2 Օրենք 25:1-19
25 «Եթե մարդկանց մեջ վեճ ծագի+, ու նրանք ներկայանան դատվելու+, ապա դատ պետք է լինի, և արդարը թող արդար հայտարարվի, իսկ ամբարիշտը՝ ամբարիշտ+։
2 Եթե ամբարիշտը ծեծի է արժանի+, ապա դատավորը պետք է հրամայի, որ նրան պառկեցնեն իր առաջ, և ըստ նրա չար արարքի՝ համապատասխան թվով հարվածներ+ տա։
3 Նա կարող է տալ քառասուն հարված։ Ավել հարվածներ չպետք է տա, որ չլինի թե չափից ավել հարվածներ տա+, ու եղբայրդ քո աչքի առաջ անարգվի։
4 Կալ անող եզան դունչը մի՛ կապիր+։
5 Եթե եղբայրները միասին ապրեն, ու նրանցից մեկը մահանա առանց որդի ունենալու, ապա մահացածի կինը չպետք է օտարի կինը դառնա։ Նրա տեգրը պետք է գնա նրա մոտ, ամուսնանա նրա հետ և կատարի տեգրի պարտավորությունը+։
6 Անդրանիկը, որին կինը կծնի, պետք է կրի նրա մահացած եղբոր անունը+, որպեսզի նրա անունը չջնջվի Իսրայելի միջից+։
7 Բայց եթե այդ մարդը չուզենա իր եղբոր այրուն կնության առնել, ապա իր եղբոր այրին պետք է գնա քաղաքի դարպասի մոտ՝ երեցների մոտ+, ու ասի. «Ամուսնուս եղբայրը հրաժարվում է Իսրայելի մեջ իր եղբոր անունը պահպանելուց։ Նա չի համաձայնվում ամուսնանալ ինձ հետ ու կատարել տեգրի պարտավորությունը»։
8 Քաղաքի երեցները կկանչեն նրան ու կխոսեն նրա հետ, իսկ նա կկանգնի և կասի. «Ես չեմ ուզում նրան կնության առնել»+։
9 Այդ ժամանակ նրա եղբոր այրին երեցների աչքի առաջ կմոտենա նրան, նրա ոտքից կհանի սանդալը+, կթքի նրա երեսին+ ու կասի. «Այսպես պետք է արվի այն մարդուն, որը չի ուզում իր եղբորը սերունդ տալ»+։
10 Իսրայելում նրան կկոչեն «Սանդալը հանած մարդու տուն»։
11 Եթե երկու տղամարդ կռվեն իրար հետ և մեկի կինը մոտենա, որ իր ամուսնուն ազատի ծեծողի ձեռքից ու ձեռքը մեկնելով՝ բռնի վերջինիս սեռական օրգաններից+,
12 ապա նրա ձեռքը պետք է կտրես։ Թող քո աչքը չխղճա նրան+։
13 Պայուսակիդ մեջ երկու տեսակ՝ մեծ ու փոքր կշռաքար չունենաս+։
14 Տանդ մեջ երկու տեսակ՝ մեծ ու փոքր արդու չունենաս+։
15 Թող քո կշռաքարը միշտ ճշգրիտ ու արդար լինի։ Թող քո արդուն միշտ ճշգրիտ ու արդար լինի, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ+,
16 քանի որ բոլոր նրանք, ովքեր անում են այս բաները, այսինքն՝ անարդարություն են գործում, գարշելի են քո Աստված Եհովայի համար+։
17 Հիշիր, թե ինչ արեց քեզ Ամաղեկը, երբ դուրս էիր գալիս Եգիպտոսից+,
18 թե ինչպես նա դիմավորեց քեզ ճանապարհին, և երբ ուժասպառ ու հոգնած էիր, թիկունքից հարվածեց հետ ընկածներին. նա չվախեցավ Աստծուց+։
19 Երբ քո Աստված Եհովան հանգստություն տա քեզ շրջապատող բոլոր թշնամիներից այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ իբրև ժառանգություն, որպեսզի տիրես նրան+, երկնքի տակից վերացրու Ամաղեկի մասին հիշատակումը+։ Չմոռանաս դա անել»։