13 «Տարտարոս»
«տարտարոսը գցեց» (2Պտ 2։4)
հուն.՝ տարտարոսաս, լատ.՝ դետրակտոս ին տարտարում,
ասոր.՝ ʽագեն ʽէնուն բեԹաքթայաթա
«Տարտարոս» բառը հանդիպում է միայն 2Պտ 2։4-ում։ Այն հունարեն տարտարոո բայի մասն է կազմում, և այդ բայը թարգմանվել է որպես արտահայտություն՝ «տարտարոսը գցեց»։
Հոմերոսի «Իլիական»-ում տարտարոսը ստորգետնյա բանտ է, որն այնքան ցածր է հադեսից, որքան երկիրը՝ երկնքից։ Այնտեղ բանտարկված էին ոչ թե մարդկային հոգիները, այլ ցածր աստիճան ունեցող աստվածները՝ ոգիները, օրինակ՝ Կռոնոսը և ուրիշ տիտաններ, որոնք ապստամբել էին Զևսի (Յուպիտեր) դեմ։ Այդ բանտը ստեղծել էին դիցաբանական աստվածները այն ոգիների համար, որոնց վռնդել էին երկնային ոլորտից։ Այդ վայրը գտնվում էր հադեսից ներքև, որտեղ ոմանց կարծիքով մահվանից հետո պահվում էին մարդկանց հոգիները։ Դիցաբանության մեջ տարտարոսը համարվում էր ամենաստորին վայրը, որտեղ խավար էր տիրում։
Այն ընդգրկում էր ողջ ստորգետնյա աշխարհը, ինչպես որ երկինքն է ընդգրկում այն ամենը, ինչ երկրից բարձր է։ Այսպիսով՝ հունական դիցաբանության մեջ տարտարոսը հայտնի էր որպես մի վայր, որտեղ բանտարկվում էին ոչ թե մարդկանց հոգիները, այլ տիտանները։ Այն խավարի նվաստացման վայր էր։LXX-ում Հոբ 40։20-ում բեհեմոթի (կամ՝ գետաձի) մասին ասվում է. «Եվ երբ նա բարձրացավ զառիվեր լեռը, ուրախություն պատճառեց անդունդում [ἐν τῷ ταρτάρῳ («տարտարոսում»)] գտնվող չորքոտանի արարածներին»։ Հոբ 41։31, 32-ում (41։23, 24, LXX) լևիաթանի մասին կարդում ենք. «Նա ստիպում է անդունդին եռալ պղնձե կաթսայի պես, նա ծովին վերաբերվում է ինչպես քսուք պատրաստելու կաթսայի և անդունդի ամենացածր մասին [τὸν δὲ τάρταρον τῆς ἀβύσσου (անդունդի «տարտարոսին»)]՝ ինչպես գերիի. նա անդունդը իր բնակավայրն է համարում»։ LXX-ում այս համարներում տարտարոս բառի գործածությունը ցույց է տալիս ցածր վայր՝ անդունդի «ամենացածր վայրը»։
Ըստ Աստվածաշնչի՝ տարտարոսում չեն բանտարկվում մարդկանց հոգիները, այլ բանտարկվում են միայն ոգեղեն արարածները, այսինքն՝ «մեղք գործած հրեշտակները»։ Այն, որ նրանք տարտարոսն են գցվում, նշանակում է, որ նրանք շատ նվաստացած վիճակում են մնալու, մինչ կենդանի են։ Դա նրանց պատիժն է, քանի որ ապստամբել են Բարձրյալ Աստծու դեմ։ Պետրոս առաքյալը խավարը կապում է նրանց նվաստացած վիճակի հետ՝ ասելով, որ Աստված պահեց «նրանց թանձր խավարի խորքերում՝ դատաստանի համար» (2Պտ 2։4)։
Կռոնոսի և ապստամբ տիտան աստվածների մասին իրենց դիցաբանության մեջ հեթանոսները աղավաղված տեսակետ են ներկայացրել ապստամբ ոգիների նվաստացման մասին։ Ի տարբերություն նրանց՝ Պետրոսը, օգտագործելով տարտարոո (տարտարոսը գցեց) բայը, նկատի չի ունեցել, որ «մեղք գործած հրեշտակները» գցվել են դիցաբանական տարտարոսի մեջ։ Նա նկատի է ունեցել այն, որ Ամենակարող Աստվածը զրկել է նրանց իրենց երկնային դիրքից ու առանձնաշնորհումներից և գցել է մտավոր թանձր խավարի մեջ, այսինքն՝ նրանք չեն կարող տեսնել Աստծու հոգևոր լույսը և չեն կարող հասկանալ նրա նպատակները։ Աստվածաշնչի համաձայն՝ նրանք հավիտյան բնաջնջվելու են իրենց առաջնորդի՝ Բանսարկու Սատանայի հետ միասին։ Ուստի տարտարոսը այդ ապստամբ հրեշտակների ծայրաստիճան նվաստացած վիճակն է։
Աստվածաշնչում հիշատակվող տարտարոսը և հադեսը (որը մահացածների ընդհանուր գերեզմանն է) տարբեր բաներ են։ Մեղավոր հրեշտակները և մահացածների հոգիները միասին չեն գտնվում տարտարոսում՝ այն վայրում, որտեղ իբրև թե հավիտյան տանջվում են գիտակցություն ունեցող արարածները։ Երբ Գերագույն Դատավորը ոչնչացնի նվաստացած վիճակում գտնվող ապստամբ հրեշտակներին, տարտարոսը կվերանա։