12 «Գեհեն»՝ լիակատար ոչնչացման խորհրդանիշ
եբր.՝ גי הנם (գեհ հիննոմ, «Հիննոմի հովիտ»),
հուն.՝ γέεννα (գեեննա), լատ.՝ ge·henʹna (գեհեննա)
«Գեհեն» նշանակում է «Հիննոմի հովիտ», քանի որ այդ բառը եբրայերեն գեհ հիննոմ բառակապակցության հունարեն տարբերակն է։ Հս 18։16-ում, որտեղ այս բառը հանդիպում է «Հիննոմի հովիտ» ձևով, LXX-ում գրված է գեհեննա։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում այս բառը հանդիպում է 12 անգամ, առաջինը՝ Մթ 5։22-ում։ «Նոր աշխարհ թարգմանության» մեջ բոլոր համարներում, որտեղ հանդիպում է այս բառը, այն թարգմանվում է գեհեն. այդ համարներն են՝ Մթ 5։22, 29, 30; 10։28; 18։9; 23։15, 33; Մկ 9։43, 45, 47; Ղկ 12։5; Հկ 3։6։
Հիննոմի հովիտը գտնվում էր հին Երուսաղեմի արևմտյան ու հարավային հատվածում (Հս 15։8; 18։16; Եր 19։2, 6)։ Հուդայի վերջին թագավորների իշխանության օրոք այդ վայրը օգտագործվում էր հեթանոսական աստված Մողոքին երկըրպագելու համար։ Այդ աստծու համար զոհաբերում էին մարդկանց՝ նրանց կրակի մեջ այրելով (2Տգ 28։3; 33։6; Եր 7։31, 32; 32։35)։ Որպեսզի այն այլևս չօգտագործվեր կրոնական այդ նպատակներով, հավատարիմ Հովսիա թագավորը պղծեց այդ հովիտը և հատկապես այն մասը, որը կոչվում էր Տոֆեթ (2Թգ 23։10)։
Հրեա մեկնաբան Դեյվիդ Կիմհին (David Kimhi, 1160-1235թթ.?) Սղ 27։13-ի վերաբերյալ իր մեկնաբանության մեջ գեհիննոմ բառի մասին հետևյալ պատմական տեղեկությունն է հաղորդում. «Եվ դա մի վայր է, որը գտնվում է Երուսաղեմին կից, դա մի նողկալի վայր է, և նրանք այնտեղ են նետում անմաքուր բաներն ու դիակները։ Բացի այդ, այնտեղ միշտ կրակ է վառվում անմաքուր բաներն ու դիակների ոսկորները այրելու համար։ Հետևաբար, ամբարիշտների դատաստանը այլաբանորեն կոչվում է գեհիննոմ»։
Հիննոմի հովիտը դարձավ աղբանոց, որտեղ այրում էին Երուսաղեմի աղբը։ Այնտեղ էին նետում սատկած կենդանիների դիերը, որպեսզի դրանք ոչնչանային կրակի մեջ, իսկ կրակը պահպանելու համար շարունակ ծծումբ էին ավելացնում։
Այնտեղ էին նետում նաև մահապատժի ենթարկված հանցագործների մարմինները, քանի որ նրանք արժանի չէին համարվում պատշաճ ձևով թաղվելու։ Եթե այդ մարմիններն ընկնում էին կրակի մեջ, ապա ոչնչանում էին, բայց եթե ընկնում էին խոր կիրճերի եզրին, նեխող դիակները լցվում էին որդերով, որոնք չէին սատկում, մինչև որ չխժռեին դիակների միսը՝ միայն կմախքը թողնելով։Ոչ մի կենդանի արարածի՝ լիներ դա մարդ թե կենդանի, չէին նետում գեհենի մեջ՝ կենդանի վիճակում այրելու կամ չարչարելու համար։ Հետևաբար, գեհենը չի կարող խորհրդանշել մի անտեսանելի վայր, որտեղ մարդկանց հոգիները հավիտյան տառապում են բառացի կրակի մեջ կամ հավիտյան չարչարվում են չսատկող որդերի կողմից։ Քանի որ այնտեղ նետում էին այն հանցագործներին, որոնց արժանի չէին համարում պատշաճ ձևով գերեզմանում (որտեղից հարություն ստանալու հույս կա) թաղելու, ուստի Հիսուսը և նրա աշակերտները գործածեցին գեհեն բառը՝ խորհըրդանշելու համար հավիտենական կործանումը, ողջ տիեզերքից բնաջնջումը, կամ՝ «երկրորդ մահը», այսինքն՝ հավերժական պատիժը։
Փաստորեն, մահացած անհատի մարմինը գեհենի մեջ նետելը ամենավատ պատիժն էր համարվում։ Հետևաբար, «կրակով ու ծծմբով այրվող լիճ» խորհրդանշական արտահայտությունը առաջացել է գեհեն կոչվող վայրից (Հտն 19։20; 20։10, 14, 15; 21։8)։