2 Սամուել 24:1-25
24 Եհովայի բարկությունը դարձյալ+ բորբոքվեց Իսրայելի դեմ, երբ ինչ-որ մեկը* Դավթին դրդեց նրանց դեմ՝ ասելով. «Գնա և հաշվառում+ կատարիր Իսրայելում ու Հուդայում»։
2 Ուստի թագավորը պատվիրեց իր մոտ գտնվող զորքի հրամանատար Հովաբին+. «Շրջիր Իսրայելի բոլոր ցեղերի մեջ՝ Դանից մինչև Բերսաբեե+, և ժողովրդի հաշվառում կատարիր+, որպեսզի իմանամ նրանց թիվը»+։
3 Սակայն Հովաբն ասաց թագավորին. «Թող քո Աստված Եհովան ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի, և թող իմ տեր թագավորի աչքերը տեսնեն դա, բայց իմ տեր թագավորն ինչո՞ւ է ուզում այդ բանն անել»+։
4 Ի վերջո, թագավորն իր խոսքը պարտադրեց+ Հովաբին ու զորագլուխներին, ուստի թագավորի մոտից դուրս գալով՝ նրանք գնացին Իսրայել ժողովրդի հաշվառումն անցկացնելու+։
5 Նրանք անցան Հորդանան գետը և ճամբար դրեցին Արոեր+ քաղաքի աջ կողմում, որ գետահովտի մեջտեղում է, ապա գնացին Գադի+ ու Հազերի+ ուղղությամբ։
6 Այնուհետև նրանք եկան Գաղաադ+ ու Թահթիմադասի երկիրը, հետո Դան-Եաան, իսկ այնտեղից շրջանցելով եկան Սիդոն+։
7 Ապա եկան Տյուրոսի ամրոցը+ և խևացիների+ ու քանանացիների բոլոր քաղաքները և վերջապես հասան Բերսաբեե+, որ Հուդայի Նեգևում+ է։
8 Այսպես նրանք ամբողջ երկիրը շրջեցին և ինը ամիս ու քսան օր հետո վերադարձան Երուսաղեմ։
9 Մարդահամարի տվյալները Հովաբը հանձնեց թագավորին+. Իսրայելում կային ութ հարյուր հազար սուր կրող քաջ մարտիկներ, իսկ Հուդայի մարդիկ հինգ հարյուր հազար էին+։
10 Այն բանից հետո, երբ Դավիթը մարդահամար անցկացրեց, նրա սիրտը սկսեց դատապարտել+ իրեն։ Ուստի Դավիթն ասաց Եհովային. «Այդ բանն անելով՝ ծանր մեղք գործեցի+։ Եվ հիմա, Եհո՛վա, խնդրում եմ, ներիր քո ծառայի մեղքը+, որովհետև ես մեծ հիմարություն+ գործեցի»։
11 Երբ Դավիթն առավոտյան վեր կացավ, Եհովայի խոսքը եղավ Դավթի տեսանող+ Գադ+ մարգարեին.
12 «Գնա ու Դավթին ասա. «Այսպես է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առջև+։ Ընտրիր քեզ համար դրանցից մեկը, և ես քեզ դրանով կպատժեմ»»»+։
13 Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց նրան ու ասաց+. «Ընտրիր. կա՛մ քո երկրում յոթ տարի սով պիտի լինի+, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո հակառակորդների առաջից+, և քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր համաճարակ պիտի լինի քո երկրում+։ Իսկ հիմա որոշիր ու ասա, թե ես ինչ պատասխան տանեմ ինձ Ուղարկողին»։
14 Դավիթն ասաց Գադին. «Ծանր կացության մեջ եմ։ Բայց ավելի լավ է, որ մենք Եհովայի ձեռքն ընկնենք+, քանի որ մեծ է նրա ողորմությունը+, քան թե ընկնեմ մարդկանց ձեռքը»+։
15 Դրանից հետո Եհովան համաճարակ ուղարկեց+ Իսրայելի վրա, որը շարունակվեց առավոտից մինչև նշանակված ժամանակի ավարտը, և Դանից մինչև Բերսաբեե+ ժողովրդից յոթանասուն հազար մարդ մեռավ+։
16 Եվ երբ հրեշտակը+ իր ձեռքը մեկնեց դեպի Երուսաղեմ, որ ոչնչացնի այն, Եհովան ափսոսաց+, որ այդպիսի աղետ է բերել, ուստի ասաց ժողովրդին ոչնչացնող հրեշտակին. «Բավակա՛ն է։ Ձեռքդ հե՛տ քաշիր»։ Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հեբուսացի+ Օռնայի+ կալի մոտ էր։
17 Երբ Դավիթը տեսավ ժողովրդին կոտորող հրեշտակին, ասաց Եհովային. «Այդ ե՛ս եմ մեղք գործել, ե՛ս եմ հանցավոր։ Այս խեղճ ժողովուրդն*+ ի՞նչ է արել։ Խնդրում եմ, թող քո ձեռքը ինձ վրա+ ու իմ հոր տան վրա բարձրանա»։
18 Այդ օրը Գադը եկավ Դավթի մոտ ու ասաց. «Վե՛ր կաց ու հեբուսացի Օռնայի կալում Եհովայի համար զոհասեղան կանգնեցրու»+։
19 Եվ Դավիթը գնաց, ինչպես որ Եհովան Գադի միջոցով պատվիրել էր նրան+։
20 Երբ Օռնան տեսավ, որ թագավորն իր ծառաների հետ իր մոտ է գալիս, իսկույն դուրս եկավ ու երեսը մինչև գետին+ խոնարհեց+ թագավորի առաջ։
21 Օռնան հարցրեց. «Ինչո՞ւ է իմ տեր թագավորը եկել իր ծառայի մոտ»։ Դավիթը պատասխանեց. «Քեզանից կալը գնելու+, որ Եհովայի համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարեցվի»+։
22 Սակայն Օռնան ասաց Դավթին. «Թող իմ տեր թագավորը վերցնի+ ու զոհ մատուցի այն, ինչը հաճելի է իր աչքին։ Ահա եզները՝ ողջակեզի համար, և կամնասայլերն ու եզների լծասարքը՝ փայտի փոխարեն+։
23 Այս ամենը, ո՛վ թագավոր, Օռնան տալիս է թագավորին»։ Նա նաև ասաց. «Թող քո Աստված Եհովան իր բարեհաճությունը ցույց տա քեզ»+։
24 Սակայն թագավորն ասաց Օռնային. «Ո՛չ, քեզանից անպատճառ պետք է գնեմ այն+։ Ես ձրի վերցրած ողջակեզներ չեմ մատուցի իմ Աստված Եհովային»+։ Եվ Դավիթը հիսուն սիկղ* արծաթով գնեց+ կալն ու եզները։
25 Դավիթն այնտեղ Եհովայի համար զոհասեղան+ շինեց և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Եհովան լսեց երկրի համար արվող աղաչանքը+, և Իսրայելի մեջ կոտորածը դադարեց։