Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ելք 20:12. «Պատվիր քո հորն ու մորը»

Ելք 20:12. «Պատվիր քո հորն ու մորը»

 «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի քո օրերը երկար լինեն այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ» (Ելք 20։12, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ» (Ելք 20։12, «Արարատ» թարգմանություն)։

Ելք 20:12-ի նշանակությունը

 Աստված պատվիրել էր հնում ապրած իսրայելացիներին պատվել իրենց ծնողներին։ Այնուհետև, խոստում տալով, նա հավելյալ պատճառ նշեց, թե ինչու է պետք հնազանդվել այդ պատվերին։ Թեև իսրայելացիներին տրված օրենքը, որը կոչվում է Մովսիսական օրենք, այլևս ուժի մեջ չէ, սակայն դրանում ընդգրկված սկզբունքները չեն փոխվել։ Մովսիսական օրենքի հիմքում ընկած սկզբունքները մինչ օրս կիրառելի են և կարևոր քրիստոնյաների համար (Կողոսացիներ 3։20

 Երեխաները անկախ տարիքից կպատվեն իրենց ծնողներին, եթե հարգեն ու հնազանդվեն նրանց (Ղևտական 19։3; Առակներ 1։8)։ Նույնիսկ մեծանալուց հետո, երբ երեխաներն իրենց ընտանիքն են ունենում, պետք է շարունակեն սիրել ու աջակցել իրենց ծնողներին։ Օրինակ՝ նրանք պետք է հոգ տանեն, որ իրենց տարեց ծնողները առանց խնամքի չմնան և անհրաժեշտության դեպքում ֆինանսապես օգնեն նրանց (Մատթեոս 15։4–6; 1 Տիմոթեոս 5։4, 8

 Հատկանշական է, որ իսրայելացի երեխաները պետք է պատվեին և՛ իրենց հորը, և՛ իրենց մորը՝ այդպիսով ընդունելով մոր կարևոր դերը ընտանիքում (Առակներ 6։20; 19։26)։ Երեխաները այսօր էլ պետք է այդպես վարվեն։

 Սակայն ծնողին պատվելու օրենքը գործում էր որոշ բացառություններով։ Իսրայելացի երեխաները չպետք է հնազանդվեին իրենց ծնողներին կամ որևիցե մեկին, եթե դա անելով չէին հնազանդվելու Աստծուն (2 Օրենք 13։6–8)։ Այսօր նույնպես քրիստոնյաները «առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվեն և ոչ թե մարդկանց» (Գործեր 5։29

 Իսրայելացիներին այդ Օրենքը տալով՝ Եհովան խոստացավ, որ այն երեխաները, ովքեր կպատվեն իրենց ծնողներին, կապրեն երկար և լավ կյանք կունենան Աստծու խոստացած երկրում (2 Օրենք 5։16)։ Նրանց վրա չէր հասնի այն պատիժը, որը կրում էին այն մարդիկ, ովքեր անտեսում էին Աստծու օրենքը և ապստամբում իրենց ծնողների դեմ (2 Օրենք 21։18–21)։ Ժամանակը չի փոխել այդ օրենքների հիմքում ընկած սկզբունքները (Եփեսացիներ 6։1–3)։ Լինենք երիտասարդ թե տարեց, մենք հաշվետու ենք մեր Արարչին։ Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ Աստված իրեն, ինչպես նաև իրենց ծնողներին հնազանդվող երեխաներին երկար կյանք կպարգևի։ Ավելին՝ նրանք հավիտյան ապրելու հույս կունենան (1 Տիմոթեոս 4։8; 6։18, 19

Ելք 20։12-ի համատեքստը

 Ելք 20։12-ում արձանագրված այս պատվերից, որը նաև տասը պատվիրաններից մեկն է, շատ բան կարող ենք սովորել (Ելք 20։1–17)։ Դրան նախորդող պատվիրանները վերաբերում էին իսրայելացիների՝ Աստծու առաջ ունեցած իրենց պարտականություններին, ինչպես օրինակ, միմիայն նրան երկրպագելու պատվերը։ Հաջորդ պատվիրանները վերաբերում էին մարդկանց առաջ նրանց ունեցած պարտականություններին, օրինակ, կողակցին հավատարիմ մնալու և չգողանալու մասին օրենքները։ «Պատվիր քո հորն ու մորը» պատվիրանը պարտականությունների այս երկու խմբերը միավորող օղակ էր։

Կարդա Ելք 20-րդ գլուխը՝ ուշադրություն դարձնելով ծանոթագրություններին և զուգահեռ հղումներին։