2 Օրենք 26:1-19
26 «Երբ մտնես այն երկիրը, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, տիրես նրան ու բնակվես նրանում+,
2 վերցրու առաջին պտուղների+ մի մասն այն ամբողջ բերքի, որը կհավաքես այն երկրում, որը քո Աստված Եհովան քեզ է տալիս, և դիր զամբյուղի մեջ ու գնա այն վայրը, որը քո Աստված Եհովան կընտրի իր անունն այնտեղ լինելու համար+։
3 Գնա քահանայի մոտ+, որն այդ օրերին քահանայություն անելիս կլինի, և ասա նրան. «Այսօր քո Աստված Եհովային ես հայտնում եմ, որ եկել եմ այն երկիրը, որը Եհովան խոստացել է մեր նախահայրերին, որ մեզ տա»+։
4 Քահանան զամբյուղը ձեռքիցդ կվերցնի ու կդնի քո Աստված Եհովայի զոհասեղանի առաջ։
5 Եվ դու կասես քո Աստված Եհովայի առաջ. «Իմ հայրը ասորի էր+, որի կյանքը վտանգի տակ էր։ Նա գնաց Եգիպտոս+ ու բնակվեց որպես պանդուխտ, և նրա հետ շատ քիչ մարդիկ կային+։ Այնտեղ նա մեծ ազգ դարձավ՝ հզոր ու մեծաքանակ+։
6 Եգիպտացիները մեզ վատ էին վերաբերվում, հարստահարում էին ու ստիպում տաժանակիր ստրկական աշխատանք կատարել+։
7 Ուստի սկսեցինք օգնության կանչել մեր նախահայրերի Աստված Եհովային+, ու Եհովան լսեց մեր ձայնը+, տեսավ, որ մենք հարստահարված ենք, նեղության մեջ ենք ու կեղեքված+։
8 Ի վերջո, Եհովան զորավոր ձեռքով+, մեկնած բազկով+, մեծ սարսափ տարածելով+, նշաններով և հրաշքներով+ հանեց մեզ Եգիպտոսից։
9 Հետո բերեց մեզ այս վայրը և այս երկիրը մեզ տվեց. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում+։
10 Հիմա ես բերել եմ երկրի բերքի առաջին պտուղները, այն երկրի, որը Եհովան տվել է ինձ»+։
Զամբյուղը դիր քո Աստված Եհովայի առաջ ու խոնարհվիր քո Աստված Եհովայի առաջ+։
11 Այն բոլոր բարիքների համար, որոնք քո Աստված Եհովան տվել է քեզ ու քո տնեցիներին, ուրախացիր+ ինչպես դու, այնպես էլ ղևտացին և պանդուխտը, որն ապրում է քեզ մոտ+։
12 Երբ երրորդ տարում+՝ տասանորդը վճարելու տարում, ավարտես բերքիդ տասներորդ մասը հավաքելը+, այն տուր ղևտացուն, պանդուխտին, որբին* և այրուն։ Թող քո քաղաքում նրանք ուտեն ու կշտանան+։
13 Քո Աստված Եհովայի առաջ ասա. «Սուրբ բանը ես հանել եմ տնից ու տվել եմ ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն+՝ այն բոլոր պատվիրանների համաձայն, որոնք պատվիրել ես ինձ անել։ Ես չեմ ոտնահարել քո պատվիրանները ու չեմ մոռացել դրանք+։
14 Սգալիս չեմ կերել դրանից, անմաքուր եղած ժամանակ այն չեմ գործածել և մահացածի համար դրանից չեմ տվել։ Ես լսել եմ իմ Աստված Եհովայի ձայնին, արել եմ այն ամենն, ինչ պատվիրել ես ինձ։
15 Նայիր քո սուրբ բնակավայրից+՝ երկնքից, և օրհնիր քո Իսրայել ժողովրդին+ ու այն երկիրը, որը տվել ես մեզ, ինչպես որ երդվել ես մեր նախահայրերին+. մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում»+։
16 Այսօր քո Աստված Եհովան պատվիրում է քեզ կատարել այս կանոններն ու դատավճիռները+. քո ամբողջ սրտով+ ու քո ամբողջ հոգով+ պահիր և կատարիր դրանք։
17 Դու մղեցիր Եհովային այսօր ասելու, որ եթե քայլես նրա ճանապարհներով, պահես նրա կանոնները+, պատվիրաններն+ ու դատավճիռները+ և լսես նրա ձայնին, ապա նա քո Աստվածը կլինի+։
18 Իսկ Եհովան մղեց քեզ այսօր ասելու, որ դու կլինես իր ժողովուրդը՝ իր հատուկ սեփականությունը+, ինչպես որ նա խոստացել է քեզ+, որ կպահես նրա բոլոր պատվիրանները,
19 և որ նա իր ստեղծած բոլոր ազգերից քեզ վեր կբարձրացնի+, և դու գովք, փառք ու գեղեցկություն կդառնաս նրա համար, քանի որ սուրբ ժողովուրդ կլինես քո Աստված Եհովայի համար+, ինչպես որ նա խոստացել է»։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «անհայր տղային»։