխարեն»»+։
14 Եվ նա Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու+ սրտի պես դեպի իրեն դարձրեց, այնպես որ նրանք մարդիկ ուղարկեցին թագավորի մոտ՝ ասելով. «Հե՛տ դարձեք դու և քո բոլոր ծառաները»։
15 Թագավորը հետ դարձավ ու եկավ մինչև Հորդանան։ Իսկ Հուդայի երկրի մարդիկ եկան Գաղգաղա+, որպեսզի թագավորին դիմավորեն և Հորդանան գետով անցկացնեն։
16 Այդ ժամանակ Բենիամինյաններից Գերայի որդի+ Սեմեին+, որ Բահուրիմից+ էր, Հուդայի երկրի մարդկանց հետ շտապեց Դավիթ թագավորին դիմավորելու։
17 Նրա հետ հազար մարդ կար Բենիամինի ցեղից։ (Նրա հետ էր նաև Սավուղի տան սպասավոր Սիբան+ իր տասնհինգ որդիների+ և իր քսան ծառաների հետ։ Նրանք թագավորից առաջ բարեհաջող հասան Հորդանանի մոտ։
18 Նա անցավ ծանծաղուտը+, որպեսզի կարգավորի թագավորի տան անդամների անցնելը և նրա աչքին հաճելի եղածն անի)։ Եվ երբ թագավորը պատրաստվում էր անցնել Հորդանանը, Գերայի որդի Սեմեին ընկավ թագավորի առաջ+
19 և ասաց նրան. «Թող իմ տերը ինձ հանցավոր չհամարի և չհիշի իր ծառայի արած անիրավությունը+ այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս եկավ Երուսաղեմից։ Եվ թող թագավորը դա չպահի իր սրտում+։
20 Քո ծառան ինքն էլ գիտի, որ մեղք է գործել, դրա համար էլ այսօր Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել+՝ իմ տեր թագավորին դիմավորելու»։
21 Այդ ժամանակ Շարուհեայի+ որդի Աբեսսան+ հարցրեց. «Մի՞թե Սեմեին չպիտի մեռնի այն բանի համար, որ Եհովայի օծյալին անիծել է»+։
22 Բայց Դավիթը պատասխանեց. «Ինձ հետ ի՞նչ գործ ունեք+, Շարուհեայի՛ որդիներ։ Ինչո՞ւ այսօր իմ հակառակորդները+ դառնաք։ Մի՞թե այսօր Իսրայելում մարդ պիտի մեռնի+։ Մի՞թե չգիտեմ, որ այսօր ես թագավոր եմ Իսրայելի վրա»։
23 Թագավորն ասաց Սեմեիին. «Դու չես մեռնի»։ Եվ այդ մասին երդվեց նրան+։
24 Սավուղի թոռ Մեմփիբոսթեն+ իջավ թագավորին դիմավորելու։ Նա իր ոտքերը+ չէր լվացել, բեղերը+ չէր կտրել և հանդերձները չէր լվացել այն օրվանից, երբ թագավորը գնացել էր, մինչև այն օրը, երբ նա վերադարձավ խաղաղությամբ։
25 Եվ երբ եկավ Երուսաղեմ՝ թագավորին դիմավորելու, թագավորը հարցրեց նրան. «Ինչո՞ւ չեկար ինձ հետ, Մեմփիբոսթե՛»։
26 Նա էլ պատասխանեց. «Ո՛վ իմ տեր թագավոր, իմ ծառան+ ինձ խաբեց։ Քո ծառան ասաց՝ «էշը թամբեմ, հեծնեմ ու գնամ թագավորի հետ», քանի որ քո ծառան կաղ է+։
27 Իսկ նա զրպարտեց+ քո ծառային իմ տեր թագավորի առաջ, բայց իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման է+։ Ուստի արա այն, ինչը որ քո աչքին է հաճելի։
28 Իմ հոր ամբողջ տունը իմ տեր թագավորի առաջ միայն մահվան էր արժանի, բայց դու քո ծառային քո սեղանից ուտողների շարքը դրեցիր+։ Այս ամենից հետո էլ ի՞նչ իրավունք ունեմ թագավորին բողոքելու»+։
