2 Օրենք 21:1-23
21 «Եթե այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ նրան տիրելու համար, դաշտում մի սպանված գտնվի և չիմացվի, թե ով է սպանել նրան+,
2 ապա քո երեցներն ու դատավորները+ պետք է դուրս գան և չափեն այն տարածությունը, որն ընկած է սպանվածի ու նրան շրջապատող քաղաքների միջև,
3 որպեսզի պարզեն, թե որն է սպանվածին ամենամոտ քաղաքը։ Այդ քաղաքի երեցները նախրից պետք է վերցնեն մի մատղաշ կով, որին չեն աշխատեցրել ու չեն լծել։
4 Դրանից հետո քաղաքի երեցները կովին պետք է տանեն գետահովիտ, որտեղ ջուր է հոսում և որտեղ սովորաբար չեն հերկում ու սերմ չեն ցանում։ Այնտեղ՝ գետահովտում, նրանք պետք է կոտրեն կովի վիզը+։
5 Այդ ժամանակ պետք է մոտենան քահանաները՝ Ղևիի որդիները, որովհետև քո Աստված Եհովան նրանց է ընտրել, որ ծառայեն իրեն+, Եհովայի անունով օրհնեն+, և նրանց բերանով լուծվի ցանկացած վեճ որևէ բռնարարքի վերաբերյալ+։
6 Հետո սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի բոլոր երեցները պետք է լվանան իրենց ձեռքերը+ կովի վրա, որի վիզը գետահովտում կոտրել էին,
7 և ասեն. «Մեր ձեռքերը չեն թափել այս արյունը, և մեր աչքերը չեն տեսել, թե ինչպես է այն թափվել+։
8 Ո՛վ Եհովա, այդ բանի համար հաշիվ մի՛ պահանջիր քո Իսրայել ժողովրդից, ում փրկագնեցիր+, և քո Իսրայել ժողովրդին մի՛ մեղադրիր անմեղ արյուն+ թափելու մեջ»։ Եվ արյուն թափելու մեղքի համար նրանցից հաշիվ չի պահանջվի։
9 Այդպես քո միջից կմաքրես անմեղ արյուն թափելու հանցանքը+, քանի որ այդպիսով կանես այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքին+։
10 Եթե քո թշնամիների դեմ պատերազմի գնաս, ու քո Աստված Եհովան նրանց քո ձեռքը տա+, նրանց գերի տանես+
11 և գերիների մեջ գեղեցիկ կազմվածքով կին տեսնես, նա քեզ դուր գա+ և նրան կնության առնես,
12 ապա նրան քո տուն բեր։ Իր գլուխը նա պետք է խուզի+, եղունգները խնամի,
13 իր վրայից պետք է հանի գերության թիկնոցը, ապրի քո տանը ու մի ամբողջ լուսնային ամիս լաց լինի+ իր հոր և մոր համար։ Դրանից հետո պառկիր նրա հետ, ամուսնացիր նրա հետ, և թող նա քո կինը դառնա։
14 Սակայն եթե հետո չհավանես նրան, արձակիր նրան+ ուր որ նրա հոգին ցանկանա, բայց ոչ մի դեպքում փողով չվաճառես նրան։ Նրա հետ դաժանորեն չվարվես+, քանի որ ստորացրել ես նրան։
15 Եթե մի մարդ երկու կին ունենա, մեկը՝ սիրելի, մյուսը՝ ատելի, և նրանք, այսինքն՝ սիրելի ու ատելի կանայք, որդիներ ծնեն նրա համար, ու առաջնեկը ատելի կնոջից լինի+,
16 ապա այն օրը, երբ իր ունեցվածքը իր որդիներին տա իբրև ժառանգություն, նա չի կարող առաջնեկությունը տալ սիրելի կնոջ որդուն՝ արհամարհելով ատելի կնոջ որդուն՝ առաջնեկին+։
17 Նա պետք է առաջնեկ ճանաչի ատելի կնոջ որդուն ու իր ամբողջ ունեցվածքից կրկնակի բաժին հատկացնի նրան+, քանի որ նա իր առնականության զորության սկիզբն է+։ Առաջնեկության իրավունքը նրան է պատկանում+։
18 Եթե մի մարդ կամակոր ու ապստամբ որդի ունենա+, որը ո՛չ իր հոր ձայնին է լսում, ո՛չ էլ մոր+, և որին նրանք ուղղում են, բայց նա չի լսում նրանց+,
19 ապա նրա հայրն ու մայրը պետք է վերցնեն նրան ու դուրս հանեն քաղաքի երեցների մոտ՝ այն վայրի դարպասների մոտ, որտեղ նա ապրում է+,
20 և քաղաքի երեցներին ասեն. «Մեր այս որդին կամակոր ու ապստամբ է։ Նա չի լսում մեր ձայնին+, որկրամոլ է+ ու հարբեցող»+։
21 Այդ ժամանակ քաղաքի բոլոր մարդիկ պետք է քարկոծեն նրան, ու նա պետք է մեռնի։ Այդպես հեռացրու չարիքը քո միջից, և ամբողջ Իսրայելը կլսի ու կվախենա+։
22 Եթե մի մարդ մահվան արժանի մեղք գործի ու մահվան մատնվի+, և նրան ցցից* կախես+,
23 ապա նրա դիակը ամբողջ գիշեր չպետք է մնա ցցի վրա+։ Անպայման նույն օրը թաղիր նրան, քանի որ ցցից կախվածը անիծված է Աստծու կողմից+։ Չպղծես քո երկիրը, որը քո Աստված Եհովան քեզ որպես ժառանգություն է տվել»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «ծառից» կամ «փայտից»։