29 Սակայն թագավորն ասաց նրան. «Բավակա՛ն է խոսես այդ մասին։ Ասում եմ՝ դու և Սիբան ձեր մեջ բաժանեք արտը»+։
30 Մեմփիբոսթեն ասաց թագավորին. «Թող նա նույնիսկ ամբողջը վերցնի+, հատկապես հիմա, երբ իմ տեր թագավորը խաղաղությամբ իր տուն է վերադարձել»։
31 Գաղաադցի Բերզելին+ իջավ Ռոգելիմից, որ թագավորի հետ գնա Հորդանանի մոտ և նրան ճանապարհի մինչև Հորդանան։
32 Բերզելին շատ ծեր էր՝ ութսուն տարեկան+։ Նա թագավորին ուտելիքով էր ապահովում, երբ թագավորը բնակվում էր Մանայիմում+, քանի որ շատ հարուստ+ մարդ էր։
33 Թագավորն ասաց Բերզելիին. «Անցի՛ր ինձ հետ, և միշտ իրար հետ կուտենք Երուսաղեմում»+։
34 Սակայն Բերզելին ասաց թագավորին. «Քանի՞ տարի է ինձ մնացել ապրելու, որ թագավորի հետ գնամ Երուսաղեմ։
35 Այսօր ես ութսուն տարեկան եմ+։ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել, կամ թե՝ ծառադ կարո՞ղ է իր կերածի ու խմածի համը զգալ+, կամ էլ երգիչների ու երգչուհիների+ ձայնը լսել+։ Ինչո՞ւ ծառադ իմ տեր թագավորի համար բեռ դառնա+։
36 Քո ծառան թագավորի հետ ընդամենը մի փոքր ճանապարհ անցավ մինչև Հորդանան. ինչի՞ համար թագավորը այդպիսի վարձատրություն տա ինձ+։
37 Թույլ տուր՝ ծառադ վերադառնա, որպեսզի իմ քաղաքում մեռնեմ+՝ իմ հոր ու մոր գերեզմանի մոտ+։ Բայց ահա քո ծառա Քամաամը+։ Թող նա գնա իմ տեր թագավորի հետ, և նրա համար արա այն, ինչը որ հաճելի է քո աչքին»։
38 Թագավորն էլ պատասխանեց. «Թող Քամաամը ինձ հետ գա, և ես նրան կանեմ այն, ինչը որ հաճելի է քո աչքին, և ինչ որ ուզես ինձանից, կանեմ քեզ համար»։
39 Եվ ամբողջ ժողովուրդը անցավ Հորդանանը. թագավորը նույնպես անցավ։ Նա համբուրեց+ Բերզելիին և օրհնեց+ նրան, որից հետո Բերզելին հետ դարձավ իր տեղը։
40 Երբ թագավորը գետն անցավ, որ գնա Գաղգաղա+, Քամաամն էլ անցավ նրա հետ. նաև Հուդայի ողջ ժողովուրդը և իսրայելացիների կեսը թագավորին անց կացրին։
41 Եվ ահա բոլոր իսրայելացիները գալիս էին թագավորի մոտ ու ասում. «Ինչո՞ւ+ մեր եղբայրները՝ Հուդայի մարդիկ, գողացան քեզ, որպեսզի թագավորին, նրա տան անդամներին ու Դավթի բոլոր մարդկանց իրենք անցկացնեն Հորդանանի+ միջով»։
42 Իսկ Հուդայի բոլոր մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Որովհետև թագավորը մեր մոտ ազգականն է+։ Ինչո՞ւ եք դրա համար զայրանում։ Մենք ինչ-որ բա՞ն ենք կերել թագավորի մոտ, կամ թե մեզ նվե՞ր են բերել»։
43 Սակայն իսրայելացիները պատասխանեցին Հուդայի մարդկանց. «Թագավորի մոտ մենք տասը բաժին ունենք+, և Դավթի մոտ մենք ձեզանից ավելի շատ ենք։ Ուրեմն ինչո՞ւ մեզ արհամարհեցիք և չթողեցիք, որ մենք առաջինը+ հետ բերենք թագավորին»։ Բայց Հուդայի մարդկանց խոսքը իսրայելացիների խոսքից ավելի խիստ էր։